Գլխավոր էջ Նորություններ Արմեն Չարչյանի առողջական վիճակը նույնն է, ԱՆ-ից դեռ պատասխան չկա

Արմեն Չարչյանի առողջական վիճակը նույնն է, ԱՆ-ից դեռ պատասխան չկա

633
0

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը նույնն է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ Չարչյանը շարունակում է բուժում ստանալ Քանաքեռ- Զեյթուն բժշկական կենտրոնում: Նա օգոստոսի 24–ին սուր ինֆարկտ է տարել, ունի շաքարային դիաբետ և բարձր ինսուլին, Չարչյանի մոտ նաև թոքաբորբ էր ախտորոշվել։

Պաշտպանը հայտնեց, որ այսօր այցելելու է Չարչյանին, և նոր տեղեկություն ունենալու դեպքում՝ կհաղորդի։

Հարցին՝ Առողջապահության նախարարությունից այցելե՞լ են պարոն Չարչյանին՝ պաշտպանը ասաց, որ ոչ։

Ալեքսանյանը ասաց, որ պաշտպանական թիմը դիմել է Առողջապահության նախարարություն՝ ելնելով կառավարության համապատասխան որոշումից։

«Դիմել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկվի պարոն Չարչյանի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն տալու համար։ Կառավարության 825 N որոշումը ասում է՝ եթե կա անհամատեղելիություն հիվանդության և կալանավորման միջև, ապա Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական ոչ առևտրային կազմակերպությունը բժշկական հանձնաժողով է ստեղծվում՝ հետագայում գնահատելով մեղադրյալի առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելիության հարցի տեսանկյունից, և տալիս են դրա վերաբերյալ եզրակացություն։ Հիմա մենք դիմել ենք, բայց մինչ օրս այդ դատաբժշկական գիտագործնական կենտրոնից որևէ պատասխան չունենք։ Մենք մեր բոլոր իրավական գործիքները արդեն սպառել ենք այդ առումով»,- ասաց Ալեքսանյանը։

Ինչ վերաբերում է օրեր առաջ Արմեն Չարչյանին աջակցող բժիշկների բողոքի ակցիային՝ պաշտպանը նշեց, որ դա եղել է բժիշկների նախաձեռնությունը, և մանրամասների մասին տեղեկացել է մամուլից։

Հիշեցնենք, որ Չարչյանին աջակցող բժիշկները գլխավոր դատախազի հետ հանդիպումից հետո հանդիպել էին Առողջապահության փոխնախարարի հետ։ Վերջինս ակցիայի մասնակիցներին հանձնել էր հանձնաժողով ստեղծելու կարգը։ Հանձնաժողովը ստեղծվում է արդարադատության նախարարությունում, ըստ այս որոշման։ Առողջապահության նախարարությունը տրամադրում է փորձագետ-բժիշկներ, և հետո, երբ անհրաժեշտ է լինում լրացուցիչ խորհրդատվություն, այլ մասնագետներ են ներգրավվում։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին. իրեն վերագրվող ձայնագրության վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։ Համացանցում հրապարակված ձայնագրության մեջ բժիշկ Արմեն Չարչյանը պարտադրում է աշխատակիցներին մասնակցել ընտրություններին: Գլխավոր դատախազությունը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրությունը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ