Գլխավոր էջ Նորություններ «Զվարթնոցում ջերմությունս չչափեցին, ասացին՝ հիվանդանոց տեղափոխելու իմաստ չկա» ․ Չինաստանից վերադարձած ...

«Զվարթնոցում ջերմությունս չչափեցին, ասացին՝ հիվանդանոց տեղափոխելու իմաստ չկա» ․ Չինաստանից վերադարձած ՀՀ քաղաքացի

1603
0

Չինաստանի Շանհայ քաղաքից վերադարձած Տիգրան Մուրադյան անուն ազգանունով ֆեյսբուքյան օգտատերը ահազանգել է Factor.am-ին՝ պնդելով, որ Չինաստանից վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում իրեն վստահեցրել են, թե հիվանդանոց տեղափոխելու կամ կարանտինի տակ պահելու իմաստ չկա: Հետագայում, երբ դիմել է՝ կորոնավիրուսի թեստ անցնելու նպատակով, պարզել է, որ ըստ օդանավակայանում իր անունով լրացված թղթի՝ ինքը պետք է Նորքի հիվանդանոցում պառկած լիներ: Ստորև ներկայացնում ենք մեզ դիմած քաղաքացու նամակն ամբողջությամբ ու անփոփոխ.

«Վերադարձել եմ ՀՀ 8 օր առաջ՝ փետրվարի 20-ին` 25 օր Շանհայում մնալուց հետո: Օդանավակայանում ինքս մոտեցել եմ բժիշկներին, տվել տվյալներս, խնդրել, որ ինձ տեղափոխեն հիվանդանոց` քանի որ ամեն դեպքում օդանավով էի եկել, և այնտեղ կոնտակտ էի ունեցել օդանավում գտնվող ուղևորների հետ:

Օդանավակայանում ինձ ասացին, որ իմաստ չկա ինձ հիվանդանոց տեղափոխելու կամ կարանտինի տակ պահելու, քանի որ ոչ մի ախտանշան օդանավակայանում գտնվող իրենց սարքը ցույց չէր տալիս, և ինձ ուղարկեցին տուն: Ինձ այս 8 օրվա մեջ զանգահարել են ընդամենը 4 անգամ` հարցնելով ընդամենը`տաքություն ունեմ, թե չէ` չնայած որ բժշկուհին ինձ ասաց, որ ինձ մոտ կարող է ընդանրապես ախտանշան չլինել, բայց ես վիրուսակիր լինեմ` հետևաբար կորոնավիրուսը այդքան վտանգավոր հիվանդություն է ( չնայած նրան, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, թե կորոնա վիրուսը վտանգավոր հիվանդություն չէ): Երբ ինձ զանգահարեցին արդեն երրորդ անգամ ( այս անգամ Շենգավիթի պոլիկլինիկայից) և հարցրեցին առողջությանս որպիսության մասին, ես խնդրեցի, որ ինձ տանեն թեստավորման, քանի որ գիտեմ, որ ՀՀ-ն 200 թեստի ապարատներ է ստացել Ռուսաստանից: Բժշկուհին շատ կոպիտ կերպով ինձ ասաց, թե ես կարող էի պահանջել, որպեսզի թեստ անցնեի, երբ պառկած էի Նորքի հիվանդանոցում: Այս խոսքերը ինձ անակնկալի բերեցին: Ես ասացի բժշկուհուն, որ ես ոչ մի օր չեմ անցկացրել Նորքի հիվանդանոցում, ինչին ի պատասխան բժշկուհին ասաց, որ իրեն թուղթ են փոխանցել, որտեղ նշված է, որ ես պառկած եմ եղել Նորքի հիվանդանոցում: Այսինքն՝ ստացվում է, որ ես հավանաբար ի սկզբանե պետք է տեղափոխվեի Նորքի հիվանդանոց, սակայն Առողջապահության նախարարությունը չի հետևել իր այդ պարտականությանը ինձ ուղղակի գրանցել էն փաստաթղթերում, սակայն ոչ մի բուժօգնություն ցույց չեն տվել: Ես գրում եմ Ձեզ այս նամակը, քանի որ ակնհայտ կոռւպցիոն գործընթացի վտանգ եմ զգում, և խնդրում ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա: Հիշեցնեմ նաև, որ այնպիսի երկրներ, ինպիսին են օրինակ՝ Ռուսաստանը և Ուկրաինան իրենց բոլոր քաղաքացիներին պահում են 14 օրյա կարանտինի մեջ` ապահովելով սննդով և անհրաժեշտ այլ պայմաններով: Շատ ասիական երկրներ շատ մեծ միջոցներ են տրամադրել կորոնա վիրուսի դեմ պայքարի դեմ, սակայն, գալով ՀՀ` ես հասկացա, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մատնված է պարապուրդի, ցուցաբերում է բացահայտ անտարբերություն այս պահին աշխարհի բոլոր երկրների համար` համար մեկ մարտահրավեր հանդիսացող կորոնավիրուսի դեմ պայքարում: Ես ցանկանում եմ նշել, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շատ անլուրջ վերաբերմունք է ցույց տալիս կորոնավիրուսի պայքարի նկատմամբ, անում ոչ խելամիտ հայտարարություններ, և անուշադրություն մատնելով ՀՀ ժամանած բոլոր Չինաստանից ժամանած հայերին` պոտենցիալ վտանգ է առաջացնում ՀՀ քաղաքացիների անվտանգությանը: Շատ շնորհակալ կլինեի, եթե արձագանքեիք իմ այս ահազանգին, կամ ձեռնամուխ լինեիք այս լուրջ խնդրին լուծումներ տալու ուղղությամբ»,- գրել է մեր հայրենակիցը՝ Factor.am-ին ուղղված իր նամակում: Չինաստանից վերադարձած ՀՀ քաղաքացուն «Զվարթնոց» օդանավակայանում վստահեցրել են, թե հիվանդանոց տեղափոխելու կամ կարանտինի տակ պահելու իմաստ չկա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ