Գլխավոր էջ Օրվա թեման Գործատուները կարող են չպատվաստված աշխատակիցներին աշխատավարձ չտալ․ տնտեսական բռնություն՝ օրենքի միջոցով

Գործատուները կարող են չպատվաստված աշխատակիցներին աշխատավարձ չտալ․ տնտեսական բռնություն՝ օրենքի միջոցով

1985
0

Իրավապաշտպանները բազմիցս անդրադարձել են այն հակասահմանադրական որոշմանը, որը կյանքի կոչվեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի թեթև ձեռքով։ Հատկապես սոցցանցերում ակտիվ քննարկվում է այն, որ որոշումը հակասահմանադրական է, անօրինական ու ըստ՝ Աշխատանքային օրենսգրքի գործատուն չպատվաստվելու համար պարզապես իրավունք չունի աշխատակցին աշխատանքից ազատելու։ Այնքան խոսվեց սրա մասին, որ կարծես Գործադիրում «գլխի ընկան», որ կարելի է փոփոխություններ կատարել հենց օրենքում և ամեն բան տեղը կընկնի։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ:

Նախագծով առաջարկվում է սահմանել դրույթ, որի համաձայն՝ պետական համակարգի և մասնավոր ոլորտի աշխատողները օրենքով պարտավորվելու են ներկայացնել պատվաստումը կամ թեստավորումը հաստատող հավաստագիր։

Մինչ այս, անընդհատ խոսվում էր նրա մասին, որ գործատուների ուսերին բավականին ծանր բեռ է դրվում և ստացվում է, որ ամբողջ պատասխանատվությունն ընկնում էր նրանց վրա։ Իսկ ահա օրենքի մեջ փոփոխություն կատարելով ամեն հարց լուծվում է ու պատասխանատվությունը կրում է հենց քաղաքացին, ով օրենքի թույլտվությամբ կազատվի աշխատանքից , իսկ գործատուն կգտնի մեկ այլ՝ պատվաստված աշխատակից։

Անհրաժեշտ փաստաթուղթը չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել աշխատանքային պարտականությունները:

Բացի դրանից՝ գործատուն իրավունք կունենա վերոնշյալ հավաստագրերը չներկայացնելու դեպքում աշխատողին չվճարել աշխատավարձ:

Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվող փոփոխություններով՝ գործատուն իրավունք կունենա նաև աշխատանքից ազատել աշխատակցին, եթե նա ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 50 օր իր աշխատանքային պարտականությունները չի կատարել։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ