Գլխավոր էջ Նորություններ Զոհերի թիվն աճում է․ այս աղետը, արհավիրքը կանգնեցնել է պետք՝ շատ արագ...

Զոհերի թիվն աճում է․ այս աղետը, արհավիրքը կանգնեցնել է պետք՝ շատ արագ խստացումների՛ գնալ․ Արմեն Մուրադյան

411
0

Factor TV-ի հարցազրույցը Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ -Պարո՛ն Մուրադյան, պատերազմում պաշտոնապես մենք ունեցել ենք 4000 զոհ, կորոնավիրուսով վարակված գրեթե 8000 քաղաքացի է մահացել, որից 1269 վարակակիր մահացել է այլ պատճառներով, բուն կորոնավիրուսի պատճառով՝ 6151։ Այսինքն՝ պատերազմից կրկնակի շատ զոհ ունենք կորոնավիրուսից։ Ինչո՞ւ ենք հասել այս վիճակագրությանը։ -COVID-19-ը ևս պատերազմ է և, պատկերավոր ասած, «սպիտակ բանակ» կոչվածն այսօր էլ դեռևս պատերազմը չի ավարտել։ Երկրորդ՝ այդ պատերազմը կարող է վերածվել աղետի՝ հաշվի առնելով, որ թվաքանակը ոչ թե նվազող է, այլ հեռանկարում ավելացող է։ Արդյո՞ք հնարավոր է պատերազմի ժամանակ որևէ կարծիքների ձևավորում, որոնք ոչ միայն մասնագիտական չեն, այլ նաև նպաստում են պարտությանը։ Արդյո՞ք դա հնարավոր է․ խոսքը վերաբերվում է COVID-19-ի դեմ մղված պայքարին բժշկական համայնքում գտնվող և բժշկական համայնքից դուրս գտնվող մարդկանց, որոնք փորձում են ավելի շատ տպավորություն թողնել, քան ազդեցություն գործել, իսկ եթե ազդեցություն, ապա միայն բացասական իմաստով, որը շատ ավելի հեշտ է անել այս պահին։ Խոսքս ուղղեմ բժշկական բնագավառի մարդկանց, երբ բժշկական հաստատությունում վիրահատություն են իրականացնում և կարծիքների փոխանակում է սկսվում, դա կարող է լինել այն ուղղությամբ, որ ձևավորում է պատասխանատուն։ Երբ տարաբնույթ այլ քննարկումներ են գնում, շատ կարճ բառապաշարով վիրաբույժը դուրս է հրավիրում վիրահատարանից։ Այդ պահին նա է պատասխանատուն կյանքի և առողջության համար, և կարծիքների փոխանակումն անթույլատրելի է։ Ես գտնում եմ, որ այս հատվածում ունենք խնդիր, որը կոչվում է ամենաթողություն, որը մենք խառնում ենք խոսքի ազատության հետ։ Ազատությունը կրթական ցենզի բարձրագույն դրսևորումներից է, առաջին հերթին պետք է կրթել, հետո նոր ազատություն տալ, նաև՝ խոսքի ազատություն։ -Չնայած այս զարհուրելի վիճակագրությանը՝ ինչո՞ւ դեռ մարդիկ լուրջ չեն վերաբերվում այս հիվանդությանը։ -Լուրջ ու անլուրջի հարցը չի, ինչքան համոզված եմ՝ մի ուղղվածություն է պահանջվում․ ես առաջարկում եմ դադարեցնել բոլոր քննարկումներն այս հարցի վերաբերյալ, այս քննարկումների արդյունքը մահերն են։ Եվ կարող են մեղադրել, որ ես խոսքի ազատությանն եմ սպառնում, բացարձա՛կ, ես մեծագույն հարգանքով եմ վերաբերվում բոլոր իրավունքներին, բայց որպես բժիշկ, քաղաքացի և հայ մարդ՝ հասկանում եմ, թե ինչ արհավիրքի մեջ է գտնվում իմ ժողովուրդը, և ես գտնում եմ՝ այս աղետը պետք է կանգնեցնել՝ այդ քննարկումները դադարեցնելով։ -Պետությունն այստեղ ի՞նչ անելիք ունի։ -Այստեղ, իմ կարծիքով, պետք է արագ հանրային վայրեր մուտքերն ապահովել միայն QR կոդերով, և այս հարցում մենք պետք է անհապաղ գործենք։ Կարծում եմ, որ տրանսպորտն է շատ մտահոգիչ, պետք է գտնել հնարավորություն։ Վերջերս Սանկտ Պետերբուրգում էի, որտեղ քննարկվում էր COVID-19-ը մեգալոպիսում, թե ոնց են աշխարհի խոշոր երկրներն ապակենտրոնացնում տրանսպորտային հնարավոր ժամերը և ուղիները, որպեսզի մարդկանց ուրբանիզացիայի արդյունքում կարգավորեն։ -Բավարար է առավոտյան կամ երեկոյան օգտվել մետրոյից և տեսնել, թե մարդիկ ինչ քանակով են վագոններում գտնվում՝ առանց դիմակների, ոստիկանները ոչ բավարար են հսկում։ -Ես կարծում եմ, որ այստեղ կարելի է ամեն ինչ գրել, կազմակերպել, ֆինանսավորել, ամենահարուստ երկրներն անգամ այդ բոլոր գումարները կծախսեն, բայց եթե չանեն մեկ քայլ, որը կոչվում է խղճի հանգստություն․․․ երբ դու գիտես, որ ջերմություն ունես, երբ գիտես, որ չես ուզում թեստ հանձնել, որովհետև դու ունես միջոցառում, քննություն, գործարք, որը չես ուզում հետաձգել, ջերմիջեցնող ես խմում և գնում, երբ ղեկավարդ ասում է՝ չգնաս թեստ հանձնես, որովհետև եթե 10 տոկոսը լրացավ հիվանդների, մեզ կարող է հեռավարի անցկացնեն, երբ թուղթ են ծախում բուժհաստատությունում, սա խղճի և կրիմինալի միքսն է, որը հարիր չէ մեր ժողովրդին։ Մենք այդքան զոհեր տալով, այնուամենայնիվ, պետք է կարողանանք մեզ հաշվետու լինել՝ օրհասական վիճակում մենք կարո՞ղ ենք կանգնել նման աղետների առջև, թե՞ մենք պետք է մտնենք այդ աղետների մեջ և մեզ կտանի, ցաքուցրիվ կանի, որտեղ, որ ափին կշպրտի՝ այդտեղ էլ կշարունակենք գոյատևել։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ