Գլխավոր էջ Օրվա թեման Սեռական կյանքի «դասեր» ֆիզկուլտուրայի ուսուցչի կողմից․ սպառնալի՞ք, թե՞ «դաստիարակություն»

Սեռական կյանքի «դասեր» ֆիզկուլտուրայի ուսուցչի կողմից․ սպառնալի՞ք, թե՞ «դաստիարակություն»

4083
0

Սեռական դաստիարակությանը վերաբերվող հարցերը շատ հաճախ խնդրահարույց են հենց ծնողների համար։ Նրանք ունեն բազմաթիվ հարցեր այս առումով և շատերն անգամ չգիտեն, թե ինչպե՞ս է հարկավոր զրուցել երեխաների հետ, կամ առհասարակ՝ արժի՞ խոսել ու բացատրել որոշ «անհասանելի» թեմաներ։ Այս հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ հոգեբան Տաթևիկ Նահապետյանից։

Medmedia.am-ի հետ զրույցում հոգեբանը կիսվել է իր մասնագիտական հմտություններով ու փորձել օգտակար լիներ, թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին։

Ո՞ր տարիքից է հարկավոր երեխայի սեռական դասիարակությամբ զբաղվել։

Հոգեբան-3 տարեկանից սկսում է սեռային նույնականացումը, երեխան սկսում է տարբերակել ու ճանաչել իր սեռը, հակառակ սեռը, դերային խաղեր է խաղում: Հենց այստեղից էլ հարկավոր է զբաղվել երեխայի սեռային դաստիարակությամբ: Սեռային դաստիարակությունը դեռևս միայն սեռական հարաբերությունները չեն և այն իր մեջ ներառում է սեռական անատոմիան, վերարտադրողական առողջությունը, հիգիենան, հոգեսեռական զարգացումը և այլն: Եվ հետևաբար անհրաժեշտ է փուլ առ փուլ երեխային տալ համապատասխան ինֆորմացիան: Յուրաքանչյուր տարիք ունի իր առանձնահատկությունները, որակները, բառամթերքը և հարկավոր է անպայման հաշվի առնել ցանկացած թեմայից խոսելու համար: 4-6 տարեկանում դեռևս լիարժեք զարգացած չէ երեխայի սեռային հասունացումը: Այդ տարիքում առավել շատ երեխաներին հետաքրքրում է թե որտեղի՞ց է ինքը լույս աշխարհ եկել, ո՞վ է ինքը, իրեն հետաքրքրում է իր մարմինը: Այսինքն, եթե նա շոշափում է իր սեռական օրգանները կամ հարցեր է տալիս երեխայի ծնվելու հետ կապված, երբ օրինակ՝ տեսնում է նորածին եղբորը, ապա դա երեխայի բնական հետաքրքրությունն է իր մարմնի հանդեպ ու նա փորձում է բացահայտել ինքն իրեն: Առավել նուրբ է այս հարցը դեռահասության շրջանում: Երբ լիարժեք ձևավորվում է սեռային ինքնագիտակցությունը: Դեռահասության տարիքային շեմը բավական իջել է և դա հարկավոր է հաշվի առնել սեռային դաստիարակման ընթացքում և ճիշտ ինֆորմացիա հաղորդել օրգանիզմում կատարվող ֆիզիոլոգիական փոփոխությունների մասին:

Ընդունելի՞ է դպրոցներում այդ թեմայի դասավանդումը, մանավանդ ֆիզկուլտուրայի ուսուցիչների կողմից։

Հոգեբան-Դպրոցում թեմայի դասավանդումը իհարկե անհրաժեշտ է՝ անպայման հաշվի առնելով երեխայի տարիքը և ունեցած որակներն ու ընկալման առանձնահատկությունները: Տարիներ շարունակ այս հարցը տաբու է եղել, սակայն լավ կլինի նախ և առաջ նման թեմաների մասին խոսել ընտանիքում: Ֆիզկուլտուրայի ուսուցիչը միանշանակ չպետք է վարի սեռադաստիարակության դասերը: Դասընթացը հատուկ նեղ մասնագիտացում է պահանջում և լիարժեք տեղեկատվություն տարիքային ճգնաժամերի, անձնային որակների և փոփոխությունների մասին: Անգամ ընտրված մեկ «սխալ» բառը, կարող է լուրջ բացասական հետևանք թողնել երեխայի առողջ հոգեկերտվածքի վրա:

 Ովքե՞ր պետք է այս թեմայի շուրջ աշխատեն երեխայի հետ․ ուսուցչուհինե՞րը, ծնողը, թե՞ հոգեբանները:

Հոգեբա-Սեռական դաստիարակությունը հենց ընտանիքից է սկսվում: Ընտանիքն է երեխայի համար անհրաժեշտ հիմքն ու մոդելը կառուցում: Սակայն ծնողներին զուգահեռ դպրոցներում սեռային դաստիարակությամբ բացառապես պիտի զբաղվեն հոգեբանները կամ սեքսապաթոլոգները: Շատ ընտանիքներում դեռևս արգելված թեմա է դա, ու լավ կլինի թեկուզև մասնագետները հաճախ քննարկումներ կազմակերպեն դպրոցներում տարբեր տարիքային խմբերի երեխաների ծնողների հետ՝ առողջ հիմնաքար ստեղծելու ու առողջ սերունդ մեծացնելու համար:

 

Թեմայի սխալ մատուցումը, որը շատ հաճախ լինում է ֆիզկուլտուրայի ուսուցիչների կողմից, ինչպիսի՞ հետևանք կարող է թողնել երեխայի հոգեբանության վրա:

Հոգեբան-Մերօրյա ինֆորմացիոն քաոսում արդեն իսկ շատ է բացասական տեղեկատվությունն ու երբեմն անկառավարելի է դառնում ինֆորմացիոն հոսքի կանխումը: Հաճախ դժվար է լինում ղեկավարել թե, ինչ է նայում երեխան համացանցում, կամ ինչի մասին կխոսի դպրոցում: Ինֆորմացիոն աղբից կպաշտպանի միայն հարցի ճիշտ մեկնաբանումը: Իսկ երբ սխալ է մատուցվում ուսուցչի կողմից, խնդիրն արդեն առավել բարդ է, չէ՞ որ շատ հարցերում ուսուցիչները էտալոն են երեխաների համար և տեղեկատվությունը ընդունում են առանց որևէ բացառման: Սխալ մատուցումը կարող է հանգեցնել տագնապների ու վախերի հետագայում սեռական հարաբերություններում, հոգետրավմաների, մեղքի զգացման, սեփական մարմինը ճիշտ չընկալելուն, մինչև իսկ սեռային կողմնորոշման խորքային և լուրջ խնդրին: Դա ուղղակի զրույց կամ ինֆորմացիա չէ, երեխան առավել զգայուն է վերաբերվում հարցին, և հնարավոր ամեն մի արտահայտած միտք, կարող է հեշտությամբ տեղավորվել երեխայի ենթագիտակցության մեջ և հասուն տարիքում իր բարդ հետևանքներն ունենալ:

Երբ երեխան ինչ- ինչ հարցեր է տալիս ծնողին, օրինակ՝ ի՞նչ է  սեքսը, ինչպե՞ս վարվի ծնողը:

Հոգեբան-Այստեղ նույնպես պիտի հաշվի առնել, թե որ տարիքում է երեխան հարցնում: Առաջին հերթին հարկավոր է ճշտել, թե երեխան որտեղի՞ց է լսել և ի՞նչ գիտի այդ ամենի մասին: Որպեսզի չտանք ավելորդ ինֆորմացիա և չծանրաբեռնենք երեխային: Նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքում այն բացատրվում է միայն էմոցիոնալ դաշտում, զգայական մակարդակի վրա և չի կիրառվում սեռական բնույթի տերմիններ: Երեխաների «անհարմար» հարցերին լավ կլինի չխուսափել պատասխանել՝ նշելով՝ «Մեծանաս, կիմանաս» կամ նմանատիպ այլ արտահայտություններով և խոսակցությունը սկսելիս շատ կարևոր է հաշվի առնել էմոցիոնալ ֆոնը, երբ երեխան տեսնում է ծողի կողմից արգելքներ, բարկություն, կամ ամոթի զգացում, արդեն իսկ սկսում է մտածել, որ դա արգելված և «չի կարելի» թեմա է ու սկսում է փնտրել իրեն հասանելի ինֆորմացիա, ինչը, ինչպես արդեն նշեցի, կարող է լուրջ հետևանքներ թողնել երեխայի հոգեսեռական զարգացման գործում:

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ