Գլխավոր էջ Գլխավոր Ես որպես բժիշկ չեմ կարող կուրորեն վստահել մեր նախարարությանը

Ես որպես բժիշկ չեմ կարող կուրորեն վստահել մեր նախարարությանը

13028
0

Lragir.am-ի զրուցակցին է բժիշկ-վարակաբան Արմեն Օհանյանը

Պարոն Օհանյան, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում որոշում, ըստ որի՝ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագիրը, կամ ամսական 2 անգամ թեստավորվեն։ Սա ի՞նչ ազդեցություն կունենա հիվանդացության տեմպերի նվազման վրա։

Հիվանդացության նվազման վրա պրակտիկորեն դա չի աղդելու, որովհետև ընտրած թիրախն իրենից մեծ քանակ չի ներկայացնում։ Մասնավորապես, եթե դպրոցների դեպքը դիտարկենք, օրինակ, 5000 հոգանոց կոլեկտիվում 200 ուսուցիչ է լինում ընդամենը։ Այսինքն՝ եթե ուսուցչին պատվաստում են, աշակերտին՝ ոչ, դա ոչ մի դեր չի խաղալու։ Առհասարակ պատվաստանյութերը վարակի տարածման տեսանկյունից շատ մեծ արդյունավետություն չունեն։ Ունեն արդյունավետություն, բայց ոչ շատ մեծ։ Եվ այս որոշումը կբերի նրան, որ մարդիկ կհակադրվեն պատվաստմանը։ Այսինքն՝ եթե մարդը մի բան չի հասկանում, իրեն պարտադրում են, ինքն սկսում է ավտոմատ կերպով հակազդել, և դա բերում է նրան, որ ինքնակամ պատվաստումների քանակն է խիստ իջնելու։

Ոլորտի պատասխանատուները հակառակն են ասում, հույս ունեն, որ հոկտեմբերի 1-ից պատվաստումների թիվն ավելանալու է։

Իհարկե, սա կբերի իրենց համար երաշխավորված որոշակի քանակի պատվաստումների։ Կոնկրետ սեպտեմբերի ամսվա կտրվածքով ստատիստիկա կտան, որ՝ տեսեք՝ այսքան մարդ ենք պատվաստել, որովհետև պարտադիր է։ Բայց հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արդեն չենք ունենա այդ պատվաստման թվերը։Մենք տեսնում ենք, որ այս փուլում աշխարհի տարբեր երկրներում պատվաստումների պարտադրանքի տարբեր մեթոդներ են կիրառվում։

Մենք նաև տեսնում ենք, որ այդ պարտադրանքն արդյունավետ չէ։ Այսինքն՝ բոլոր երկրներում, այդ թվում՝ զարգացած, ըմբոստություն է առաջացնում։ Սա լուրջ հիմք է, որ առաջանան բողոքի ակցիաներ, գործադուլներ։ Հիմա Հայաստանում դրան կհասնի, թե ոչ, չեմ կարող միանշանակ ասել, բայց իրենք արհեստականորեն տանում են դրան։ Հիմա, եթե սովորական մարդուն հարցնում ես պատվաստվելու մասին, ասում է՝ մի բան կա, որ պարտադրում են, ինչո՞ւ են պարտադրում։ Ամենաառաջին խնդիրը հենց դա է։ Մարդկանց հետ պետք է անկեղծ լինել, բացատրել պատվաստանյութի բոլոր դրական ու բացասական կողմերը։ Չի կարելի թաքցնել բացասականը և դրականն էլ գերազանցված ներկայացնել։ Միևնույն է, դա ժամանակի ընթացքում պարզ է դառնում։

Ի՞նչ նկատի ունեք՝ բացասական ասելով։

Նախ պետք է հստակ ներկայացնեն, թե պատվաստանյութերից որն ինչ առավելություն ու թերություն ունի։ Օրինակ՝ հղիների պատվաստման օրինակն իրենք վերցնում էին ԱՄՆ-ից, որ այնտեղ հղիներին պատվաստում են, բայց ԱՄՆ-ում դեռ պատվաստանյութի այն տեսակով, որը մենք ունենք, դրանով չեն պատվաստում։ Սկզբում այստեղ ասացին՝ պատվաստենք հղիներին, հետո ասացին՝ հանենք։ Եթե հանենք, ինչո՞ւ չթեստավորենք։ Կամ հակացուցում ունեցող անձը նույնկերպ վարակակի՞ր չէ, ինչո՞ւ իրեն չթեստավորել։ Այսինքն՝ թող պարզ ասեն, որ սա պատժիչ միջոցառում է, տուգանք ենք սահմանում, եկեք տուգանքը վճարեք, այդ տուգանքներն էլ մենք հավաքում ենք, մուտք ենք անում բյուջե և ուղղում ենք COVID-ով ծանր հիվանդների բուժմանը։ Այսինքն՝ դա մինի ապահովագրական ծառայություն կարող է լինել, գոնե այդպիսի մի բան պետք է անել, ոչ թե ահաբեկելով ու ճնշելով մարդկանց պատվաստել։ Այնպես չէ, որ ինչ անում են աշխարհում, նույնը պետք է անենք մենք։

Այդուհանդերձ՝ հիվանդացության թվերը Հայաստանում օրեցօր աճում են, երեկ արդեն ունենք հաստատված 731 նոր դեպք։ Ի՞նչ զարգացումներ կարող են լինել։

Մենք կայուն աճ չունենք, միայն այդ թիվն է մի քիչ տարբերվող եղել։ Բայց դա շատ հարաբերական է, դրա մասին բազմիցս խոսել եմ, դա կապված է մեր թեստավորման տեմպերից։ Այսինքն՝ օրական 1000 դեպք էլ մենք կարող ենք հայտնաբերել, հարցն այն է, թե ում ենք մենք թեստավորում։ Այսինքն՝ ըստ հիվանդության դիմած պացիենտին ենք թեստավորում, թե՞ աջ ու ձախ բոլոր ասիմպտոմներին թեստավորում են։ Իսկ հիվանդացության իրական թվերը մինչև 10 անգամ տարբերվում են, սրա մասին շատ ենք խոսել։ Այսինքն՝ եթե թեստավորումն էլ ավելի ինտենսիվ անենք, ավելի շատ դեպքեր կհայտնաբերենք։Բայց դրան զուգահեռ աճում են նաև ծանր դեպքերն ու մահացությունները։

Այո, դրա համար մենք պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել, այդ թվում՝ դեղորայքային ապահովման տեսակետից․ ինչի՞ պակաս ունենք, ինչո՞վ կարող ենք այդ մահացության վրա ազդել։ Մենք ունենք պակաս, բայց ես այսօր չեմ ուզում կոնկրետ դեղերի անուններ նշել։ Միգուցե բուժական միջոցառումներն է պետք վերանայել, որ բոլորը միանման գործեն, ոչ թե ով ոնց ուզում է, այդպես բուժի։ Եվ դրան գումարած, այո, մենք պետք է թիրախային քարոզչություն իրականացնենք, որպեսզի ռիսկի խմբի անձինք միանշանակ գնան ու պատվաստվեն։

Ես պաշտոնական հարցադրում էի արել, բայց ինձ այդպես էլ պատասխան չտվեցին՝ ինչո՞ւ հիվանադանալուց 14 օր հետո կարելի է պատվաստվել, որտեղի՞ց է այդ թիվը վերցրված, այդ հարցի պատասխանը որևէ մեկն ունի՞, թե՞ ուղղակի որոշել են։ Այսինքն՝ գործողությունները պետք է տրամաբանական լինեն, որպեսզի բժիշկները վստահեն նախարարությանը։ Ես չեմ կարող որպես բժիշկ կուրորեն վստահել մեր նախարարությանը, վաղը այդ նույն պացիենտն ինձ մոտ ուրիշ հարցով է գալու, ես իր վստահությունը կորցնելու եմ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ