Գլխավոր էջ Գլխավոր Դասախոսներին պատվաստում կամ թեստավորում, ուսանողներին՝ ո՞չ

Դասախոսներին պատվաստում կամ թեստավորում, ուսանողներին՝ ո՞չ

12626
0

Ինչպես օրեր առաջ հայտնել էր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման բաժնի մանկաբույժ Պիրիջիդա Սիմոնյանը, ուսանողները դասի գնալու համար կարող են չպատվաստվել, քանի որ նրանք, ինչպես հղիները, բացառություն են կազմում։ Սակայն ԱՆ-ի ավելի վաղ հայտարարած որոշման համաձայն՝ ինչպես ուսուցիչները, այնպես էլ դասախոսական կազմը պետք է պատվաստվի կամ 14 օրը մեկ անցնի կորոնավիրուսի թեստավորում, և ներկայացնի վերջինիս բացասական արդյունքը հաստատող սերտիֆիկատ։ Սակայն հարց է առաջանում, եթե ուսանողները պատվաստված կամ թեստավորված չեն, իրենք չե՞ն վարակվում։ Որտե՞ղ է տրամաբանությունը։

Նույն հարցը երեխաների դեպքում կա, ինչպես արդեն խոսել ենք այդ մասին, սակայն ուսանողների թեման այլ է։ Քանի որ երեխաներին Հայաստանում չեն պատվաստում, իսկ ուսանողները 18 տարեկան և բարձր են, ինչն էլ հենց այն տարիքային շեմն է, որոնց ցուցված է պատվաստում կատարելը։ Քանի որ ուսանողներն աշակերտներից մի քանի անգամ շատ են, հավանական չէ՞, որ նրանք իրարից ավելի շատ կարող են վարակվել, քան դասախոսից։ Կամ, այս պարագայում պետք է միայն դասախոսների՞ն պաշտպանել։ Այն դեպքում, որ ըստ ԱՆ ներկայացուցիչների ներկայացրած տվյալների՝ դելտա շտամը նկատվում է հատկապես երիտասարդների շրջանում։ Եթե դա այսպես է, ինչու՞ հենց երիտասարդների՝ այս դեպքում ուսանողների շրջանում չի իրականացվում այս վերահսկողությունը։

Medmedia.am-ը այս հարցերի պատասխանը փորձեց ստանալ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանից։ Նա ասաց՝ քանի որ ուսանողները 18 տարեկանից բարձր են, իրենց ցուցված է պատվաստվելը, և ցանկության դեպքում կարող են դիմել տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել, սակայն պարտադիր չէ։ «Դա իրենց իրավունքն է և որևէ մեկը չի կարող այն սահմանափակել։ Իսկ Հայաստանում, պատվաստվելը պարտադիր չէ։ Ինչ վերաբերում է ՊՇՌ թեստերին, քանի որ ունենք հիվանդացության թվերի աճ և որպեսզի կարողանանք կառավարել համավարակը, գործիքակազմ է առաջարկվում, որպեսզի հնարավորինս նվազեցնենք վարակի տարածման ռիսկը։ Եվ այս առումով, բոլոր աշխատողների համար դրվել են որոշակի սահմանափակումներ՝ միայն աշխատակիցների։ Այլ անձանց դա չի վերաբերում՝ չաշխատողներին, թոշակառուներին և այլն։ Այսինքն, աշխատող անձանց համար կա որոշակի սահմանափակում՝ կամ կորոնավիրուսի բացասական արդյունքը հաստատող սերտիֆիկատ, և կամ լինել պատվաստված»։

Գրիգորյանն ընդգծեց, որ սա թերևս չի բացառում, որ ուսանողները պետք է չհետևեն այլ կանխարգելիչ միջոցառումներին՝ փակ տարածքներում դիմակների կրման, սոցիալական հեռավորության պահպանման ,ձեռքերի ախտահանման պահանջներին և այլն։

Այնուամենայնիվ, նա իր խոսքում այդպես էլ չանդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք սա աշխատող տարբերակ կարող է լինել համավարակի դեմ պայքարում: Եթե միակ արդյունավետ միջոցը պատվաստվելն է կամ թեստավորումը, ապա ինչու՞ է այն իրականացվում միայն մի կողմի վրա: Եվ, միևնույնն է, այս ամենը շարունակում է անտրամաբանական մնալ։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ