Գլխավոր էջ Նորություններ Մահերից խուսափելու համար պետք է պատվաստվել. պատգամավորները հորդորում են այս հարցում միակամ...

Մահերից խուսափելու համար պետք է պատվաստվել. պատգամավորները հորդորում են այս հարցում միակամ լինել

536
0

Աազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հորդորում են կորոնավիրուսի դեմ պայքարում լինել միասնական, պատվաստվել՝ կանխելու մահվան դեպքերը, հիվանդացության ծանր ընթացքը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներն այս մասին ասացին ԵԽԽՎ պատվիրակության ասուլիսում:

 

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ, օրինակ, Եվրոպական միությունը դիմում է բավականին կոշտ միջոցառումների. չպատվաստված կամ ՊՇՌ թեստ չունեցող անձանց չի թույլատրվում ժամանցի վայրերում գտնվել: «Այն վերաբերմունքը, որն այսօր կորոնավիրուսի նկատմամբ դրսևորում են Եվրոպական միության անդամ պետությունները, շատ ավելի վճռական են, քան այն միջոցառումները, որ կիրառում են ՀՀ-ում կամ հարևան պետություններում»,- նշեց Վարդանյանը:

 

Նա շեշտեց՝ իրավական տեսանկյունից թեստավորումը հավասարազոր այլընտրանք է պատվաստմանը: «Սա նրա համար եմ ասում, որ բոլորն ունեն հավասար իրավունքներ. Մարդն ինքն է որոշում պատվաստվե՞լ, թե՞ ոչ»,- ասաց նա:

 

Ռուբեն Ռուբինյանն էլ հիշեցրեց, որ հոկտեմբերի 12-ի դրությամբ մեկ օրում Հայաստանում մահացել է 43 մարդ: «Այս պահի դրությամբ աշխարհում դեռևս չի ստեղծվել մի բան, որը պատվաստումից ավելի արդյունավետ կլինի: Հանրահայտ փաստ է, որ պատվաստումները 100 տոկոսով չեն պաշտպանում մարդկանց վարակվելուց, բայց ապացուցված փաստ է, որ պատվաստված լինելը էականորեն նվազեցնում է և´ վարակվելու ռիսկը, և´ հիվանդության ծանր ընթացքի ռիսկը»,- ասաց Ռուբինյանն ու լրագրողներին ևս հորդորեց հնարավորինս քիչ առաջին պլան մղել պատվաստումների վերաբերյալ «ֆեյք» մտքեր տարածող մարդկանց:

 

Ըստ նրա՝ նաև մամուլը պետք է որոշակի հանրային պատասխանատվություն ունենա. կարևոր չէ՝ իշխանական, թե ընդդիմադիր, իշխանություն, թե ընդդիմություն, եկեք մեկ գիծ ունենանք: «Ես կուզենայի, որ բոլոր քաղաքական ուժերը միահամուռ ասեին՝ ժողովուրդ ջան, պատվաստվեք, քանի որ դա պետք է»,- հավելեց նա:

 

Ըստ Ռուբինյանի՝ եթե պահանջվող ՊՇՌ թեստերը քաղաքացիների համար լինեն անվճար, դա կբերի նրան, որ մարդիկ ավելի քիչ հակված կլինեն պատվաստվելուն:

 

Սոնա Ղազարյանը նշեց. «Հիմա ընտրություն է ոչ թե պատվաստվելու և չպատվաստվելու, այլ ապրելու և չապրելու միջև: Ես, լինելով բժշկական հանրույթի հետ հաճախ շփվող մարդ, կարող եմ պնդել, որ արդեն 3 օր է ամբողջ մահճակալային ֆոնդը զբաղված է, և մարդիկ հայտնվում են ռեանիմացիայում՝ պատվաստանյութերին բացարձակ դեմ գնալու արդյունքում: Ոչ մի պատվաստված անձ չի հայտնվում ռեանիմացիայում, ՀՀ-ում չկա պատվաստանյութից մահացած անձ»:

 

Ռուբինյանն էլ հավելեց՝ պատվաստանյութեր առավելագույն անվտանգ են: «Մեր հայրենակիցների մահերից խուսափելու համար պետք է պատվաստվել»,- ասաց նա:

 

Պատգամավորը բերեց զարգացած երկրների օրինակը՝ նշելով, որ օրինակ, Դանիայում, Շվեդիայում պատվաստումների տոկոսը 80-ից ավելի է: «Դանիան աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից մեկն է, եթե Դանիայում բարեկեցիկ են, նշանակում է՝ ինչ-որ բաներ ճիշտ են անում, չէ՞»,- ասաց նա:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ