Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ է կորոնավիրուսից հետո անքնություն նկատվում

Ինչու՞ է կորոնավիրուսից հետո անքնություն նկատվում

2288
0

Շարունակում ենք ներկայացնել կորոնավիրուսից հետո առաջացող տարատեսակ խնդիրներն ու հիվանդությունները։ Վերջերս հանրության շրջանում շատ հարցեր է առաջանում այն մասին, թե ինչո՞վ է պայմանավորված կորոնավիրուսային հիվանդությունից հետո նկատվող անքնությունը։ Նյարդաբան, Քնի և շարժողական խանգարումերի կլինիկայի ղեկավար Սամսոն Խաչատրյանը MedMedia.am-ի հետ զրույցում ասաց, որ անքնությունը հենց կորոնավիրուսային հիվանդության ընթացքում էլ է դրսևորվում` ընդհանուր լարված վիճակից, հենց հիվանդության ազդեցություններից: «Կա այսպիսի հասկացություն, կոչվում է հետկովիդային համախտանիշ, որի ժամանակ, հետագայում տարբեր մնացորդային այսպիսի երևույթներ են մնում: Օրինակ` տրամադրության անկում, էներգիայի պակաս, արդյունավետության իջեցում, հիշողության հետ կապված գանգատներ, տագնապային վիճակներ և իհարկե, այս ամենի մեջ անբաժանելի մաս է կազմում նաև անքնությունը: Եվ շատ հետազոտություններ դա հաստատում են» ։

Խոսելով վերջինիս առաջացման պատճառներից, նյարդաբանը նշեց, որ պատճառները շատ կարող են լինել, և մեկ հստակ պատճառ դժվար է առանձնացնել: «Կարելի է պարզապես ընդհանուր ասել, որ թե՛ մարմնական ազդեցությունները, թե՛ հոգեբանական սթրեսը, որը իմիջիայլոց , պակաս կարևոր չէ, ինչպես նաև վախի մթնոլորտը և այլն, հատկապես անցյալ տարվա սկզբնական շրջանում , կարող են բերել իհարկե, ավելի մեծ էֆֆեկտների և իհարկե՝ անքնության»։

Այն հարցին, թե արդյո՞ք անքնությունը նման իրավիճակում կարող է հետագա որևէ բարդության մասին ահազանգել, Սամսոն Խաչատրյանը նկատեց, որ այս մասին դժվար է առայժմ խոսել: Եվ ամեն դեպքում անքնությունը որպես անկախ գործոն, որպես հետագա ավելի լուրջ բարդությունների պատճառ, այս պահի դրությամբ առանձնացված կամ նկարագրված չէ: Իսկ ի՞նչ անել կորոնավիրուսից հետո նկատվող անքնության համար։ Բժշկի խոսքով՝ յուրաքանչյուր իրավիճակում, երբ անքնություն է զարգանում, պետք է անմիջապես որևէ միջոց ձեռնարկել: Սակայն ընգծեց, որ կարևոր է նախ հասկանալ, թե անքնության ո՞ր տեսակն է, որից հետո հասկանալ բուժման մեթոդը։ «Ընդհանրապես՝ ի՞նչ է անքնությունը: Դա, երբ դժվարանում ես քնել, երբ կա դրա համար հարմար պայմաններ, ցանկություն, ոչինչ չի խանգարում, ինքդ քեզ չես շեղում այլ բաների վրա, բայց քունը չի գալիս: Ինչպես նաև հաջորդ օրը վատ գիշերվանից հետո այն պետք է դրսևորվի ցերեկային արդյունավետության, ինքնազգացողության որևէ շեղումներով, օրինակ` լարվածությամբ, դյուրագրգիռությամբ, ուշադրության պակասով: Երբեմն նաև մարմնական նշաններ են լինում` գլխացավեր, ստամոքսաղիքային թեթև խախտումներ: Եվ անքնությունը կարող է բաժանվել քրոնիկ և սուր տեսակների։ Երբ երկար է տևում, մարդ ամիսներ շարունակ ունենում է անքուն գիշերներ, դա արդեն քրոնիկ անքնությունն է: Սուր անքնության ժամանակ ցանկալի է լավ, սուր ազդեցիկ միջոցներով արագ կարգավորել իրավիճակը, որպեսզի այն կիսատ մնացած անքնությունը հետագայում չպահպանվի, և սա շատ կարևոր է, ինչը հաճախ չի արվում: Եվ այս երկուսի մոտեցումները տարբերվում են»։

Նյարդաբանը հավելեց, որ բացի դեղորայքային բուժումից, նաև շատ մեծ դեր է խաղում արդեն վարքագծային, հոգեբանական բաղարդրիչը, որի համար հատուկ մեթոդներ կան, և քնի մասնագիտացված կլինիկաներում անքնության համար կիրառվում են թե´ դեղորայքային, թե´ կոգնիտիվ վարքային թերապիա կոչվող բուժումը:

Օֆելյա Պողոսյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ