Գլխավոր էջ Գլխավոր «ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ»․ սայլակը չխանգարեց, որպեսզի երեխա ունենամ ու դառնամ և՛ հայ և՛...

«ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ»․ սայլակը չխանգարեց, որպեսզի երեխա ունենամ ու դառնամ և՛ հայ և՛ մայր

1009
0

Նելան Չարչյան(Նելլի)․․․Medmedia.am-ը ընթերցողին է ներկայացնում մի կնոջ պատմություն, ով «արհամարհելով» կյանքի ցավոտ հարվածները, այդուհանդերձ ուժ գտավ իր մեջ ու ապրեց, առաջ շարժվեց, այդպիսով երջանկացնելով ինքն իրեն ու օրինակ ծառայելով մյուսներին։

Նելլին հիշում է ու մեզ հետ կիսվում իր հիշողություններով։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժն այս կնոջ համար դարձավ ճակատագրական․

« Երկրաշարժի պատճառով ,մեկ վայրկյանում փլվեցին իմ կյանքի ու ապագայի համար կառուցած երկնային անուրջները։ Ամեն ինչ վերջացած էր….ամեն դեպքում այն ժամանակ այդպես էի կարծում, քանի որ ամբողջ մարմինս ,գլխիցս մինչև ոտքերս, ջարդ ու փշուր էր եղած»,-պատմեց Նելան ու հիշեց, թե ինչպես էր մանկական միամտությամբ կարծում, որ սպասվելիք վիրահատությունները ընդամենը կույր աղիքի վիրահատության նման բան են լինելու։

«10 տարեկանում կույր աղիքս վիրահատել էին, ու ես 2 օր պառկել էի հիվանդանոց։ Եթե առաջին դեպքում երկու օր պառկեցի, ապա այս դեպքում , ավելի բարդ էր ու մտածում էի՝ երևի մի երկու ամիս կձգվի։ Բայց….ձգվեց մի ամբողջ կյանք…որին ես ընդունեցի ,որպես իմ ճակատագիր ու ապրեցի ,բայց արդեն սայլակի վրա, չհանձնվելով ու չընկճվելով։14, գրեթե 15 տարի վազում ու ցատկոտում էի ամեն մի սար ու ձոր, իսկ հիմա պիտի նստած, անիվների վրա այդ ամենը հաղթահարեմ։ Սկզբից ,գիշերները բարձս արցունքներով էի ողողում, իսկ ցերեկները շատ ամուր էի ինձ պահում, որ մայրս չնեղվի, որ ինձ շրջապատող մարդիկ չնեղվեն, իսկ հետո արդեն ավելի ամուր ու նպատակներով լեցուն դարձա»,-պատմեց մեր զրուցակիցը։

Նելանը հիշում է, թե ինչպես էր սկզբնական շրջանում, մարդկանց հայացքներից փախցնում  հայացքը, ամաչում էր, քանի որ ոչ բոլորն էին ադեկվատ վերաբերվում ու արձագանքում իր կարգավիճակին․

«Լացում էի, որ հիմարություններ էին դուրս տալիս փողոցում։ Իսկ հետո, ուղղակի փառք էի տալիս Աստծուն, որ ոտքերս չեն քայլում ու ես ոչնչով նման չեմ շատ ու շատ մարդկանց ,ովքեր քայլում են ,բայց դատարկ են, թե՛ մտքով և թե՛ հոգեպես»,-ասաց Նելանը։

Հաշմանդամություն ունեցող անձինք այսօր ի՞նչ խդիրների առաջ են կանգնած։

« Երբ վերջնականապես տեղափոխվեցի Հայաստան,(2012-թ. ՌԴ-ից) դեռևս այն ժամանակ շատ քիչ բաներ էր արված հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Հետո, ես ականատես եղա, թե ինչպես, տարիների ընթացքում, նաև Արմեն Ալավերդյանի(Ունիսոն ՀԿ) ջանքերով, ինչքան բաներ փոխվեցին , գոնե քաղաքի մեջ տեղաշարժվելու համար։ Ճիշտ է, միայն քաղաքներում չէ ,որ հաշմանդամներ էին ապրում ու  միայն փողոցները չէին, որ պետք էր բարեփոխել։ Ամենից առաջ, հարկավոր էր մարդկանց ուղեղները բարեփոխվեր, որը որ ավելի բարդ գործընթաց է»։

Ըստ մեր զրուցակցի ՝ շատ ու շատ հասարակական վայրերում բացակայում են էլեմենտար հարմարությունները, նա նկատում է, որ նույնիսկ կան պոլիկլինիկաներ ու հիվանդանոցներ, ուր, հաշմանդամություն ունեցող անձը, ինքնուրույն չի կարող այցելել։

«Էլ չեմ ասում, նոր կառուցվող բնակելի շենքերն ու խանութները։ Արտասահմանում, երբ որ վերականգնողական կլինիկաներում նոր մարդկանց են ընդունում աշխատանքի, առաջին մեկ շաբաթը նրանց ստիպում են մի ամբողջ շաբաթ ամեն ինչ անել ու տեղաշարժվել միայն սայլակի օգնությամբ։ Ես կցանկանայի, որ Հայաստանի ամեն մի շինությունում աշխատող մարդկանց, ովքեր չեն ուզում հարմարեցնել իրենց կառույցը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, վարվեն նույն կերպ»,-ասաց Նելանը։

«2012-ին ,երբ վերադարձա Հայաստան, պարոն Ալավերդյանը ասեց, որ պետական ծրագրով, հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղեր են հատկացվել պետական կառույցներում, և առաջիններից մեկը իմ րեզյումեն ուղարկեց ԱԻՆ։ Առաջին հաշմանդամություն ունեցող աշխատողներից մեկը ես եղա ։ Որի համար անչափ ուրախ եմ ու շատ շնորհակալ պարոն Ալավերդյանին և լոսահոգի պարոն Երիցյանին»։

Նելանը տարիներ շարունակ մի երազանք է ունեցել․երեխա ունենալ։

« 9 տարեկան էի, երբ ծնվեց փոքրիկ քույրիկս։ Մայրս աշխատում էր, ու ես դարձել էի փոքրիկ մայրիկ.անում էի գրեթե ամեն ինչ նրա համար, ամեն ինչ ,ինչ որ մայրիկս պիտի աներ, ու սիրում էի անսահման սիրով, մինչ երկրաշարժ, մինչև որ ես ունեցա խնամքի կարիք։ Ու հօդս ցնդեց իմ սեփական երեխան ունենալու երազանքը։ Այն ժամանակ մտքովս անգամ չէր անցնում ,որ սայլակի վրա հնարավոր կլիներ երեխա ունենալ, չէի պատկերացնում, չէի սպասում, բայց երազում էի…2012-ին պարոն Ալավերդյանը մեր երգչախմբի անդամներին տարավ Մատենադարան, ինտեգրացիոն ծրագրերի շրջանակներում։ Աշխատակցուհին դուրս բերեց Սուրբ Նարեկներից մեկը ու ասաց, որ մեր ձախ ձեռքը վրան դնենք ու խնդրենք ինչ որ սրտներս ուզի, բայց ոչ նյութական։ Ինչպես արդեն ասեցի, իմ ամենամեծ երազանքն էր, իմ երեխան ունենայի, որ ինձ էլ մի օր «մամա» ասող լիներ, որ ես էլ արժանանայի մայր լինելու պարգևին»։

Ինչպես ասում են՝ «զգույշ երազեք, քանի որ երազանքները իրականանալու սովորություն ունեն․․․»։

«Այնուհետև իմացա որ հղիության 12-րդ շաբաթում եմ։  Երջանկության ու վախի զգացմունքներն ու արցունքները իրար խառնվեցին։ Երջանիկ էի անսահման։ Բայց միևնույն ժամանակ շատ վախեցած էի, թե ինչպիսին պիտի լինի իմ ծնողների արձագանքը( քանի որ հայրս խիստ ավանդապաշտ էր) , ինչպիսին կլինի իմ շրջապատի արձագանքը, քանի որ հայկական մտածելակերպն էլ էր մի քիչ տարբեր ու խիստ։Այս համախառն զգացմունքներիս ներքո իմ բալիկը մեծանում էր օրեցօր։ Շրջապատի հարցում, էլի շնորհակալ եմ պարոն Ալավերդյանին, որ բացատրեց ու կոռեկտ ձևով տեղեկացրեց ինձ սպասվող երջանկության մասին։ Մայրս երջանիկ էր, իսկ հորս ,մի քիչ բարդ, դժվարություններով, տեղ հասավ, որ ես էլ իրավունք ունեմ երջանիկ լինելու, որ նույնիսկ սայլակի վրա, ոչ ոք չի կարող արգելել մարդուն երջանիկ լինել»,-վերհիշեց Նելանը։

«Ամբողջ այդ ամիսներին գտնվել եմ երկու բժիշկներիս՝ Ջուլիետա Վաղինակովնայի ու Էմիլ Վահանովիչի հոգատար ձեռքերում։ Անընդհատ այցելում էի կոնսուլտացիաների, չնայած որ մենակ էի, (ծնողներս ՌԴ-ում են ապրում, երկրաշարժից հետո, իսկ ես 2012-ից , ընդմիշտ տեղափոխվել էի Հայաստան), բայց մշտապես ընկերներիս ուշադրության ներքո եմ եղել։ Այդ ընթացքում ապրում էի ,պարոն Ալավերդյանի թույլտվությամբ, «Ունիսոն» ՀԿ-ի օֆիսում, մինչև որ եկավ երեխայիս ծնվելու ժամանակը։ Այդ ժամանակ միայն մայրիկս եկավ Հայաստան մեզ խնամելու, և մենք տեղափոխվեցինք վարձով բնակարան։ Ծննդաբերել եմ Հանրապետական ծննդատանը, կեսարյան վիրահատության միջոցով, շատ հաջող ու լույս աշխարհ եմ բերել մի հրաշք, առողջ բալիկ։ Անունն էլ կնքել եմ Նարեկ, Սուրբ Նարեկ գրքի անունով, որ պահապան լինի նրան ,իր ամբողջ կյանքի ճանապարհին»,-երջանկության ակնթարթները վերհիշելով պատմեց մեր զրուցակիցը ու հավելեց, որ  փոքր ժամկետում, երբ դեռ հնարավոր չէր տեսնել երեխայի սեռը ինքը արդեն զգում էի, որ տղա պիտի ունենա, անունն էլ Նարեկ պետք է կնքի։

«Իմ կյանքի բազմաթիվ վիրահատություններից , միայն իմ կեսարյան հատումն էր, որ սիրով ընդունեցի։ Ու երդվում եմ, եթե ինձ բախտ վիճակվի  նորից բալիկ ունենալ,  մեծ սիրով կգնամ վիրահատության։ Հետվիրահատական շրջանս շատ լավ անցավ, առանց որևէ բարդությունների,նույնիսկ բժիշկս էր զարմացել, ու բոլորին  ինձ օրինակ էր բերում,  որպես ուժեղ ոգի ու կամք ունեցող։ Ուզում եմ ավելացնել, որ ես երկու ձեռքով կողմ եմ, ու շատ եմ հարգում ավանդական ՀԱՅ ընտանիքը, բայց ,ցավոք, շատ քիչ տղամարդիկ են ,որ պատրաստ են հաշմանդամություն ունեցող կնոջ հետ ապրել, իսկ հաշմանդամություն ունեցող տղամարդկանցից շատերն էլ սոցիալական խնդիրների պատճառով, ի վիճակի չեն ընտանիք կազմել ու ապրել լիարժեք, ավանդական ընտանիքով ։ Ու այսօր, ես ոչ մի ակընթարթ չեմ զղջում կամ նեղվում, որ տղայիս միայնակ եմ մեծացնում։ Ամեն օր Աստծուց խնդրում եմ իմաստություն, ուժ ու համբերություն, որպեսզի խելացի, պիտանի զավակ դաստիարակեմ»։

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ