Գլխավոր էջ Նորություններ Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Համաեվրոպական հոգեկան առողջության կոալիցիայի համաժողովին

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Համաեվրոպական հոգեկան առողջության կոալիցիայի համաժողովին

334
0

2021թ. սեպտեմբերի 30-ին Բրյուսելում տրվել է Համաեվրոպական հոգեկան առողջության կոալիցիայի մեկնարկը, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հովանու ներքո կազմակերպված միջոցառմանը մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

Համաժողովին ներկա է գտնվել Բելգիայի Թագավորության Ն. Մ. թագուհի Մաթիլդը, ԱՀԿ անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, դեսպաններ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Առողջապահության նախարարն իր ելույթում ընդգծել է համաժողովի դերը` որպես հոգեկան առողջության ոլորտում ԱՀԿ անդամ-պետությունների փորձն ուսումնասիրելու բացառիկ հնարավորություն` հետագայում Հայաստանում կիրառելու տեսանկյունից: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է հոգեկան առողջությունը խթանելու հայաստանյան փորձը` առանձնացնելով այն խնդիրները, որոնց Հայաստանը բախվել է ոչ միայն COVID-19-ի դեմ պայքարի ընթացքում, այլև պատերազմական իրավիճակում:

 

Նախարարն անդրադարձել է հոգեկան առողջության կարիքների լուծման համար կատարված աշխատանքներին, ինչպես նաև մատնանշել բարելավման անհրաժեշտություն ունեցող որոշ ուղղություններ, մասնավորապես` թվային տեխնոլոգիաների ոլորտը:

 

Միջոցառման երկրորդ հատվածում մասնակիցները կլոր սեղանի շուրջ քննարկել են կոալիցիայի առաջիկա աշխատանքներին առնչվող անելիքները:

Հոգեկան առողջության կոալիցիան ԱՀԿ-ին կաջակցի հոգեկան առողջությանն ուղղված 2021-2025 թվականների գործողությունների շրջանակում եվրոպական ծրագրերի իրականացմանը, որի նպատակն է հասարակության բոլոր մակարդակներում փոխել հոգեկան առողջության ընկալումը` սահմանելով վերջինս որպես առաջնահերթություն առողջապահության ոլորտի ղեկավարների և քաղաքականություն մշակողների շրջանում:

 

Միջոցառման մասնակիցները ընդգծել են, որ համավարակով պայմանավորված ճգնաժամը նպաստել է հոգեկան առողջության կարևորության շուրջ համընդհանուր գիտակցության ձևավորմանը` որպես համընդհանուր ամուր առողջության անհրաժեշտ նախապայման: Միևնույն ժամանակ, համավարակն ավելի սրել է հոգեկան առողջության կառավարման դժվարությունները և ամրապնդել այդ մարտահրավերներին դիմագրավելու համաշխարհային գործողությունների անհրաժեշտությունը:

 

Հանդիպման շրջանակներում Անահիտ Ավանեսյանն առանձնազրույցներ է ունեցել Առողջապահության և սննդի անվտանգության հարցերով ԵՄ հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսի, Ռումինիայի նախագահի առողջապահության գծով խորհրդական Դիանա Պաունի և Հունաստանի առողջության նախարարի տեղակալ Զոի Ռափթիի հետ, քննարկել Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հասանելիության խնդիրներն ու ձեռքբերման հնարավորությունները:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ