Գլխավոր էջ Գլխավոր 3 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ․ որտե՞ղ այն կծախսվի

3 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ․ որտե՞ղ այն կծախսվի

1172
0

Այսօր, օգոստոսի 8-ին, կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Կորոնավիրուսի օրական դրական դեպքերի թիվը դանդաղ, բայց աճ է գրանցում: Նա նշել է, որ այս ամենի ֆոնին պատվաստման տեմպի առաջընթաց է նկատվում։

«Այս պահի դրությամբ իրականացրել ենք 190 036 պատվաստում, որից միայն երեկ կատարվել է 6188 պատվաստում: Պատվաստման տեմպի բավական լավ առաջընթաց ունենք, բայց պետք է շարունակական աշխատենք հնարավորինս կարճ ժամանակահատվածում իրականացնել պատվաստումները երկրում: Անցած շաբաթ սեգմենտավորել էինք շրջանառվող շտամները և 30 նմուշառված դեպքերից ունեինք 25 դելտա շտամի առկայություն եւ 5 բրիտանական շտամի առկայություն: Դելտա շտամը աչքի է ընկնում տարածելիության բարձր մակարդակով»,-ասաց նա:

Նախարարի խոսքով, հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 4-ը պատվաստվել է 58 108 անձ, որոնցից 56 010-ը եղել են ՀՀ քաղաքացիներ եւ միայն 2096-ը՝ օտարեկրացիներ:

Նախարար Ավանեսյանը հավելել է, որ  հանրապետությունում հոսպիտալացման դժվարություններ են արձանագրվում, հետևաբար քաղաքացիներին հորդորում է օր առաջ պատվաստվել:

Ի դեպ՝  Ավանեսյանը հայտնել է, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը դրանով Հայաստանին 3 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրի:

« Այդ գումարն ուղղվելու է առողջապահական համակարգի հզորացմանը, արդիականացմանը, քանի որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դեռ շարունակվում է կորոնավիրուսային համավարակի դեպքերի ալիքաձև աճը»,-ասել է նա ու հավելել, թե համակարգում լրացուցիչ ներդրումներ անելու անհրաժեշտություն կա․

«Մենք, կորոնավիրուսային համավարակը դիտարկելով մարտահրավեր, նաև դիտարկել ենք առիթ մեր համակարգում լրացուցիչ ներդրումներ անելու և պատրաստվածության աստիճանը բարձրացնելու, պատրաստ լինելու մեր այլ մարտահրավերներին դիմակայելու»։

Ս․ Ասատրյան

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ