Գլխավոր էջ Նորություններ Ով մնում է շտապօգնության հույսին կա՛մ պիտի մահանա, կա՛մ պիտի վատթարանա առողջական...

Ով մնում է շտապօգնության հույսին կա՛մ պիտի մահանա, կա՛մ պիտի վատթարանա առողջական վիճակը. Թովմասյան

148
0

«Մենք ստացել ենք «AstraZeneca» տեսակի պատվաստանյութ, որի ժամկետը մայիսի վերջին ավարտվելու է, այսինքն՝ 1.5 ամիս հետո այդ պատվաստանյութը դառնալու է ժամկետանց»,- այսօր խորհրդարանում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նախարարությունը կազմակերպելու պատվաստումների գործընթացը, ի՞նչ ծրագրեր ու հաշվարկներ կան։

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերն էլ ունեն շատ կարճ օգտագործման ժամկետ։

«Դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով, օրինակ՝ չկան բավարար վերլուծություններ ժամկետների առումով, և այդ իսկ պատճառով ընտրվել է միջին 6 ամիս ժամկետ կորոնավիրուսի բոլոր պատվաստանյութերի համար։ Եվ այն, որ Հայաստան ժամանած պատվաստանյութը ունի 2 ամսից մի փոքր ավելի օգտագործման ժամկետ, լրիվ բավարար, սովորական ընթացք է»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է հիվանդության հետևանքով առաջացած մահվան դեպքերին, ապա Անահիտ Ավանեսյանն ասաց՝ պետք է անել հնարավոր ամեն բան, որ վարակի տարածումը զսպվի։

«Միջոցները շատ չեն, կամ պետք է փակվել ընդհանրապես, և ունենալ քրոնիկ լոքդաուններ, կամ էլ  փորձել բնականոն կյանք վարել դիմակներով ու պատվաստումներով»,- նշեց նա։

Արձագանքելով՝ Թագուհի Թովմասյանն ասաց, որ անգամ խորհրդարանում պատգամավորները չեն պահում կարգը և դիմակով չեն, ապա ահազանգեց շտապօգնության «մեղմ ասած վատ» աշխատանքի մասին։

«Ով մնում է շտապօգնության հույսին կա՛մ պիտի մահանա, կա՛մ պիտի վատթարագույն լինի առողջական վիճակը։ Եթե նախկինում մինչև 20 րոպեում հասնում էր ծառայությունը, հիմա 1 ժամում է հասնում»,- նկատեց նա։

Ի պատասխան Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այո՛, առաջին հերթին պետք է պետական այրերը հետևեն կանոններին ու օրինակ ծառայեն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ