Գլխավոր էջ Գլխավոր Սիբիրյան խոցը սպառնու՞մ է մյուս մարզերին

Սիբիրյան խոցը սպառնու՞մ է մյուս մարզերին

2687
0

Օրեր առաջ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում հաստատվել էին սիբիրյան խոցի դեպքեր։ Հիվանդները հոսպիտալացվել են, իսկ վարակված խոշոր եղջերավոր անասունները մասսայական անկում են։ Խնդրի զարգացման և նրա դեմ պայքարի մասին MedMedia.am-ը զրուցել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ։

Ի՞նչ իրավիճակ է այս պահին։ Արդյո՞ք կարող ենք սիբիրյան խոցը հաղթահարելի կամ գոնե հաղթահարման փուլին մոտ համարել։

Իրավիճակն ամբողջությամբ կառավարելի է։ Սիբիրյան խոցը հաղթահարելի է, հաշվի առնելով հիվանդության առանձնահատկությունները՝ այն շատ արագ չի տարածվում և կենդանուց կենդանիները չեն վարակվում, կենդանիներից միայն մարդիկ են վարակվում, իսկ կենդանիները՝ հողից, կամ սատկած կենդանիների դիակների հետ շփումից։ Ամենայն հավանականությամբ վեևջինս էլ տեղի է ունեցել Վարդենիսում։

Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ այս երկու դեպքերի միջև կապ չկա, այսինքն կարո՞ղ ենք ենթադրել, որ այլ մարզերում ևս հնարավոր է արձանագրվի սիբիրյան խոցի դեպքեր։

Այո, հնարավոր է, որ այլ մարզերում էլ լինի՝ հաշվի առնելով երաշտը։ Իսկ թե ինչով է դա փոխկապակցված՝ սա հողային ինֆեկցիա է։ Երաշտի ժամանակ, երբ որ խոտ չկա, կենդանիները ստիպված են լինում ավելի մոտիկից հողի հետ շփվել և այդ չորացած խոտերը կարող են վնասել լորձաթաղանթը, և սիբիրախտի հարուցիչը հանգիստ կարող է ներթափանցել։

Արդյո՞ք դեպքերի հաստատման օրերին չի եղել գյուղից մսի կամ կաթի դուրսբերում։ Կամ եթե եղել են որոշ դեպքեր, ի՞նչ են արվել, որտե՞ղ են այն հանձնել սպառման։

Մսի և կաթի դուսբերում չի եղել, մեր սահմանափակումերը արագ իրագործել ենք։ Եղել է մսի բաժանում այդ համայնքների միջև, այսինքն՝ կենդանին մորթել են և միսը վաճառել համայնքում։ Մենք կաթի վրա արագ սահմանափակում դրեցինք, պատվաստում արեցինք, այնուհետև, ըստ հրահանգի՝ երեք օր հետո նոր թույլատրել ենք կաթի մթերումը։

Այս պահի դրությամբ, ըստ Ձեզ, արտակարգ դրություն սահմանելու անհրաժեշտություն կա՞ և ի՞նչ միջոցառումներ են այժմ իրականացվում հիվանդության հետագա շղթան կասեցնելու համար։

Իհարկե, դասական առումով՝ արտակարգ դրություն սահմանելու որևէ խնդիր չկա, բայց մենք սահմանափակումներ արել ենք, ինչպես նշեցի, այդ գյուղերից ոչ միս, ոչ կաթ դուրս չի եկել։ Այս պահին կենդանիների ամբողջ գլխաքանակը պատվաստված է, կողքի գյուղում նույնպես, եթե մնացել էին չպատվաստված կենդանիներ՝  համապատասխան պատվասումները իրականացրել ենք։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ