Գլխավոր էջ Գլխավոր Նախարարությունից «հիշեցնում» են՝ պետք է պատվաստվել

Նախարարությունից «հիշեցնում» են՝ պետք է պատվաստվել

343
0

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն այսօր՝ հունիսի 22-ին ներկայացրեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։ Վերջինս նախ հայտնեց, որ մեզ մոտ կորոնավիրուսային իրավիճակը հարաբերական կայուն է, սակայն չի բացառվում, որ պատկերն այլ լինի, քանի որ վիրուսի վերարտադրման ցուցանիշն ավելանում է։ Ավելին՝ նախարարությունում հաշվարկներ են իրականացրել, թե նման տեմպի շարունակման դեպքում ինչ պատկեր կլինի, այսպիսով՝ մոտակա շաբաթվա ընթացքում սպասվում է կորոնավիրուսի 600 նոր դեպք, որի 30 տոկոսը կհոսպիտալացվի, իսկ 5 հոգի կտեղափոխվի վերակենդանացման բաժանմունք։

Թե ինչու էին նախարարությունում որոշել հաշվարկներ ներկայացնել մեզ՝ հասարակ մահկանացուներիս գուցե սկզբում պարզ չէր, քանի որ վերջին օրերին վարակման թվերը նվազել են, նույնիսկ այն դեպքում, երբ երկրում հանրահավաքներ էին, արտահերթ ընտրութուններ, իսկ դիմակ կրելու մասին ընդհանրապես մոռացել ենք։ Ինչպես պարզվեց, ներկայացված կանխատեսումը ոչ թե մեզ վախեցնելու համար էր, այլ «հիշեցնելու», որ պետք է պատվաստվել։

Սահակյանը ներկայացնելով նախարարության վիճակագրությունը՝ հայտնեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ՀՀ բնակչության երկու տոկոսը, որն ի դեպ ամենացածր ցուցանիշն է տարածաշրջանում։ Հետաքրքիր է նաև այն, որ ըստ Սահակայանի հայտնած տվյալների՝ նախկինում օրական 2000 պատվաստման, այժմ իրականացվում է 1500-ը։

Թե ինչու է նման պատկեր՝ դժվար է ասել, գուցե սա համընդհանուր անվստահություն է պատվաստանյութերի կամ նախարարության հանդեպ։ Նման ցածր ցուցանիշը զարմանալի է նաև այն տեսանկյունից, որ նախարարությունում ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի քաղաքացիները պատվաստվեն՝ կան պատվաստման շարժական խմբեր, պատրաստվում են գովազդներ ու պաստառներ նաև հայտնի դեմքերի, բուժհաստատությունների աշխատակիցների պատվաստման լուսանկարների հրապարակումներ։ Ու հարց է ծագում՝ ինչո՞ւ է նախարարության աշխատանքը ջուրն ընկնում։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ