Գլխավոր էջ Նորություններ Մեկնարկվել է կրծքով կերակրման շաբաթ

Մեկնարկվել է կրծքով կերակրման շաբաթ

727
0

Տարվա սկզբին կառավարությունների, դոնոր կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչները համախմբվեցին Սնուցում հանուն աճի. գործողության տարի (Nutrition for Growth Year of Action) նախաձեռնության շուրջ: Սա պատմական հնարավորություն է՝ փոխելու աշխարհի մոտեցումը երեխաների թերսնուցումը վերացնելու հարցում: Այս մասին ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի և ԱՀԿ գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է կրծքով կերակրման համաշխարհային շաբաթվա կապակցությամբ։

 

 

Կրծքով կերակրումը կենտրոնական տեղ է զբաղեցնում այս պարտավորությունը կյանքի կոչելու գործում:

 

Ծնվելուց հետո կյանքի առաջին ժամվա ընթացքում կրծքով կերակրելը և այնուհետև վեց ամիս բացառապեսկրծքով կերակրումը և ընդհուպ երկու տարի կամ ավելին կրծքով կերակրելը շարունակելը՝ հզոր միջոց է երեխային թերսնուցման բոլոր ձևերից պաշտպանելու համար, այդ թվում՝ ծայրահեղ թերսնուցումից և ճարպակալումից: Կրծքի կաթը նաև փոքրիկների առաջին պատվաստանյութն է, որը պաշտպանում է նրանց մանկական բազմաթիվ հիվանդություններից:

 

Թեև վերջին չորս տասնամյակների ընթացքում կրծքով կերակրման մակարդակի հարցում առաջընթաց է նկատվում, ինչն արտահայտվում է ամբողջ աշխարհում բացառապես կրծքով կերակրման տարածվածության 50 տոկոս աճով, ՔՈՎԻԴ-19 համավարակը փաստում է այդ ձեռքբերումների փխրունությունը:

 

Բազմաթիվ երկրներում համավարակի պատճառով զգալիորեն խափանվել է կրծքով կերակրման աջակցության ծառայությունների աշխատանքը. միաժամանակ մեծացել է պարենային անապահովության և թերսնման վտանգը: Որոշ երկրներ հայտնել են այն մասին, որ մանկական սննդի արտադրողները կրակին յուղ են լցրել՝ տարածելով անհիմն մտավախություններ, թե իբր ՔՈՎԻԴ-19-ը կարող է փոխանցվել կրծքի կաթի միջոցով և իրենց արտադրանքը հրամցնելով որպես կրծքով կերակրման ավելի անվտանգ այլընտրանք:

 

Այս տարի կրծքով կերակրման համաշխարհային շաբաթվա խորագիրն է՝ «Պաշտպանե՛ք կրծքով կերակրումը.սա բոլորիս պատասխանատվությունն է»: Ժամանակն է վերանայել տարվա սկզբին ստանձնած պարտավորությունները և առաջնահերթություն տալ կրծքով կերակրմանը նպաստող հարմարավետ միջավայրի ապահովմանը հօգուտ մայրերի և իրենց փոքրիկների:

 

Մասնավորապես առաջարկվում է՝

 

° Պաշտպանել մայրերին մանկական սննդի արդյունաբերության ագրեսիվ շուկայավարումից համաձայն Կրծքի կաթի փոխարինիչների շուկայավարման միջազգային օրենսգրքի:

° Ապահովել, որ բուժաշխատողներն ունենան անհրաժեշտ ռեսուրսներ և տեղեկատվություն՝ մայրերին կրծքով կերակրման հարցերում արդյունավետորեն աջակցելու համար, այդ թվում՝ գլոբալ նախաձեռնությունների միջոցով, ինչպես օրինակ` Երեխայակենտրոն հիվանդանոցների նախաձեռնությունը և կրծքով կերակրման խորհրդատվության ուղեցույցները:

° Ապահովել, որ գործատուները կանանց կրծքով կերակրելու համար անհրաժեշտ ժամանակ և համապատասխան վայր են տրամադրում, այդ թվում՝ վճարվող մայրության և հայրության արձակուրդ՝ մայրական արձակուրդի ավելի երկար ժամանակահատվածով, երեխայի խնամքի մատչելի և որակյալ ծառայություններ, երեխայի համընդհանուր նպաստ և արժանավայել աշխատավարձ:

 

Սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովին և դեկտեմբերին կայանալիք Տոկիոյի Սնուցում հանուն աճի գագաթնաժողովին ընդառաջ՝ կառավարությունները, դոնորները, քաղաքացիական հասարակությունը և մասնավոր հատվածը հնարավորություն ունեն խելացի ներդրումներ անել և պարտավորություններ ստանձնել գլոբալ թերսնուցման ճգնաժամի հաղթահարման համար, այդ թվում՝ խթանելու և աջակցելու կրծքով կերակրմանը՝ ավելի հզոր քաղաքականության, ծրագրերի և գործողությունների միջոցով:

 

«Հիմա մեր ձգտումները նվազեցնելու ժամանակը չէ: Հիմա ժամանակն է ավելիին ձգտելու: Մենք պարտավորվում ենք հաջողություն գրանցել Սնուցում հանուն աճի. գործողության տարի նախաձեռնության միջոցով՝ երաշխավորելով, որ յուրաքանչյուր երեխայի սննդարար, անվտանգ և մատչելի սննդի և ճիշտ սնվելու իրավունքը կյանքի կոչվի կյանքի առաջին իսկ օրերից՝  կրծքով կերակրումից սկսած»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ