Գլխավոր էջ Նորություններ Իսպանացի բժիշկներն Արցախում անվճար վիրահատություններ կիրականացնեն

Իսպանացի բժիշկներն Արցախում անվճար վիրահատություններ կիրականացնեն

552
0

Մադրիդի «Գրիգորիո Մարանիոն» հիվանդանոցի ինտերվենցիոն սրտաբանական բաժանմունքի սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, «AMADEA» բարեգործական կազմակերպության նախագահ Լիլիան Գրիգորյանը վաղը իսպանացի մի խումբ բժիշկների հետ կուղևորվի Արցախ՝ Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ  մեկ շաբաթում 25-30 վիրահատություն է ծրագրված։

Եվ ոչ միայն վիրահատություն։ «Մեզ փոխանցել են մոտ 100 հոգու ցուցակ և ծրագրում ենք այս ցանկից շուրջ 25-30 վիրահատություն անցկացնել։ Մեզ հետ տրավմատոլոգ-օրթոպեդներ են, մանկաբույժներ, անասթեզիոլոգներ և ինքս՝ սրտաբան։ Ինչո՞ւ Արցախ և ինչու՝ պատերազմից հետո, որովհետև մենք գիտենք, որ այնտեղ հիմա մասնագետների մեծ անհրաժեշտություն կա և մեր կազմակերպությունում ներգրավված մասնագետներն աշխատում են տարբեր բնագավառներում և այս ասիստենցիալ մասով էլ փորձելու ենք հնարավորինս օգտակար լինել և օգնել»,- «Հրապարակին» ասաց Լիլիան Գրիգորյանը։

Բացի վիրահատությունները, իսպանացի բժիշկներն իրենց հետ բերել են և Արցախ են տանելու նաև պրոթեզներ, տրավմոտոլոգիական վիրահատությունների էնդոպրոթեզներ, ընդհանուր վիրահատությունների համար անհրաժեշտ տարբեր սարքավորումներ,ռեաբիլիտացիոն սարքեր և տարբեր պրեպարատներ։

Կազմակերպությունը, որի հայերեն հապավումը «Հայաստանի բարեկամների բժշկական ասոցիացիա» է, ստեղծվել է  44-օրյա պատերազմից անմիջապես հետո և այս ամիսների ընթացքում Հայաստանի ու Արցախի համար իրականացրել է տարբեր կրթական ծրագրեր։
«AMADEA» -ի ստեղծման պատճառը, Լիլիան Գրիգորյանի խոսքով, պատերազմն էր։

«Մենք համախմբվեցինք և ստեղեցինք այդ կազմակերպությունը, որովետև մինչ պատերազմը հայ համայնքն Իսպանիայում, այնքան էլ մեծ չլինելով, չուներ որևէ կազմակերպված հարթակ, ձևաչափ։ Մեր դերը նաև այն է, որ պատմենք նաև մեր իսպանացի ընկերներին ու կոլեգաներին իրադրությունը և այն իրականությունը, որ Հայաստանում և Արցախում է։ Եվ մեր ընկերները, իսպանացիներն առհասարակ, շատ սոլիդար ժողովուրդ են, պատրաստակամություն են հայտնել այդպիսի աջակցություն ցուցաբերելու։ Եվ մեր կազմակերպությունը հենց դրանով էլ զբաղվում է, որ կոորդիանացնում և կոորդինացնելու է այդ աշխատանքներն Իսպանիայում»,-ասաց ասոցիացիայի նախագահը։

Ինչ վերաբերում է կազմակերպությունում իսպանացի բժիշկների ներգրավմանը, Լիլիան Գրիգորյանն ասում է, որ բժշկական այս խմբով սա Հայաստան ու Արցախ իրենց առաջին այցն է, բայց սա միայն սկիզբն է․իրենց աշխատանքը Արցախում լինելու է շարունակական։ «Սա միայն սկիզբն է»,-ասաց Լիլիան Գրիգորյանը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ