Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ կտա մեզ հակամարմինների թեստավորումը

Ի՞նչ կտա մեզ հակամարմինների թեստավորումը

2023
0

Վերջին ժամանակներում շատ է շրջանառվում այն հարցը, թե ինչու՞ մեզանից չեն պահանջում հակամարմինների թեստավորում՝ կորոնավիրուսային հիվանդության թեստի, կամ թեկուզ՝ պատվաստման փոխարեն։ Հարցի շուրջ ստեղծված կարծիքները շատ են, ինչպես նաև մասնագետները ևս տարբեր դիրքորոշում ունեն թեմայի վերաբերյալ։ Ինչպես արդեն ներկայացրել ենք, համաճարակաբաններից մեկի խոսքով՝ ճիշտ կլիներ, որ մարդկանցից պահանջեին հակամարմինների թեստավորման արդյունքներ։ Այսինքն, ովքեր որ հիվանդացել են, և բնական ձեռք բերված իմունիտետ ունեն։ Եվ նրա պնդմամբ՝ որոշ երկրներում, համարժեք են համարվում նույն պատվաստված անձանց, եթե ոչ՝ ավելի պաշտպանված, քան պատվաստվածները։ Բժիշկներից շատերը ևս կիսում են այս կարծիքը, բայց մյուս մասն էլ ասում է, որ այն չի կարող որևէ կերպ արդյունավետ լինել համաճարակային այս ֆոնին։

Ի վերջո, հակամարմինների թեստավորումը պե՞տք է, թե՞ ոչ։ ՀՎԿԱԿ իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը MedMedia.am- ի հետ զրույցում ասաց, որ ըստ էության՝ հակամարմինների թեստը մեզ ոչինչ չի տա։ «Հակամարմինների թեստը մեզ միայն հնարավորություն կտա իմանալ՝ այդ անձը նախկինում շփվել է վարակակրի հետ, այսինքն, հիվանդացե՞լ է, թե՞ չէ։ Երկու հանգամանք կա, որ դա չի իրականացվում, ի դեպ՝  դա չի առաջարկվում նաև առողջապահական միջազգային կազմակերպությունների կողմից։ Առաջինը, որ ապացուցողական բժշկության տվյալներով՝ որոշված չէ հակամարմինների ո՞ր մակարդակն է համարվում պաշտպանիչ։ Այսինքն, ունենք պատասխան, բայց դա պաշտպանիչ կարող է լինել, թե ոչ՝ ոչ ոք չի կարող ասել։ Հաջորդը, մենք գիտենք, որ կա կրկնավարակի հավանականություն, այդ  դեպքում հակամարմին ունենալը, որը կփաստի, որ տվյալ անձը հիվանդացել է՝ մեզ ոչինչ չի տա, այսինքն՝ այդ անձը կարող է վարակվել», նշեց նա։

Հարկ է ևս մեկ անգամ նշել, որ պատվաստման դեպքում ևս կա այդ հավանականությունը։ Այսինքն կրկնավարակ կարող է պատվաստումից հետո ևս նկատվել, ուստի՝ կրկին շփոթություն է առաջանում։

Բժիշկ Գևորգ Գրիգորյանն էլ ֆեյսբուքյան հարթակում պատասխանելով քաղաքացիներից մեկի այն հարցին, թե արժե՞ պատվաստվել, թե՞ ոչ, ասաց, որ առաջին հերթին անհրաժեշտ է ստուգել հակամարմինների առկայությունը, հետո նոր որոշում կայացնել։ Ինչպես նաև ընդգծեց, որ Իսրայելի գիտնականները փաստել են՝ բնական իմունիտետը ավելի արդյունավետ է դելտա շտամի դեմ պաշտպանության հարցում, քան նույնիսկ Պֆայզերի պատվաստանյութի կրկնակի չափի ընդունումը։

Արդուհանդերձ, այս հարցի շուրջ դեռևս վերջնական վերլուծության և հետազոտության տվյալներ չեն ներկայացվում, ուստի՝ դժվար է ասել, թե հակամարմինների թեստի արդյունքը օգուտ կարո՞ղ է լինել համաճարակի դեմ պայքարում, թե՞ ոչ։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ