Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր արտասովոր ախտանշանն է հուշում կոկորդի քաղցկեղի մասին

Ո՞ր արտասովոր ախտանշանն է հուշում կոկորդի քաղցկեղի մասին

242
0

Քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Սա այն հիվանդություններից է, որոնց վաղ ախտորոշումը բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը, սակայն խնդիրը ժամանակին հայտնաբերելու համար հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել դրա մասին հուշող ախտանշաններին, որոնք մարդիկ հաճախ են անտեսում կամ վերագրում այլ խնդիրներին։

Կան քաղցկեղի որոշ տեսակներ, որոնք կարելի է ախտորոշել արտաքին դրսևորումների, օրինակ՝ մաշկի որոշակի հատվածների պնդացումների, նոր խալերի առաջացման կամ քաշի կտրուկ կորստի միջոցով, սակայն կան նաև այնպիսինները, որոնք չեն դրսևորվում որևէ ակնհայտ ախտանշանով, ուստի դրանք ժամանակին հայտնաբերելը բավական դժվար է լինում։ Քաղցկեղի նման տեսակներից մեկը կարող է լինել կոկորդի քաղցկեղը, որը կարող է շատ երկար ժամանակ զարգանալ՝ շարունակելով մնալ աննկատ։

Էքսետերի համալսարանի գիտնականները հետազոտել են 2000-2009 թվականներին կոկորդի քաղցկեղով հիվանդ ավելի քան 800 մարդու տվյալներն ու պարզել, որ կոկորդի մշտական ցավը կարող է լինել կոկորդի քաղցկեղի մասին հուշող վաղ ախտանշաններից մեկը, եթե համադրվում է առնվազն մեկ այլ ախտանշանի հետ։

Հետազոտությունը, մասնավորապես, ցույց է տվել, որ ականջի ցավով ուղեկցվող կոկորդի ցավի դեպքում հիվանդի մոտ կոկորդի քաղցկեղի զարգացման հավանականությունը բարձրանում է 6,3 տոկոսով։ Ականջի ցավից բացի կոկորդի ցավը կարող է ուղեկցվել նաև այնպիսի ախտանշաններով, ինչպիսին են կրկնվող հևոցն ու կլման հետ կապված խնդիրները։

Գիտնականների խոսքով՝ այս ախտանշաններից յուրաքանչյուրի (կամ միաժամանակ մի քանիսի) համադրությունը կոկորդի ցավի հետ կարող է քաղցկեղի մասին հուշող շատ ավելի վառ ախտանշան լինել, քան ձայնի խռպոտությունը, որին սովորաբար խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել մասնագետներից շատերը։ Սա է պատճառը, որ նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին խնդրի պատճառը պարզելու և հետագա բարդացումից խուսափելու համար։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ