Գլխավոր էջ Գլխավոր «ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՂԵՏ»․Հայաստանում «սպանվել է» շուրջ 4 000 աղջիկ

«ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՂԵՏ»․Հայաստանում «սպանվել է» շուրջ 4 000 աղջիկ

1054
0

«Երկու աղջիկ ունեմ, հիմա հղի եմ, ու եթե էլի աղջիկ լինի, ստիպված եմ աբորտ անել, գյուղ տեղ եմ ապում, սկեսուրս էլ ասում է՝ անպայման տղա պետքա ունենամ»,-Medmedia.am-ի հետ զրույցում ասաց վարդենիկցի Անուշը, նշելով, որ իրենց տանը տղա ունենալը «պարտադիր» է․

« Դե չի լինի, ախր տղա ոնց չունենամ, բա ազգը ո՞վ շարունակի, աղջիկը ուրիշիննա, իսկ տղեն ՝ մերը»,-հավելեց Անուշը։

Ցավալիորեն մեր հասարակությունում դեռևս կարծրատիպեր են գործում, աշխարհն առաջ է շարժվում, մարդիկ զարգացման փուլերով են անցնում, մտածում են կրթվելու, կատարելագործվելու մասին, իսկ ՀՀ որոշ համայնքներում տղա ունեցողը «արժանի է» ամեն լավ բանի, իսկ աղջիկ ունեցողը «անարժան» է։

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը 2020 թվականի ընթացքում շարունակել է մտահոգիչ լինել: Հայաստանը սեռով պայմանավորված ընտրության ցուցանիշով աշխարհում առաջին հորիզոնականներում է, ինչի պատճառով էլ թե՛ ընտանիքներում, թե՛ դասարաններում, թե՛ համայնքներում աղջիկները քիչ են։ Օրինակ՝  2018-ին 111 տղայի հաշվով 100 աղջիկ է ծնվել։ Հենց միայն 2018թ-ին 424 աղջիկ չի ծնվել։ Արդյունքում՝ վերջին 7 տարվա մեջ 4 000 աղջիկ չի ծնվել՝միայն տղա երեխայի հաստատուն նախապատվության պատճառով։

Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները վկայում է, որ ընտանիքում խնդիրներ կարող են առաջանալ իգական սեռի երեխա ունենալու դեպքում՝ կնոջը հաճախ մեղադրելով տղա երեխա չունենալու համար՝ մինչ հղիությունը, հղիության ողջ ընթացքում, ծննդաբերությունից հետո քննադատելով։ Այս ամենի արդյունքում էլ առաջ է գալիս մեկ այլ խնդիր․

«Երբեմն սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման որոշումը , հնարավոր է, կանայք իրենք ինքնուրույն չկայացնեն. նրանք այդ քայլին կարող են դիմել ընտանիքի անդամների ճնշումների, նույնիսկ հարկադրանքի ներքո»,-նշված է ՄԻՊ 2020 տարեկան զեկույցում:

Հայաստանում կանանց և տղամարդկանց սեռերի հարաբերակցության նորմայից շեղումը սկսել է նկատվել դեռևս 1991 թվականից, իսկ 2000 թվականին այն հասել է մինչև 120 տղա — 100 աղջիկ հարաբերակցության այն դեպքում, երբ նման հարաբերակցության համար սահմանված նորման կազմում է 102-103 տղա — 100 աղջիկ հարաբերակցությունը։

Ի դեպ՝ 1995 թվականին Պեկինում անցկացված «Կանանց մասին» 4-րդ համաշխարհային գիտաժողովի ժամանակ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը նկարագրվել է որպես կանանց դեմ բռնության դրսևորում: Երեք տարի անց ՄԱԿ-ի Գլխավոր գագաթաժողովում «Աղջիկ երեխաների մասին» բանաձևը հավանության արժանացավ և Պետություններին կոչ արվեց «ընդունել և կիրառել օրենսդրություն»: Դեռևս 2011 թվականի ԵԽԽՎ-ի թիվ 1829 հանձնարարականով Հայաստանին հանձնարարվել է, ի թիվս այլ գործողությունների, առաջին հերթին ուսումնասիրել սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման պատճառները, քայլեր ձեռնարկել կանանց դերի բարձրացման ուղղությամբ, ապահովել կանանց նկատմամբ խտրականությունն արգելող իրավական նորմերի կիրառումը, աշխատանքներ իրականացնել համապատասխան բուժաշխատողների հետ՝ ներկայացնելով խնդիրը և վերջինիս հնարավոր հետևանքները ։

Սեռերի հարաբերակցության գործակիցների համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրական տեղաշարժ կա հատկապես երկրորդ երեխայի պարագայում, առաջին երեխայի դեպքում ցուցանիշը մնացել է անփոփոխ, հաջորդ երեխաների դեպքում հարաբերակցության գործակիցները նախորդ տարվա համեմատությամբ դրական զարգացում են ունեցել։

2017 թվականին հրապարակված հետազոտություններից մեկի շրջանակներում պարզվել է նաև, որ Հայաստանի բոլոր մարզերում հստակ արտահայտված է տղա առաջնեկ ունենալու նախապատվությունը: Նման նախապատվությունն առավել արտահայտված է Վայոց ձորի, Արարատի, Շիրակի և Լոռու մարզերում, մինչդեռ, Երևանի և Սյունիքի կանանց մեծամասնությունը (համապատասխանաբար՝ 61.6% և 62.4%) առաջին հղիության ժամանակ առաջնեկի սեռը չի կարևորել :

Ըստ հետազոտությունների՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատման երկու մեխանիզմ է կիրառվում՝ սեփական ուժերով և բժշկական աբորտ: Որոշ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ հատկապես մարզերում որոշ բուժաշխատողներ ևս ներգրավված են տղա երեխայի ընտրության հաշվարկներում։

Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սեռի ընտրության վերջին փուլը հղիության արհեստական ընդհատումն է այն պարագայում, երբ երեխան աղջիկ է։

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արգելքը, համաձայն որի՝ բժշկի կողմից բժշկական կամ սոցիալական ցուցումների` նույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որևէ այլ դեպքում, ներառյալ՝ սեռով պայմանավորված 12-ից մինչև 22 շաբաթական ընդհատումն արգելվում է:

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ