Գլխավոր էջ Գլխավոր «Ինչու՞ մարդկանցից չեն պահանջում հակամարմինների թեստավորման արդյունքներ»

«Ինչու՞ մարդկանցից չեն պահանջում հակամարմինների թեստավորման արդյունքներ»

2353
0

Երեկ՝ օգոստոսի 12-ին, կատարվել է կորոնավիրուսային հիվանդության 6055 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 397 նոր դեպք։ Զուգահեռ շարունակվում է վերջինիս դեմ կատարվող պատվաստումային գործընթացը, որն ըստ ԱՆ-ի մի քանի օր առաջ ներկայացրած տվյալների՝ շուտով կհատի 200 000 պատվաստման շեմը։

Ըստ համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանի՝ պատվաստման քաղաքականությունը ձևական բնույթ է կրում, քանի որ չունի պատվաստումներն իրակացնելու թիրախային մոտեցում։ «Պատվաստում են բոլորին, անկախ նրանից՝ մարդը հիվանդացել է, թե ոչ։ Հիվանդացած անձանց դեպքում պատվաստման նպատակահարմարությունը շատ վիճելի է, որովհետև կան բազմաթիվ գիտական հոդվածներ, իսկ մեր երկրում այդ ամենը խորքային չեն ուսումնասիրում»։

Անդրադառնալով կորոնավիրուսի նոր՝ դելտա շտամի բռնկման կանխարգելման և վերահսկողության մասին, համաճարակաբանը նշեց․ «Ես ինչքան որ հասկանում եմ, մեր երկրում կանխարգելիչ միջոցառումներ արդեն վաղուց չեն իրականացվում։ Հիմա, թերևս միակ կանխարգելման մեթոդ, շեշտը դրված է պատվաստումների վրա»,-նշեց նա։

ԱՆ նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն էլ վերջերս լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց մի առաջարկի մասին, որ եթե հանրային ծառայությունների և պետական կառավարման ոլորտի աշխատակիցները չեն ներկայացնում պատվաստման սերտիֆիկատ, ապա ժամանակ առ ժամանակ պետք է ներկայացնեն թեստավորման բացասական պատասխան։ Այս մասով համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը նկատեց, որ վերջինս դժվար թե համավարակի կանխարգելման դրական տեղաշարժի բերի։ «Որովհետև, ի՞նչ է նշանակում պատվաստման սերտիֆիկատ։ Ինչու՞ մինչև դա, մարդկանցից չէին պահանջում, օրինակ՝ հակամարմինների թեստավորման արդյունքներ։ Այսինքն, ովքեր որ հիվանդացել են, և բնական ձեռք բերված իմունիտետ ունեն։ Եվ նրանք, գիտեմ, որ որոշ երկրներում, համարժեք էին համարվում նույն պատվաստված անձանց, եթե ոչ՝ ավելի պաշտպանված, քան պատվաստվածները»։

Համաճարակաբանի պնդմամբ՝ երկու շաբաթը մեկ թեստավորումը պարզապես «կպնում է» մարդկանց գրպանին․ «Սա կարելի է ասել, մարդկանց ճնշման տարբերակ է։ Եվ շատ մեծ գումարներ վատնելու կամ աշխատելու միջոց »,-ընդգծեց նա։

Ռուբեն Հովհաննիսյանը նշեց, որ քանի որ բնակչության մեծամասնությունը արդեն իսկ վարակվել և առողջացել է, այս դեպքում ունեն բնական իմունիտետ, որոնք միայն հակամարմինները չեն, այլ կան նաև այլ չափանիշներ, որի դեպքում մարդը բավականին տևական ժամանակ պաշտպանված է հանդիսանում վարակի հարուցիչների նկատմամբ։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ