Գլխավոր էջ Նորություններ 68.000 դրամ ստացող անձը կարո՞ղ է 30.000 դրամ տալ թեստավորման համար

68.000 դրամ ստացող անձը կարո՞ղ է 30.000 դրամ տալ թեստավորման համար

4280
0

Առողջապահության նախարարության նոր որոշման համաձայն, հոկտեմբերի 1-ից ՀՀ-ում հակահամաճարակային նոր գործիքակազմ է առաջ քաշվելու: Այն է` աշխատող անձինք սեփական միջոցներով կորոնավիրուսի թեստ հանձնել, կամ գնալ պատվաստման: Սա, ըստ ԱՆ-ի, արվում է վարակի շղթան կոտրելու համար: Սակայն աշխատող անձանցից շատերի մոտ վերջինս դժգոհության ալիք է բարձրացրել: Նախարարությունից էլ ասում են` ստեղծել ենք ոչ թե պարտադրանք, այլ այլընտրանք, չես ուզում պատվաստվել` թեստ հանձնիր, չես ուզում թեստ հանձնել` մի վտանգիր մյուս աշխատողի առողջությունը:Այս մասին օրեր առաջ նաև հայտնեց ԱՆ ՀՎԿԱԿ համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը` factor.tv-ի տաղավարում տեղի ունեցած բանավեճի ընթացքում:

Բանավեճի ժամանակ, Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն իր խոսքում անդրադարձավ գործատու-աշխատող հարաբերություններին` ասելով, որ այս որոշումը կարող է վերջիններիս միջև կոնֆլիկտի առաջացման պատճառ հանդիսանալ: Ընդգծեց նաև, որ այս ամենում գործատուն ևս տուժող կողմ կարող է լինել: « Օրինակ` խոշոր ընկերություններից մեկը, որն ունի 200-ից ավել աշխատող, եթե մտածի, որ աշխատողները այնքան գումար չունեն և ինքը վճարի թեստավորման համար, ուրեմն ամսական 5մլն դրամ պետք է գումար ծախսի, տարեկան կտրվածքով` 60մլն դրամ: Ո՞վ է այդ եկամտի տարբերությունը կոնպենսացնելու»:

Այն հարցին, թե 68.000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին ինչպե՞ս կարող է իրեն թույլ տալ ամսական 30.000 դրամ տրամադրել թեստավորման համար, Աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչ Նոնա Հայրապետյանն ասաց. « Աշխատանքի տեսչական մարմինն ու ԱՆ-ն վերահսկողություն են իրականացնում արդեն իսկ գործող նորմատիվ ակտերի կիրառման նկատմամբ: Վերոնշյալ նորմում զետեղված են հավելվածներ, որտեղ ամեն մի հավելվածը կիրառվում է որոշակի տնտեսական գործունեություն իրականացնող ոլորտի համար: Եվ մեր կարևորագույն վերահսկողական գործառույթներից մեկը նաև աշխատողների անվտանգ աշխատանքային պայմանների վերահսկողությունն է», նշեց նա: Հավելեց նաև, որ այս ամենը միտված է աշխատատեղում աշխատողի աշխատանքի անվտանգության, առողջության պահպանմանը: Բայց նրանցից ոչ ոք չանդրադարձավ վերոնշյալ հարցին և ըստ այդմ` պատասխան չհնչեց այդ մասով:

Սակայն, նորից հակասություն է առաջանում: Եթե կորոնավիրուսի դեմ պատվաստումները ոչ թե ապահովում են մարդուն չվարակվելուց, այլ նվազեցնում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքը և մահացու դեպքերը: Այսպիսով, պատվաստված անձինք ևս կարող են վարակվել և վարակի տարածման աղբյուր հանդիսանալ, այդ ինչպե՞ս են երաշխավորում այդ կազմակերպություններում վարակի տարածման վերահսկողությունը, եթե հենց այդ պատվաստված անձինք ևս կարող են վարակ տարածել: Ինչպե՞ս են վստահաբար ասում, որ այս ամենի իրագործումը աշխատում է ի նպաստ համավարակի կանխարգելմանը և հարկ չի լինի գնալ հեռավար աշխատանքի:Կարծես, իրար հակասող այս հայտարարությունները շարունակում են քաղաքացիներին շփոթության մեջ գցել, իսկ գործատուներին ևս դնել երկու քարի արանքում:

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ