Գլխավոր էջ Գլխավոր Ո՞վ տապալեց պատվաստումային արշավը

Ո՞վ տապալեց պատվաստումային արշավը

862
0

Տեղեկատվական տիրույթում ի սկզբանե բուռն քննարկվում էր՝ ի վերջո ո՞ր պատվաստանյութն է առավել արդյունավետ կամ անվտանգ։ Այդ պայքարում, կարծես, «հաղթեց» ռուսական արտադրության Sputnik V-ն, որից հետո կրկին չդադարեցին քննարկումները։ Մի մասը պնդում էր, որ ռուսական արտադրանք է, լավը կլինի, մյուս մասը փաստում, որ եվրոպական երկրները այն չեն ճանաչում։ Իսկ ինչ վերաբերում է բրիտանական Astra Zeneca-ին, վերջինիս շուրջ էլ ավելի մեծ քննարկումներ եղան։ Եվրոպական մի շարք երկրներ դադարեցրին դեղամիջոցի կիրառումը այն բանից հետո, երբ պատվաստանյութի կիրառման ժամանակ գրանցվեցին թրոմբի առաջացման բազմաթիվ դեպքեր։ Թեև որոշ ժամանակ անց շարունակեցին օգրագործել այն։

Պատվաստանյութերի շուրջ տարածվելով հակասական կարծիքներ, մարդկանց մոտ, կարծես, վախ առաջացավ։ Վախ՝ ոչ այնքան վարակից, ինչի դեմ պետք է պատվաստվել, այլ հենց պատվաստանյութից և նրանից բխող հետևանքներից։ Պատվաստանյութերի արդյունավետության մասին կխոսեն մասնագետները, բայց հասարակ մարդիկ, որոնք ուզում էին պատվաստվել և սպասում էին պատվաստանյութերի Հայաստան հասնելուն՝ այնքան էլ չարդարացվեցին նրանց սպասելիքները։ Հասարակության մեջ վախ և անվստահություն սերմանելուց հետո, փորձում են դեռևս համոզել, որպեսզի մարդիկ պատվաստվեն։ Թեպետ, պատվաստվողներ եղել են, սակայն բնակչության շատ քիչ տոկոսն են կազմում։

Մարդկանց անվստահությունը ներկրված պատվաստանյութերի, մասնավորապես ՝ Astra Zeneca պատվաստանյութի հանդեպ ավելացավ, երբ վարչապետ Փաշինյանը տիկնոջ հետ պատվաստվեց՝ որպես օրինակ մյուսների համար, սակայն հրաժարվեց բարձրաձայնել այն պատվաստանյութի անունը, որով իրենք են պատվաստվել։ Պարզ է, որ նման վարքագիծը արդեն իսկ տարածված խոսակցություններին կավելացներ նորերը։ Քանզի, եթե կա հասարակության կողմից վախի դրսևորում, ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը կրկնապատկել այն և միևնույն ժամանակ հորդորել, որ հետևեն իր օրինակին։

Այս երկու պատվաստանյութերին ավելացավ նաև չինական Coronavak –ը, որի մասին ԱԺ-ում, իր ելույթի ժամանակ ներկայացրեց վարչապետը։ Փաշինյանն ասաց, որ Ազգային ժողովի նախագահությունից որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, ինչից հետո սկսեց ծիծաղել, իսկ Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանը սկսեցին միմյանց մատով ցույց տալ, թե որ մեկն է պատվաստվելու այդ պատվաստանյութով։ Չինական պատվաստանյութի նկատմամբ նման արձագանքը հրապարակավ ծաղր էր Չինաստանին։ Արդյո՞ք սա միջազգային հարաբերությունները չպատկերացնելու արդյունք էր, թե՞ պետական կառավարումից հեռու իշխանության գործելաոճ։ Այս ամենը այնքան էլ ընդունելի չէ մի երկրի համար, որտեղ արդեն իսկ տապալվել էր վարակի դեմ պայքարը, իսկ հիմա նույն տեմպով շարունակում են տապալել պատվաստանյութերի արշավը։

Տեսնելով հասարակության մեջ արդեն սերմանած անվստահությունը, գուցե պետք էր իշխանամետ պաշտոնյաները ինչ-որ կերպ փոխեին մարդկանց վերաբերմունքը պատվաստանյութերի նկատմամբ, մասնավորապես ՝ Astra Zeneca –ի, քանի որ մեր երկրում հասարակության մեծ մասը հենց նրանով է պատվաստվում։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ