Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրացի փոխնախարարների մոտ կորոնավիրուսով վարակման կասկածներ կան

Վրացի փոխնախարարների մոտ կորոնավիրուսով վարակման կասկածներ կան

649
0

Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Յուրի Նոզաձեն կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացվել է: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, փոխանցում է Aliq.ge-ն։

Նախարարի խոսքերով՝ Յուրի Նոզաձեի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուս:

«Պարոն Յուրին ձեռնպահ է մնացել հանրային բոլոր հանդիպումներից, ժողովներից և ճեպազրույցներից: Նա գտնվում է ինքնամեկուսացման մեջ, ինչը հաստատում է նրա  քաղաքացիական մեծ պատասխանատվությունը: Անցկացրած թեստերով պարոն Յուրիի մոտ կորոնավիրուս չի հաստատվել»,- հայտարարել է Դավիթաշվիլին:

Երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել նաև էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեն՝ հայտարարելով, որ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, քանի որ Վրաստանում շփում է ունեցել անձի հետ, որի մոտ հաստատվել է կորոնավիրուս:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 10-ի ժամը 09.33-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 114.448 դեպք, որից 4026-ը՝ մահվան, և 64.156-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ