Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստումային «անկարողություն» և մահերի աննախադեպ աճ

Պատվաստումային «անկարողություն» և մահերի աննախադեպ աճ

1397
0

Աշխարհում կորոնավիրուսի համավարակի դեմ ակտիվ պայքար է մղվում՝ պատվաստանյութերի, լոքդաունի և այլ սահմանափակումների միջոցով։ Չնայած այս ամենին համավարակն ակտիվորեն տարածվում է և ի հայտ են գալիս նոր շտամներ։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում պատվաստված քաղաքացիների թիվը բավականին բարձր է, բայց վերջին երկու շաբաթների ընթացքում վարակակիրների թիվը կտրուկ ավելացել է։ Այս մասին հայտնում է BBC.com-ը։

Ջոն Հոփկինսի անվան համալսարանի տվյալներով՝ պանդեմիայի սկզբից ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 221,1 միլիոն մարդ,  մահացել մոտ 4,6 միլիոն, ընդհանուր առմամբ կատարվել է 5,5 միլիարդ պատվաստում։

Մեծ Բրիտանիայում վարակվածների թիվը հասել է 7 միլիոնի, վերջին շաբաթվա ընթացքում գրեթե ամեն օր գրանցվում է մոտ 40 հազար վարակման նոր դեպք։ Ամեն օր Քովիդից մահանում է 45 բրիտանացի, իսկ հիվանդանոցներում գտնվում է 7,6 հազար մարդ։

Առկա տվյալների համաձայն՝ բրիտանացիները ստացել են մոտ 91 միլիոն դեղաչափ պատվաստանյութ, ընդ որում չափահաս բնակչության մոտ 89%-ը ստացել է մեկ դեղաչափ, իսկ մոտ 80 տոկոսը՝ երկու դեղաչափ։

Ի դեպ, վարակման տեմպի ավելացման ֆոնին՝ չեն բացառվում նոր սահմանափակումների կիրառումը։

Իսրայելում նույնպես ակտիվորեն պատվաստում են քաղաքացիներին, բայց պանդեմիան չի նահանջում։ Այս երկրում մարդկանց ներարկում եմ ոչ թե պատվաստանյութի երկու, այլ երեք չափաբաժին։ Իսրայելում սկսվել է վաթսունն անց քաղաքացիներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը ներարկելու ծրագիրը, որն առաջինն է աշխարհում։

«Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով մեծածավալ ուսումնասիրություննեիի և հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև վարակի «դելտա» տարբերակի տարածվածության վտանգը»,- հայտարարել է վարչապետ Նաֆտալի Բեննեթը։

Իսրայելը համարվում է առաջատարներից մեկն աշխարհում պատվաստումների թվով. վերջին տվյալներով` երկրում լիովին պատվաստված է չափահաս բնակչության 55 տոկոսից ավելին։

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրի առանձին շրջաններում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկումների հետևանքով, որոշում են կայացրել խստացնել կարանտինի պահպանման պահանջները:

Կրկին պարտադիր է դառնալու դիմակների կրումը միջազգային օդանավակայանում, սահմանային անցակետերում, բուժօգնության տրամադրման վայրերում:

Իսրայելում կորոնավիրուսով պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները հանվել էին հունիսի 1-ից, իսկ հունիսի 15-ից թույլատրվում էր չկրել դիմակ:

Իսրայելում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ տրամադրել 12-ը լրացած երեխաներին և խթանող նշանակության երրորդ դեղաչափը` երկու անգամ պատվաստված բոլոր չափահասներին:

Առաջատար իսրայելցի բժիշկների մի խումբ հայտնել է, որ Pfizer-BioNTech վակցինայի երկու ներարկումների արդյունավետությունը կես տարի անց սկսում է նվազել, ուստի ապահովության համար նպատակահարմար է մարդկանց տրամադրել նաև երրորդ դեղաչափը:

Իսրայելի 9 միլիոն 300 հազար բնակիչներից 2 միլիոնն արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափը:Երրորդ ներարկման ծրագիրն են կազմել նաև Միացյալ Նահանգները, Կանադան և Եվրոպական միության երկրները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զարգացած երկրներին հորդորում է սառեցնել այդ ծրագիը և երրորդ ներարկման համար նախատեսված վակցինան տրամադրել աղքատ այն երկրներին, որտեղ մարդիկ դեռ չեն ստացել նույնիսկ առաջին դեղաչափը:

Չնայած այս ամենին Իսրայելում կորոնավիրուսի վարակվածության թվերը չեն նվազում և ակտիվորեն շրջանառվում է «Դելտա» շտամը։

Ի դեպ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, թե Կորոնավիրուսի տարածման ներկայիս տեմպերը չթուլացնելու պարագայում 2022 թվականի սկզբին ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը կարող է գերազանցել 300 միլիոնը:

Նա հիշեցրել է, որ նախորդ շաբաթ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցեց 200 միլիոնը, և դա տեղի ունեցավ 6 ամիս անց այն բանից հետո, ինչ աշխարհում վարակվածների թիվը գերազանցեց 100 միլիոնը:

Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ ներկայում համաշխարհային հանրությունը «մեծ գործիքակազմ ունի կանխարգելելու, թեստավորելու և բուժելու COVID-19-ը»:

Հիշեցնենք, որ COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 8-ի առավոտվա դրությամբ կազմել Է 221 միլիոն 936 հազար 662: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացել Է 4 միլիոն 586 հազար 188 մարդ:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Ս․ Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ