Գլխավոր էջ Գլխավոր Բժիշկների քաղաքականությունը․Անահիտ Ավանեսյան

Բժիշկների քաղաքականությունը․Անահիտ Ավանեսյան

1517
0

Անահիտ Ավանեսյան-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 15-րդ համարը Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն է։

Անահիտ Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին։ 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրոսի կոչում։ 2002-2004 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ավարտելով իրավունքի մագիստրոսի կոչմամբ։ 2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում։ Բժշկության հետ որևէ կապ չունեցող Ավանեսյանը, 2021 թ-ի հունվարի 18-ին, նախկին նախարար Արսեն Թորոսյանի՝ պաշտոնից ազատվելուց հետո նշանակվեց առողջապահության նախարար։ Նշենք, որ վերջինս Թորոսյանի առաջին տեղակալն էր շուրջ երեք տարի և, ըստ լուրերի՝ Ավանեսյանի ամուսինը Թորոսյանի մոտ ընկերն է, ինչը նորանշանակ նախարարը չէր հերքել։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանն ու Արսեն Թորոսյանն ունեն բիզնես շահեր եւ մտերիմ են։ Մասնավորապես՝ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ նախարարության եւ դրա ենթակայության կառույցների հետ։

Ավանեսյանի՝ նախարար նշանակվելուց անմիջապես հետո լուրեր տարածվեցին, որ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, «Ռեմա» կրոնական կազմակերպության քարոզիչն է։ Ավանեսյանը, լրագրողների հետ զրույցում չէր հերքել ամուսնու՝ «Ռեմա»-ի հետևորդ լինելու փաստը, միայն նշել էր․ «Ամուսինս քարոզիչ չէ»։

Ավանեսյանի պաշտոնավարման տարիները կհիշվեն նաև պատերազմում զոհվածների մարմինների ու մասունքների նույնականացման գործընթացով։

Նույնականացման գործընթացը դանդաղեց։ Զոհվածների ծնողները երբեմն ստիպված էին նույնականցումը անել արտերկրում, քանզի չէին վստահում ստացված արդյունքներին։ Այնինչ Հայաստանում եղել են սարքեր, որոնք, թերևս չեն օգտագործվել։

ԱՆ-ն պատճառաբանեց, որ Հայաստանը չուներ համապատասխան սարքավորում, այնինչ՝ Հայաստանում առկա են եղել սեկվենատորները( ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ, «ԲԺՇԿԱԿԱՆ ԳԵՆԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ»Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը), որոնք թերևս չեն գործարկվել։ Ավանեսյանը անդրադարձել է միայն ՁԻԱՀ-ի կենտրոնի սեկվենատորին և նշել, որ  ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում, առկա է եղել այս սարքը, սակայն դրա տեխնիկական հագեցվածությունը, ծրագրային ապահովումը բացարձակ չեն համապատասխանել նման անալիզներ իրականացնելու համար:

Դիակների նույնականացման գործում օգնություն են առաջարկել լուծարված ՁԻԱՀ-ի Կենտրոնի նախկին աշխատակիցները, քանզի՝ ըստ նրանց, սարքը լիովին համապատասխանում է նույնականցման գործընթացը իրականացնելու պահանջներին, բայց առողջապահության նախարարությունը այն թողել է անպատասխան:

Օգնություն են առաջարկել նաև ԲԺՇԿԱԿԱՆ ԳԵՆԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ի աշխատակիցները, բայց առողջապահության նախարարությունը այն թողել է անպատասխան:

Անահիտ Ավանեսյանի վարկանիշի վրա բացասաբար ազդեց ևս մեկ խնդրի առկայություն․ հարազատները չեն վերցնում նույնականացված մարմինները, թե որն է դրա հիմնական պատճառը՝ նախարարությունը շրջանցեց․ «Փաստ է, չեն վերցնում»,-պատասխանում է մամուլի քարտուղարը։ Ավանեսյանն էլ հայտարարեց, որ պետությունը ստիպված կլինի նույնականացված մարմինները հուղարկավորել, առանց մեկնաբանելու այն պատճառները, որոնց հետևանքով էլ հարազատները չեն վերցնում մարմինները։

Անահիտ Ավանեսյանի գործունեության բումը կարելի է համարել պատերազմում զոհվածների մարմինների ու աճյունների նկատմամբ անփույթ վերաբերմունքը։ Համացանցում կայծակնային արագությամբ հայտնվեց տեսանյութ և լուսանկար  Աբովյանի դիահերձարանից, որտեղ զոհվածների մարմինները պոլիէթիլենով փաթաթված՝ նկուղային հարկի սենյակում էին, իրար վրա լցված, և ինչպես ականատեսներն էին ասում՝ +26 աստիճան շոգի պայմաններում։ Մասնագետներն էլ փաստում էին, որ այդ պայմաններում մարմինները պահելով, նվազեցվում է ԴՆԹ հետազոտություն անցկացնելու և մարմինները ճանաչելու հավանականությունը։

Անահիտ Ավանեսյանը այդ ամենի համար «ներողություն» խնդրեց, որին հաջորդեց «պատժիչ» գործողությունները։

Գլխավոր մեղավորները մնացին իրենց տեղերում, պատժվեցին «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվեցին աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացավ խիստ նկատողություն, սակայն կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը նախարարության պատասխանատվության հարցն էր, ոչ թե կենտրոնի աշխատակիցների:

Ի դեպ, չկա հստակ տեղեկատվություն այն մասին, թե քանի՞ մարմին է նույնականացվել և ի վերջո Աբովյանի դիահերձարանի նկուղում հայտնված մարմինները նույնականացվա՞ծ էին, թե՞ ոչ։

Անահիտ Ավանեսյանը այս ամենին զուգահեռ տապալեց նաև կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը։ Հայաստան ներկրելով «AstraZeneca» պատվաստանյութը,որն իբրև նվեր էր, նա վերջնականապես անվստահություն սերմանեց մարդկանց շրջանում։ Հարցերից ամենաարդիականն էր՝ ինչու՞ AstraZeneca և ոչ Սպուտնիկ V, ինչու՞ հենց այն պատվաստանյութը, որը աշխարհում գրանցել է բացասական արդյունքեր և որի անունը մշտապես կապվում էր թրոմփոզների ու մահերի հետ։

Իսկ ահա Սպուտնիկ V-ն շարքային քաղաքացիների համար մնաց երազանքի պես մի բան։ Դրանով պատվաստվեցին «ընտրյալները»՝ իշխանական էլիտայի որոշ ներկայացուցիչներ։

Այս ամենին զուգահեռ՝ Ավանեսյանը հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում, իսկ զոհվածների մարմինների պահման պայմանները շահարկվում է քաղաքական ենթատեքստից ելնելով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ