Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս է քաղաքացին այս ֆինանսական բեռի տակից դուրս գալու․նոր խստացումնե՞ր

Ինչպե՞ս է քաղաքացին այս ֆինանսական բեռի տակից դուրս գալու․նոր խստացումնե՞ր

1007
0

Կորոնավիրուսի դեմ պատվաստումները ՀՀ քաղաքացուն պարտադրվում է ամեն կերպ, անգամ փոփոխություններ կարվեն ՀՀ Աշխատանքային օրենսգրքում, ինչ է՝ մարդիկ ու հատկապես գրանցված աշխատողները ստիպված պատվաստվեն ու սպառեն Հայաստան ներկրված պատվաստանյութերը։ Սակայն ՀՀ քաղաքացիների նկատմամբ խտրական մոտեցում է ցուցաբերվում․

Հանրային ծառայության մասին փոփոխված օրենքում նշվում է․

«Սահմանված պարտականությունը տարածվում է նաև քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վրա, բացառությամբ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների»։

Թե ինչպես է կորոնավիրուսը «կարողանալու» շրջանցել պաշտոնյաներին՝ պարզ չէ։

Մի՞թե անարդար չէ, որ շարքային քաղաքացին, ում աշխատավարձը միջինը կազմում է 100 հազար դրամ, իսկ ուսուցիչների պարագայում՝ 60-70 հազար դրամ, պետք է ամիսը երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնեն ու ֆինանսական բեռ կրեն, ինչու՞ են մարդկանց այս աստիճանի «պատին դեմ տալիս»։ Խնդրին անդրադարձել էր նաև նախկին պատգամավոր  Գևորգ Պետրոսյանը, ըստ նրա՝ կառավարությունը մտածում է ոչ թե մարդկանց առողջության, այլ՝ պատվաստանյութերի իրացման մասին:

«Հայաստանը ուզի-չուզի կրում է այն պարտավորությունները, որոնք ստանձնել է եվրոպական քաղաքական, իրավական մշակույթին ինտեգրվելու պարտավորության ուժով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ունի այսպիսի իրավական դիրքորոշում, որը ամրագրել է նաեւ ՀՀ սահմանադրական դատարանը, համաձայն որի, խտրականություն է համարվում իրավունքների եւ ազատությունների այն սահմանափակումը, որը չունի արդարացի եւ ողջամիտ հիմնավորում: Հիմա ես ուզում եմ հասկանալ, ինչպես Հովհաննես Թումանյանն էր ասում, էդ իրանց արյունը կարմի՞ր է մերից: Էդ ոնց, էդ ինչ չափանիշով է որոշվել, որ ԱԺ պատգամավորները, վարչապետը, գլխավոր դատախազը, ինքնավար մարմինների անդամները մեզանից տարբերվում, որ 68 000 ստացող դպրոցի դասատուն պիտի գնա ամիսը երեք անգամ իր հաշվին թեստավորվի, իսկ 500 000 դրամ աշխատավարձ ստացող պատգամավորները չպիտի թեստավորվեն իրենց հաշվին», – նշել է նա:

Ի դեպ, արդեն իսկ խոսակցություններ են պտտվում, որ գրանցված աշխատողների ՊՇՌ թեստավորումը հնարավոր է շաբաթը մեկ անգամ դառնա։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը արդյունավետ է համարում նախարարության՝ 14 օրը մեկ մարդկանց պարտադիր թեստավորվելու պահանջը: Նախարարությունն այժմ ուսումնասիրում է այլ երկրներում թեստավորումների պարբերականությունը և չի բացառում, որ առաջիկայում Հայաստանում պահանջեն թեստավորվել շաբաթը մեկ անգամ: Թե ինչպես է քաղաքացին այս ֆինանսական բեռի տակից դուրս գալու՝ պարզ չէ, բայց որ աշխատանքը կորցնելու վախը մարդկանց ստիպում է գումարները քամուն տալ ու թեստավորվել, պարզից էլ պարզ է, սա ապացուցում է այն փաստը, որ մարդիկ վախենում են պատվաստվելուց, նախընտրելով կորուստ կրել գումարային տեսքով։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ