Գլխավոր էջ Օրվա թեման Պետպատվերը սպառվել է, իսկ վիրավոր զինվորը դեռ 4 վիրահատության կարիք ունի

Պետպատվերը սպառվել է, իսկ վիրավոր զինվորը դեռ 4 վիրահատության կարիք ունի

2214
0

Պետությունը բյուջեի սահմանափակ լինելու և հիվանդանոցների դիմելության աճի ավելացմամբ պայմանավորված՝ մինչև տարեվերջ գումար չի տրամադրելու հատուկ խմբերում ընդգրկված անձանց վիրահատությունների և հետազոտությունների համար։ Հատուկ խմբերում ընդգրկված են նաև վիրավոր զինծառայողները։ Պետպատվերով բուժսպասարկման դադարեցման արդյունքում, պատերազմի մասնակից Բորիկ Ավետիսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասաց, որ չի կարողանում կատարել անհրաժեշտ մյուս չորս վիրահատությունները.

«Չորս օր կոմայի մեջ եմ եղել։ Բացարձակ հույս չկար ապրելու։ Լսեցի, որ բժիշկն ասում է՝ տեսնես էս տղան կապրի, թե՞ չէ, ու վերջում դուրս եկավ, որ ապրեցի։ Մյուս վիրահատությունը դեմքի շրջանում պետք է լինի՝ աչքս։ Պլաստիկ վիրահատություն է լինելու։ Նորից, երեք անգամ թևս պետք է վիրահատեն։ Ոսկոր չկա, հեռացված է մի շերտը, արմունկս չի բացվում մինչև վերջ, ցավեր կան։ Կոպիտ ասած, իրենցից ա կախված՝ թևս կբացվի թե չէ»։

Նրա խոսքով՝ պատերազմից հետո 15 անգամ վիրահատվել է և դեռ չորս վիրահատության կարիք ունի։ Ցավազրողները գրեթե չեն մեղմացնում ձեռքի շրջանում եղած ցավերը։ Շատ հիվանդանոցներ են եղել, որ վատ վերաբերմունք են ցույց տվել զինվորին, ասելով՝ պետք է մնա տոներից հետո։

Yerevan.today-ի փոխանցմամբ՝ կառավարությունը բուժհաստատություններին 4 մլրդ պարտք ունի, որը սակայն ԱՆ-ն հերքում է։

Կառավարության տրամադրած գումարից, հիմա հիվանդանոցներ կան, որտեղ պետպատվերի համար նախատեսված գումարից մնացել է ընդհամենը 17,000 դրամ։ ԱՆ նախարարը հայտնում է , որ պետության բյուջեն սահմանափակ է, հիվանդանոցների դիմելիությունը ավելացել է, և հիվանդանոցները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի մնան այդ շրջանակային պայմանագրային գումարների մեջ։ Այսինքն, կարելի է ենթադրել, որ նախարարը ոչ թե կողմ է, որ բյուջեից ավելի շատ գումար տրամադրվի հատուկ խմբերում ընդգրկված անձանց բուժսպասարկման համար, այլ հորդորում է, որպեսզի հիվանդանոցները ավելի գրագետ բաշխեն այդ տրամադրված գումարները։

Եթե նրանք գիտակցում են, որ պատերազմի և համավարակի ֆոնին հիվանդանոցների դիմելիությունը անհամեմատ աճելու է, և որ վիրավոր զինվորները ունենալու են բազմաթիվ հետազոտությունների և վիրահատությունների կարիք, ինչու՞ պետությունը չի տրամադրում ավելի շատ գումար հենց նրանց բուժման համար։ Շատ ու շատ ծախսերի և պարգևավճարների ետևում հարյուրավոր վիրավոր զինվորներ մնում են առանց բուժման, որովհետև դժար թե նրանցից շատերն ունենան այդ գումարները, որպեսզի սեփական միջոցներով գնան վիրահատման։ Բայց նաև մյուս կողմից, պետությունը պետք է որոշակի պարտավորություններ ունենա պատերազմում վիրավորված զինծառայողների նկատմամբ։ Եվ ընկալելի չէ, որ հիմա՝ պատերազմից հետո, զինվորները կարող են հայտնվել նման խնդրի առաջ, այն դեպքում, երբ երկրում սպասվում են մասշատաբային միջոցառումներ։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ