Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ չի կարելի մեղմել գլխացավը ցավազրկող դեղամիջոցներով

Ինչու՞ չի կարելի մեղմել գլխացավը ցավազրկող դեղամիջոցներով

235
0

Գլխացավն ամենատարածված խնդիրներից է, որը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ սթրեսով, հոգնածությամբ, առողջական որոշակի խնդիրներով և այլն։ Նման տհաճ զգացողությունները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնաարվորինս շուտ ազատվել ցավից։

Գլխացավերը մեղմելու համար մարդիկ սովորաբար ցավազրկող դեղամիջոցներ են ընդունում, սակայն նման դեղորայքի չարաշահումը կարող է շատ լուրջ կողմնակի բարդությունների առաջացման պատճառ դառնալ, ուստի հնարավորության դեպքում հարկավոր է դրանցից խուսափել։ Բժիշկ-թերապևտ Ալեքսեյ Բեզիմյաննին «Звезда» հեռուստաալիքի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ խնդիրների կարող է հանգեցնել ցավազրկող դեղորայքի անկանոն ընդունումը։

Ինչպես նշում է մասնագետը, գլխացավի դեմ ինքնուրույն պայքարելու փորձերը կարող են շատ վտանգավոր լինել ու հանգեցնել լուրջ հետևանքների։ Օրինակ՝ անոթալայնանքով (անևրիզմ) պայմանավորված ցավը դեղորայքով մեղմելն ու խնդրի դեմ անհապաղ միջոցներ չձեռնարկելը կարող է հանգեցնել անոթային լուրջ խնդիրների ու անդամալուծության։

Մասնագետի խոսքով՝ գլխացավերը կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով, այդ թվում՝ զարկերակային բարձր ճնշմամբ, հուզական կամ ֆիզիկական լարվածությամբ և այլ խնդիրներով, սակայն դրա հստակ պատճառը կարող է պարզել միայն բժիշկը։

«Եթե ցավն առաջին անգամ է ի հայտ գալիս և բնորոշ չէ նախկինում նկատված նմանատիպ խնդիրներին, ապա, իհարկե, հարկավոր է դիմել բժշկին, որպեսզի նա բուժզննում անցկացնի, չափի զարկերակային ճնշումը, գնահատի նյարդաբանական կարգավիճակը, որից հետո ընտրի արդյունավետ բուժումն ու նշի՝ որ դեղորայքն է հարկավոր ընդունել և որոնք պետք չէ։ Հնարավոր է՝ մասնագետը կուղեգրի հավելյալ բուժզննման», – նշել է մասնագետը՝ բացատրելով, որ եղել են դեպքեր, երբ հասարակ գլխացավը եղել է լուրջ հիվանդությունների ախտանշան, և դրա շնորհիվ խանգարումը հայտնաբերվել է մինչ բարդությունների ի հայտ գալը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ