Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում արդեն կորոնավիրուսի երրորդ ալիքն է

Հայաստանում արդեն կորոնավիրուսի երրորդ ալիքն է

333
0

Հայաստանում արդեն սկսվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը «AstraZeneca» և «Sputnik-V»-պատվաստանյութով:  Մասնագետները նշում են, որ այսօր Հայաստանում արդեն կորոնավիրուսի երրորդ ալիքն է, օրեցօր հիվանդների թիվն ավելանում է, մահվան դեպքերը՝ նույնպես:

Չնայած այս վիճակին, հակահամաճարակային միջոցառումները, ինչպես տեսնում ենք, բացիթողի վիճակում են՝ ծանրաբեռնված երթուղայինները, առանց դիմակի մարդկանց կուտակումներ խանութներում:

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ինչպես նախարարությունը, նաև ԱՀԿ-ն, միջազգային առողջապահական կառույցները գտնում են, որ համավարակի տեմպը կոտրողն ու իրավիճակը շտկողը պատվաստանյութն է, այլ տարբերակ չեն տեսնում:

Panorama.am-ը զրուցել է մանկաբույժ, «Ուիգմոր»  կլինիկայում իմունիզացիայի ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանի հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի՝ մարդու օրգանիզմում գործող սկզբունքի,  պատվաստանյութերի անվտանգության ու արդյունավետության, ազդեցության ու պատվաստվելուց հետո պաշտպանվածության մասին:

Panorama.am-Ինչպես կբացատրեք՝ ի՞նչ սկզբունքով են գործում մարդու օրգանիզմում «AstraZeneca» և «Sputnik-V»-պատվաստանյութերը։

Լ.Մարության-Երկուսն էլ վեկտորային պատվաստանյութեր են, այսինքն օգտագործում են որպես վեկտոր կամ որպես փոխադրիչ միջոց մեզ վաղուց հայտնի ադենովիրուսները, որոնց հետ մարդիկ մշտապես հանդիպում են ամեն սեզոն: Մի փոքր տարբերությամբ, որ «Sputnik-V»-ն օգտագործում է երկու տեսակի ադենովիրուս, իսկ «AstraZeneca»-ն օգտագործել է շիմպանզեի ադենովիրուսի տեսակ` մեկ տեսակի:

Տվյալ պարագայում ադենովիրուսը չի կարող առաջացնել հիվանդություն մարդու մոտ, բայց կարող է փոխադրիչ լինել, որպես նավակ, որպեսզի մեր օրգանիզմ փոխադրի կորոնավիրուսի այն հատվածը, որը ոնց որ իմունագենություն է ապահովում, կոչվում է սփայք պրոտեին: Այդ սպիտակուցը փոխադրվում է  մեր օրգանիզմ, սովորեցնում է  մեր բջիջներին արտադրել կորոնավիրուսի դեմ հակամարմին:

Այս վեկտորը վիրուսի մի մասնիկն է փոխադրում և մեր օրգանիզմը սկսում է արտադրել պաշտպանություն:

Մարդու օրգանիզմում կան B բջիջներ, որոնք հիմնականում պաշտպանությունն են ապահովում, այսինքն հակամարմինների սինթեզի համար այս բջիջներ են պատասխանատուն, կան նաև T բջիջներ, օգնում են պայքարելու և ստեղծելու թե իմունային պատասխան, թե իմունային հիշողություն: Բացի  պատասխանից, նաև մեզ մոտ իմունային հիշողություն պետք է ստեղծվի,  որպեսզի հետո, երբ մի քանի ամիս հետո հանդիպենք այդ վիրուսին, մեր օրգանիզմը հիշի՝ պաշտպանություն ունի և պաշտպանի մեզ:

Այս տեխնոլոգիան այնպես չէ, որ բացարձակ նոր բան է: Արդեն քանի տարի է, նաև Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութը, նույնպես այդ տեխնոլոգիայով է ստեղծվում:

Panorama.am— Պատվաստվման դեպքում քանի՞ տոկոս է կազմում պաշտպանվածությունը վիրուսից, հնարավո՞ր է մարդը պատվաստվի, բայց հակամարմին չձևավորվի:

Լ. Մարության-Ցանկացած պատվաստանյութ, առհասարակ ցանկացած դեղագործական արտադրանք, չի կարող լինել 100 տոկոս էֆեկտիվ: Նման բան չկա աշխարհում: Նույնիսկ մեր 100 տարվա այն կենդանի պատվաստանյութերը, օրինակ՝ կարմրուկի, կարմարխտի, խոզուկի, որոնք համարվում են ամենաարդյունավետ պատվաստանյութերից երբևէ ստեղծված, անգամ դրանք կյանքի ընթացքում 2 դոզա ստանալու պարագայում պաշտպանում են 96 տոկոս դեպքում: Այսինքն, նման բան չկա բժշկության մեջ, որ 100 տոկոսանի է:

«AstraZeneca»-ն ապահովում է մոտ 76 տոկոս պաշտպանություն սիմպտոմատիկ դեպքերի հանդեպ: Իսկ ինձ համար ամենակարևորն այն է, որ ապահովում է 100 տոկոս պաշտպանություն ծանր, ծայրահեղ ծանր, հոսպիտալացման ու մահվան դեպքերից:

Թե հետո ինչ- որ նոր տեխնոլոգիայով էֆեկտիվությունը կբարձրանա, թե ինչպես կլինի, չգիտեմ, բայց այսօր ունենք բավականին լավ պաշտպանությունով պատվաստանյութեր:

Panorama.am -Երկու անգամ են պատվաստվում, ինչո՞ւ:

Լ. Մարության-Մեր հին եղած, ոչ կենդանի պատվաստանյութերի առումով շատ օրինակներ ունենք, որ պատվաստանյութը կատարում  ենք մի քանի անգամ, կրկնապատվաստումներ են կոչվում: Մեր իմունային պատասխանի առանձնահատկության համար է  արվում: Մի անգամ հանդիպում ենք, մեր օրգանիզմը սկսում է  ինչ որ հակամարմիններ արտադրել, ժամանակ է պետք, որ ինչ որ մակարդակի գան: Խորհուրդ է տրվում 4-12 շաբաթ, կոնկրետ Հայաստանը 8 շաբաթ շեմն է վերցրել երկրորդի համար, քանի որ հետազոտություն կա, որ ավելի երկարացնելով շեմն ավելի լավացվում է  կրկնապատվաստման արդյունավետությունը: Երկրորդը պետք է, որ հակամարմիններն էլ ավելի իրենց նպատակին ու թվին հասնեն, առաջանա իմունային հիշողություն: Միայն պատասխանը քիչ է, մեր օրգանիզմը պետք է հիշի:

Չի բացառվում, որ օրինակ մեկ տարի անց սխեման կփոխվի, հետազոտությունները ցույց տան, որ այսպես ավելի լավ է, քան այսպես, մենք էլ պետք է ճկուն լինենք ու փոխվենք:

Panorama.am-Խոսենք պատվաստանյութերի բացասական ազդեցության մասին, ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ:

Լ. Մարության-Ցանկացած դեղագործական արտադրանք ունի իր կողմնակի ազդեցությունը: Նույնը պատվաստանյութերի առումով: Պատմության ընթացքում  բազմաթիվ օրինակներ կան. օրինակ, 1990-ական ԱՄՆ ռոտավիրուսի պատվաստանյութը ներդրվեց առաջին անգամ, հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություն ի հայտ եկավ: Ուսումնասիրություններ արվեցին, հանվեց շրջանառությունից այդ պատվաստանյութը, որպեսզի ինչ-որ բան փոխվի: Այսօր ունենք ուրիշ վակցինաներ ռոտավիրուսի դեմ: Նույնը եղել է  գրիպի, այլ պատվաստանյութերի դեպքում: Շարունակական պրոցես է:

Այսօրվա մեր պայմաններում, երբ օրական մոտ 30 մահվան դեպք ենք ունենում, չենք կարող մեզ թույլ տալ նման շռայլություն, դադարեցնենք պատվաստումները կամ սպասենք մեկ տարի, թե ինչ կլինի: Այդ էֆեկտը շատ հազվադեպ է:

Իսկ ինչ վերաբերում է  այն երկրներին, որոնք դադարեցրել են պատվաստումները կամ դեռ սպասում են, նրանք ունենք այդ շռայլությունը, քանի որ այլ վակցինաներ ունեն, որոնք ունեն իրենց ազդեցությունները: Ամեն դեպքում ապացուցված է, որ այն տեղային կամ ընդհանուր ռեակցիաները, որոնք զարգանում են այսօր առկա պատվաստանյութերից, ժամանակավոր են, անցողիկ, որևէ կերպ չի կարելի համեմատել «Կովիդի» հասցրած վնասին, երկարատև ազդեցությանը: Հետազոտություններ կան, որ կորոնավիրուսով վարակված 3 մարդուց 1-ը գոնե ունենում է առողջության վրա երկարատև բացասական ազդեցության:

Panorama.am-Այս փուլում երեխաները չեն պատվաստվում կորոնավիրուսի դեմ: Ինչքանո՞վ է տարածված կորոնավիրուսը երեխաների շրջանում:

Լ.Մարության-Երեխաներին դեռ չեն պատվաստում, քանի որ դեռ չկան հետազոտություններ կատարված երեխաների շրջանում: Համոզված եմ՝ այդ օրն էլ է գալու: Աշխարհի լավագույն փորձագետները փաստում են՝ առանց երեխաների պատվաստելու մենք դժվար թե կարողանանք արդյունքների հասնենք:

Տեսնում ենք, որ երեխաների մոտ, համեմատած մեծերի, բարդությունները քիչ են,  բայց այլ խնդիր ունենք երեխաների դեպքում, նաև Հայաստանում տեսանք,  բազմաօրգան բորբոքման համախտանիշը, բացի այդ երեխաները կարող են տարածող լինել: Երբ որ կունենանք վստահ տվյալներ, որ երեխաների մոտ անվտանգությունն ու էֆեկտիվությունն ապահոված է, համոզված եմ՝ երեխաները նույնպես պատվաստվելու են:

Panorama.am-Շնորհակալություն զրույցի համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ