Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսային կեղծ ռազմավարության հետքերով

Կորոնավիրուսային կեղծ ռազմավարության հետքերով

1808
0

Մոտ մեկ տարի առաջ համավարակը Հայաստանում օրհասական խնդիր էր դարձել հասարակության համար։ Հյուրանոցները վերածվել էին հիվանդանոցների, շատ կազմակերպություններ պարզապես դադարել էին աշխատել, ոմանք աշխատում էին հեռահար, իսկ տուրիստական ընկերությունների աշխատանքն ուղղակիորեն տապալվեր էր։ Իհարկե, շատ երկրներում ևս նույն իրավիճակն էր, սակայն սկսենք ամենասկզբից։

2019թ․ վերջից արդեն շրջանառվում էր կորոնավիրուսային հիվանդության մասին լուրերը։ Իսկ 2020թ․-ից հարևան շատ  երկրներում արդեն իսկ լոքդաուն հայտարարվեց և մեծ էր վտանգը, որ մեզ մոտ ևս վարակը կհասնի։ Սակայն այդ նույն ժամանակահատվածում մեզ մոտ այլ իրավիճակ էր։ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը հավաստիացնում էր, որ կորոնավիրուսը մեզ համար լուրջ վտանգ լինել չի կարող, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում էր նույն այդ միտքը՝ «Կորոնավիրուսն ու՞մ շունն է, որ վախենանաք»։ Սակայն մի քանի ամիս անց՝ համավարակն արդեն Հայաստանում էր։ Մինչ այդ, կառավարությունը ժողովրդին ներկայացնում էր, թե իբրև ունենք բավարար պատրաստվածություն՝ համավարակին դիմակայելու համար։ Սակայն մենք չօգտագործեցինք այն բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները, որոնք կարող էին ճիշտ նպատակին ծառայել և կանխել կորոնավիրուսային ճգնաժամը։ Խոսքը վերաբերում է հենց այն ժամանակահատվածին, որ դեռևս վարակը մեզ չէր հասել, բայց մեզ մոտ հակառակ ամեն ինչին՝ կազմակերպում էին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։ Հիշեցնենք, որ այդ նույն ժամանակ հարևան երկրներում մաքսիմալ վերահսկողություն էր իրականցվում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվեց 2020թ մարտին, սակայն հասարակության շրջանում լուրեր էին պտտվում վերջինիս ավելի վաղ տարածման մասին։ Այս մասով հստակ որևէ տվյալ ներկայացնելը դժվար է, սակայն կա մասնագետների կողմից վարկած, որ ավելի վաղ մենք պարզապես չունեինք համապատասխան թեստավորման հնարավորություն, ուստի՝ գուցե վարակը ավելի շուտ էր ներթափանցել Հայաստան։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսային ճգնաժամին, այն սկսվեց շատ արագ և կտրուկ, համենայնդեպս, մեզ այդպես էին ներկայացնում։ Սկզբում մենք կարծես, բավարար ռեսուրսներ ունեինք և բավականաչափ պատրաստված էինք համավարակին «ընդունելու» համար։ Սակայն առաջին վարակի հաստատումից հետո մի քանի շաբաթ անց, կարծես անկառավարելի իրավիճակ էր ստեղծվել, մասնավորապես ՝ հիվանդանոցներում։ Տեղեկատվական տիրույթն էլ անմասն չմնաց այս ամենում։ Ակտիվ տարածում գտավ մարզահամերգային համալիրի լուսանկարը, որտեղ տեղադրված էին մահճակալներ՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների համար, քանի որ ըստ իրենց՝ հիվանդանոցները այլևս չէին բավականացնում հիվանդ ընդունելու համար։ Լուսանկարն էլ կրկնակի խուճապ տարածեց հանրության շրջանում։ Բայց արդյո՞ք շահագործվեց այն։ Կարծես՝ ոչ։ Այսինքն, այն միայն խուճապ տարածելու նպատա՞կ էր հետապնդում։

Այնուհետև, մեզ մոտ ևս լոքդաուն հայտարարվեց։ Սակայն միևնույն ժամանակ հիվանդանոցներում և հյուրանոցներում բուժում ստացող վարակակիր անձանց ըստ իրենց ասած՝ հրամանի, հիվանդության թեթև ընթացքով պացիենտներին ուղարկեցին տուն, որպեսզի արդեն տանը շարունակեն բուժումը։ Բայց եթե լոքդաուն էր հայտարարված երկրում, ինչպե՞ս է լինում, որ վարակի անվերահսկելի շղթա էին բաց թողնում։ Սա նույնպես տրամաբանությունից դուրս էր։

Նախարար Թորոսյանն էլ վարչապետի հետ չէին կողմնորոշվում՝ ի վերջո վիրուսը վտանգավո՞ր է, թե՞ ոչ։ Քանզի սկզբում ըստ իրենց՝ անհանգստանալու խնդիր չկա, հետո՝ մահացու վիրուս է և պետք է պաշտպանվել։ Մինչ օրս այդ հարցի պատասխանը ո՛չ ԱՆ ներկայիս նախարարը, և ո՛չ էլ վարչապետը չեն կարողացել հասկանալ, և հիմա էլ իրարամերժ հայտարություններ անելով՝ փորձում են ցույց տալ, թե համավարակը իրենց վերահսկողության տակ է, և մնում է միայն հասարակությունը հետևի հակահամաճարակային կանոններին։

Շարունակելի

Օֆելյա Պողոսյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ