Գլխավոր էջ Գլխավոր Ձեռք կբերվի՞ նոր պատվաստանյութ

Ձեռք կբերվի՞ նոր պատվաստանյութ

804
0

Հայաստանում պատվաստումային գործընթացը սկսել է ապրիլի 13-ից,մինչ այսօր, հուլիսի 19-ի դրությամբ` կատարվել է 131080 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 94560, երկրորդ դեղաչափ` 36520։ Նշենք, որ այս թիվը ընդգրկում է նաև օտարերկրացիների պատվաստումները։ Ինչ խոսք, գործընթացը դանդաղ է ընթանում։ Մյուս կողմից էլ մարդկանց շրջանում խուճապային տրամադրություններ են և առաջացել են բազմաթիվ հարցեր, որոնք կապված են պատվաստանյութերի քանակի հետ։ Արդյո՞ք նման տեմպերով Իրանի կամ այլ երկրի քաղաքացիներին պատվաստելու պարագայում չեն վերջանա պատվաստանյութերը, արդյո՞ք հետագայում քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց իսկ նախընտրած պատվաստանյութով պատվաստվելու․․․

Medmedia.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության համար իր քաղաքացիները միշտ առաջնահերթություն են։

«Նոր խմբաքանակ ձեռք բերելու համար Հայաստանը բանակցությունները շարունակում է Covax հարթակի շրջանակում եվ երկկողմանի բանակցային ձեվաչափով։ Ինչ վերաբերում է այլ երկրի քաղաքացիներին․ օտարերկրացիները այս պահին պատվաստվում են միայն AstraZeneca-ով, բայց այս մասով մեր քաղաքականությունը ճկուն է, այսինքն՝ իրավիճակային որոշումներ կարող են լինել»,-նշեց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում այս պահին երեք տեսակի պատվաստանյութ է կիրառվում՝ ռուսական «Սպուտնիկ V», բրիտանա-շվեդական «AstraZeneca» և չինական «Կորոնավակը»։

Երեք պատվաստանյութերն էլ բաց են բոլորի համար և քաղաքացիները կարող են  ընտրել, թե որ պատվաստանյութով են ուզում պատվաստվել։

«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։

Ս․ Ասատրյան

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ