Գլխավոր էջ Գլխավոր Առանց սանհանգույցի, բորբոսով պատված պատեր, ժանգ․ ահա այստեղ պատրաստվում է կաթնամթերք

Առանց սանհանգույցի, բորբոսով պատված պատեր, ժանգ․ ահա այստեղ պատրաստվում է կաթնամթերք

551
0

Վերջին շաբաթների ընթացքում կաթնամթերքի և պանրի արտադրամասերում խախտումներ են հայտնաբերվում։ Խախտումները հիմնականում վերաբերվում են պահման  ու սանիտարահիգիենիկ պայմաններին։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումներից հետո կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սեյրան Բեգլարյանին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասի գործունեությունը (գ. Խնձորեսկ):

ՍԱՏՄ-ից Medmedia.am-ը տեղեկանում է, որ կասեցման հիմք են ծառայել հայտնաբերված խախտումները:

«Աշխատանքներն ավարտելուց հետո արտադրական, կենցաղային և օժանդակ սենքերը չեն լվացվել և ախտահանվել ներկայացվող հիգիենիկ պահանջներին համապատասխան, սարքավորումներն ապահովված չեն եղել չափիչ և ստուգիչ սարքավորումներով, կաթնամթերքի փաթեթավորման համար օգտագործվող նյութերը չեն բավարարել տեխնիկական կանոնակարգերի պահանջները և հանդիսացել են սննդամթերքի աղտոտման աղբյուր, բուն փաթեթավորման գործընթացները չեն կատարվել փաթեթավորման ամբողջականությունն ու մաքրությունն ապահովող, սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում»,-նշում են ՍԱՏՄ-ից:

Հատկանշական է այն, որ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցը չի անցել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություններ, բացակայել է անձնակազմի համար նախատեսված հանդերձարանը:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Նախորդ շաբաթ, նույն պատկերն էր «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի և մսամթերքի արտադրամասում։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչները ստուգում են իրականացրել «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) և մսամթերքի արտադրամասերում, սպանդանոցում, անասնապահական և խոզաբուծական ֆերմաներում, իրացման կետում (Շիրակի մարզ, Բանդիվան գյուղ):

ՍԱՏՄ-ից տեղակացանք, որ ստուգման ընթացքում պարզվել է, որ կաթնամթերքի արտադրամասի սարքավորումները ժանգոտված են, պանրի աղաջրերի համար նախատեսված ավազանները, սրահի պատերը, հատակը պատված են բորբոսով, մսամթերքի արտադրամաում տեխնոլոգիական գործընթացը չի կազմակերպվում այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, չկան լվացարաններ և սանհանգույց:

Երկու արտադրամասերում էլ բացակայում են անձնակազմի համար նախատեսված հանդերձարանները: «Բանդիվան Կաթ» ՍՊԸ կաթնամթերքի և մսամթերքի արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված թերությունները վերացնելու համար: Ի դեպ, խախտումների հայտնաբերումից հետո, «Բանդիվան Կաթ»-ից հայտնել էին, թե իրենց մոտ խախտումներ չկան ու ամեն բան նորմալ է, ավելին, իրենց գործունեությունը կասեցված չէ։

Ընկերություններին տրվել է ժամկետ թերությունները վերացնելու համար։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ