Գլխավոր էջ Նորություններ Առաջին խնդիրը, որ տեսանք պատերացմից հետո, պրոթեզների պակասն է Հայաստանում. ԱՄՆ-ից վիրաբույժ

Առաջին խնդիրը, որ տեսանք պատերացմից հետո, պրոթեզների պակասն է Հայաստանում. ԱՄՆ-ից վիրաբույժ

204
0

Առաջին խնդիրը, որը արտերկրից ժամանած մասնագետները տեսան Արցախյան պատերազմից հետո, պրոթեզների պակասն է: Նման կարծիք լրագրողների հետ զրույցում արտահայտեց Լոս Անջելեսի ոտնաթաթի եւ սրունքաթաթային հոդի վիրաբուժության ինստիտուտի հիմնադիր եւ նախագահ, «Հավերժ ազգ» հիմնադրամի ղեկավար Արմեն Հակոբջանյանը:

«Համար մեկ պրոբլեմը, որը մենք տեսանք կռվից հետո, պրոթեզներն էին. Մենք Հայաստանում պրոթեզներ չունենք», — ասաց մասնագետը:

Նրա խոսքով, «Հավերժ ազգ» հիմնադրամին հաջողվեց մեծ գումար հավաքել բարեգործական նպատակներով, եւ այդ գումարի նկատելի մասը ծախսվեց վիրավորված զինվորների համար պրոթեզներ ձեռք բերելու համար:

Այսօրվա դրությամբ, 60 երիտասարդ զինվոր պրոթեզավորվել է Interorto-ում: Նրանց համար Մոսկվայից հրավիրել էին հայտնի բժիշկ Տիգրան Ղարիբյանին, ով եւս եկել էր բարեգործական նպատակներով՝ իր հաշվին:

Արմեն Հակոբջանյանի խոսքով, «Հավերժ ազգ» հիմնադրամի միտքը ծագեց Ստեփանակերտում, պատերազմի ժամանակ, երբ արտերկրից ժամանած բժիշկները սկսեցին նկատել ոլորտի խնդիրները: Հիմնադրամը, մասնագետի խոսքով, ոչ միայն աջակցելու է բուժման կարիք ունեցողներին, այլ նաեւ օգնելու է բարձրացնել տեղացի բժիշկների մասնագիտական մակարդակը եւ մատակարարելու նրանց ժամանակակից տեխնիկայով:

Ավելին, ամիսը մեկ հիմնադրամը բժիշկների համար սեմինարներ է կազմակերպելու, որոնք եւս հնարավորություն կտան տեղացի մասնագետներին նոր մոտեցումներին ծանոթանալ:

Նշենք, որ մայիսի սկզբին Երեւանում տեղի կունենա «ETERNAL NATION» («Հավերժ ազգ») հիմնադրամի գիտաժողովը, որին մասնակցելու համար Երեւան են ժամանել վնասվածքաբան-օրթոպեդներ, կրծքային եւ պլաստիկ վիրաբույժներ, էնդոկրինոլոգներ, ինչպես նաեւ այլ բժշկական ոլորտի մասնագետներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից:

Նրանցից շատերը եկել են (ընդ որում՝ իրենց հաշվին) 10 օր առաջ, որպեսզի կանգնեն վիրահատական սեղանի մոտ եւ օգնեն Հայաստանի գործընկերներին։

Ժամանած բժիշկները, որոնց թվում են ոչ միայն մեր հայրենակիցները, այլեւ այլ ազգերի ներկայացուցիչներ, անձամբ մասնակցում են բարդ վիրահատությունների իրականացմանը, նաեւ օգնում են դեղորայքով, սարքավորումներով, պրոթեզներով ապահովելու գործում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ