Գլխավոր էջ Գլխավոր Նախագահականի լրատվականի «արդարացումն» արդյո՞ք տրամաբանական է․ ու՞ր մնաց կորոնավիրուսը

Նախագահականի լրատվականի «արդարացումն» արդյո՞ք տրամաբանական է․ ու՞ր մնաց կորոնավիրուսը

1673
0

Հոկտեմբերի 24-ին, Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն: Ըստ իրենց ներկայացրած լուսանկարների և տեսանյութի՝ երևում է, որ մասնակցել են բավականին մեծ թվով պաշտոնյաներ։ Այն, որ փակ տարածություն է և ընդամենը երկու կամ երեք անձ է դիմակով, սա արդեն ներկայացնում է պաշտոնական ընդունելության մասնակիցների «լուրջ» վերաբերմունքը համավարակին և առհասարակ հակահամաճարակային կանոններին։ Անգամ ավելորդ է խոսել միմյանց միջև հեռավորություն պահպանելու մասին։

Առաջին շարքում հենց այն անձն է, ով ՀՀ-ում ղեկավարում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելումը, ով բոլոր հարթակներով կոչ է անում և հորդորում պահպանել հակահամաճարակային կանոնները, քանի որ հիվանդանոցային ֆոնդը սպառվել է, բուժաշխատողները օր ու գիշեր պայքարում են հազարավոր հիվանդների կյանքի համար։ Նա է, ով սահմանել էր փակ տարածքներում դիմակի պարտադիր կրման պահանջը, այլապես՝ տուգանվելու է։ Ավելին, ուսումնական հաստատություններում նորից սպասվում է հեռավար ուսուցում, իսկ աշխատող անձանցից շատ շատերը, որոնք երկընտրանք-պարտադրանքից ընտրել էին թեստավորումը, գումար են ծախսել ՊՇՌ թեստերի համար, որպեսզի կարողանան աշխատանքի ներկայանալ։ Իսկ ի՞նչ է անում հենց ինքը՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը․ փակ տարածքում առանց դիմակի ներկայանում է մեծաքականակ միջոցառման։

Այնպես չէ, որ սա միայն ԱՆ նախարարին է վերաբերում, այնտեղ կան շատ այլ պաշտոնյաներ, նախարարներ, որոնք ևս նույն վարքագիծն են դրսևորել։ Մարդկային կուտակումներ, փակ տարածք, որտեղ դիմակով անձանց կարելի է մատների վրա հաշվել։

Սակայն, քանի որ համավարակի կանխարգելման ղեկը նախարարի ձեռքում է, նրա շուրջ շատ ավելի մեծ քննարկումներ տարածվեցին սոցիալական գրեթե բոլոր կայքերում՝ մատնանշելով նույն անլուրջ մոտեցումը։ Լուսանկարի ակտիվ տարածումից և քննարկումների ու քննադատությունների առիթ դառնալուց հետո, այսօր՝  ArmLur.am-ը դիմել էր նախագահականի լրատվականին:

«Հասկանալով մեր հայրենակիցների տարակուսանքը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պաշտոնական ընդունելության լուսանկարների առնչությամբ և ըմբռնումով մոտենալով նման արձագանքին՝ միաժամանակ, պարտավորված ենք զգում տեղեկացնել, որ միջոցառման բոլոր մասնակիցները, որոնք հիմնականում օտարերկրացիներ էին, ունեցել են ՊՇՌ թեստի բացասական արդյունք, նրանց գերակշռող մասը նաև պատվաստված է եղել կորոնավիրուսի դեմ։ Մասնակիցները դիմակներ կրել են ըստ ցանկության: Համամիտ ենք այն տեսակետին, որ պատվաստումը վիրուսից պաշտպանվելու, համավարակը հաղթահարելու և բնականոն կյանքին վերադառնալու լավագույն ճանապարհն է»,- ի պատասխան նրանց հարցման հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ինչպես նշում են, մարդկանց մի մասը ներկայացրել է թեստավորման բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ, և մեծ մասն էլ պատվաստված է եղել։ Ինչպե՞ս է ստացվում, որ ինչպես նախարար Ավանեսյանը, այնպես էլ մյուս պատգամավորներն ու նախարարները, որոնք իրենց ասած՝ պատվաստված են, հարցազրույցներում, ճեպազրույցներում դիմակով են, և դա արդարացնում նրանով, որ այո՛, պատվաստված անձը ևս վարակվում և նույնությամբ վարակ է տարածում։ Իսկ հիմա՞։ Այդ պատվաստված անձինք իրենց ապահովագրե՞լ են վարակվելուց և հետևաբար, ՊՇՌ թեստի արդյունքը ներկայացրած մյուս մասնակիցներին վարակելուց։

Ստացվում է այնպես, որ միայն հանրության աչքի առա՞ջ է տեղի ունենում կանխարգելման հորդորներն ու դիմակ կրելու կարևորության քարոզը, իսկ երեկոյան լրիվ այլ իրավիճակ է։ Այս ամենը դեռևս բուռն քննարկումների ու քննադատությունների կիզակետում է, իսկ մարդիկ շարունակում են վարակվել, մահվան դեպքերն օր օրի ավելանում է, և ինչպես ԱՆ-ից են հայտնում՝ մահճակալային ֆոնդն ամբողջությամբ սպառված է։

Լուսանկարները՝ president.am-ի

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ