Գլխավոր էջ Նորություններ Ամփոփվել է COVID-19-ի դեմ պայքարի ծրագիրը

Ամփոփվել է COVID-19-ի դեմ պայքարի ծրագիրը

280
0

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ՀՀ առողջապահության նախարարությանն են հանձնել 150 թթվածնի խտացուցիչ սարք` ի աջակցություն COVID-19-ի համավարակի դեմ պայքարին և հիվանդանոցներն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և պարագաներով վերազինման։ Այս մասին հայտնում էԱՀԿ մամուլի ծառայությունը։

«Թթվածնային թերապիան կարևոր է թթվածնի ցածր մակարդակ ունեցող COVID հիվանդների բուժման համար: Շնորհիվ իրենց շարժունակության և բարձր արդյունավետության՝ թթվածնի խտացուցիչները չափազանց կարևոր են հիվանդանոցներում, որոնք սպասարկում են COVID-19-ի ծանր դեպքեր ունեցող հիվանդներին:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱՀԿ-ի ներկայացուցիչ Եգոր Զայցևը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն այցելեցին ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ սարքավորումները ընդունելու համար:

«Շնորհակալ ենք շարունակաբար տրամադրվող աջակցության համար, և բարձր ենք գնահատում COVID-19-ի դեմ պայքարում համագործակցությունը: Շատ կարևոր է  կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժօգնության կազմակերպման  համար յուրաքանչյուր ներդրումը, իսկ այս փուլում առավել քան կարևոր են հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումները, մասնավորապես պատվաստման գործընթացը:»,- ասել է Լենա Նանուշյանը և հույս հայտնել, որ պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի ցանկալի արդյունքի հասնել:

«Միացյալ Նահանգների կառավարությունը, մասնավորապես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, համավարակի հենց սկզբից  աջակցել են Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում։ Այսօրվա սարքավորումների հանձնման միջոցառումն այդ գործակցության օրինակներից է։ Մենք հպարտ ենք, որ կարողացել ենք ՀՀ կառավարության հետ համատեղել մեր ջանքերը և արտակարգ իրավիճակների համար նախատեսված ֆինանսական միջոցներ տրամադրել ՅՈՒՆԻՍԵՖ-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիային և Հայաստանի Ամերիկյան համալսարանին։

Անցյալ տարվանից մինչև հիմա ԱՄՆ կառավարությունը Հայաստանին տրամադրել է ավելի քան 11 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։ Այս ընդհանուր ֆինանսավորումը ներառում է նաև վերջերս հայտարարած լրացուցիչ 1 միլիոն ԱՄՆ դոլարը, որը նախատեսված է պատվաստումների օժանդակման և արդյունավետ իրականացման համար», — ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Գործընկերների հետ համատեղելով ջանքերը` մենք շարունակում ենք տրամադրել բազմակողմանի աջակցություն Հայաստանին` արձագանքելով համավարակին: Մեր ծրագրերը նպատակ ունեն աջակցել առողջապահական համակարգի հզորացմանը, օգնել հիվանդանոցներին տրամադրել համարժեք խնամք հիվանդներին և աջակցել վիրուսի դեմ խիզախորեն պայքարող բուժանձնակազմին», — ավելացրեց ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը:

Թթվածնի խտացուցիչները տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում, որն հիմնականում կենտրոնացած է երկու ուղղությունների վրա՝ հիվանդության լաբորատոր ախտորոշում և բուժում։ Ավարտին մոտեցող ծրագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՀԿ-ն տրամադրել են թվային 3 շարժական ռենտգենյան սարքավորում, 3 ուլտրաձայնային ապարատներ, որոնք տրամադրվել են են COVID-19-ի բուժում իրականացնող հիվանդանոցներին՝ օգնելու հարյուրավոր հիվանդների։

Երկրում թեստավորման ծավալներն ընդլայնելու նպատակով ազգային լաբորատորիաներին տրամադրվել են լաբորատոր պարագաներ, նմուշառման հավաքածուներ՝ նախատեսված 40,000 ՊՇՌ թեստերի համար: Ընդհանուր առմամբ տրամադրվել են թվով  313,320 պարագաներ, որոնք անհրաժեշտ են ՊՇՌ թեստավորման համար, ներառյալ միանգամյա օգտագործման պիտույքներ, փորձանոթներ, միկրոպիպետները և այլն, որոնք համաշխարհային շուկայում բավականին սակավ էին՝ հաշվի առնելով ստեղծված բարձր պահանջարկի պայմանները։

Բացի կարևոր սարքավորումների ձեռքբերումից, ծրագրի շրջանակում տրամադրվել է տեխնիկական աջակցություն հիվանդացության դեպքերի բուժման և լաբորատոր կարողությունների հզորացման ուղղություններով։ Նման գործողությունները ներառում էին ՊՇՏ թեստավորում իրականացնող բոլոր լաբորատորիաներում որակի արտաքին գնահատման ծրագրի իրականացումը, ԱՀԿ գործիքների օգտագործմամբ ազգային և ենթազգային ՊՇՌ լաբորատորիաների գնահատում և բարելամանն ուղղված առաջարկությունների փաթեթի մշակում, ազգային լաբորատոր փորձագետների համար սեմինարների կազմակերպում տարբեր հետաքրքրող թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են՝ կենսաանվտանգության պահարանների կառավարումը, SARS COV-2 նոր մտահոգիչ տարբերակների հատնաբերում, նոր լաբորատոր ախտորոշիչ մեթոդների կիրառում և այլն։

COVID-19 հիվանդների բուժումը բարելավելու ուղղությամբ  իրականացվել են հակաբիոտիկների ռացիոնալ կիրառմանն ուղղված  միջոցառումների մշակում, COVID-19-ի  բուժման ուղեցույցների ադապտացում՝ հիմնվելով համաշխարհային փորձի և փոփոխվող ապացուցողական տվյալների վրա»,- ասվում է հաղորդագրությունում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ