Գլխավոր էջ Նորություններ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ում չարաշահումների գործով մեղադրյալներ կան

«Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ում չարաշահումների գործով մեղադրյալներ կան

378
0

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի կողմից կատարված չարաշահումների դեպքերի հանգամանքները: Այս մասին  տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի  անվան  արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2001թ.-ից մինչեւ 2018թ. մայիսը  զբաղեցնելով նշված պաշտոնը,  օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նշված ՓԲ ընկերության աշխատակիցներին հասանելիք հավելավճարների եւ պարգեւավճարների  նկատմամբ  ունենալով  կառավարման  լիազորություն,  2010-2018թթ. ընկած ժամանակահատվածում, կենտրոնի   հաշվապահների հետ նախնական համաձայնությամբ, ինչպես նաեւ՝ նշված ընկերության  իմունոարյունաբանության  լաբորատորիայի,  սեռոլոգիական  եւ  մանկական բաժանմունքների  վարիչների օժանդակությամբ յուրացրել է նշված լաբորատորիայի եւ բաժանմունքների  աշխատակիցների  հասանելիք   հավելավճարների  ու  պարգեւավճարների 50 տոկոս, ընդհանուր՝  26.514.391 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը:

Բացի այդ, ընկերության նախկին տնօրենը, իր ընկերոջ կնոջ եւ կենտրոնի կադրերի հաշվառման բաժնի վարիչի օժանդակությամբ, 2011թ. դեկտեմբերից մինչեւ 2018թ. հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում ընկերոջ կնոջ հետ կնքել է աշխատանքային պայմանագիր եւ ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում ընդունել աշխատանքի՝ որպես բժիշկ-հիստոլոգ: Սակայն հաստատապես տեղյակ լինելով, որ վերջինս աշխատանքի չի հաճախել եւ չի կատարել աշխատանքային պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նրա հասանելիք աշխատավարձը՝ ընդհանուր 5.507.031 ՀՀ դրամը, վատնելու շահադիտական դրդումներից ելնելով, վերը նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս հաստատել եւ իր ստորագրությամբ վավերացրել է իր հանձնարարությամբ կենտրոնի կադրերի հաշվառման բաժնի վարիչի կողմից կազմված՝ ընկերոջ կնոջ կողմից աշխատանքի հաճախելու եւ փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ տեղեկություններ պարունակող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնք շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 5.507.031 ՀՀ դրամ գումար:

Չարաշահումների հետեւանքով պատճառված վնասից 26.514.391 ՀՀ դրամ գումարը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, ընկերության գլխավոր հաշվապահներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իմունարյունաբանության լաբորատորիայի, սեռոլոգիական բաժանմունքի եւ մանկական բաժանմունքի վարիչներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նախկին տնօրենի ընկերոջ կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նշված 6 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է եւ մեղադրական եզրակացությամբ՝ ուղարկվել դատարան:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար որոշում է կայացվել՝ քրեական գործից մաս անջատելու մասին, որի շրջանակներում ընկերության մյուս գլխավոր հաշվապահը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ կադրերի հաշվառման բաժնի վարիչը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ