Գլխավոր էջ Գլխավոր ԱՆՀԵՏԱՑԱԾ ԱՂՋՆԱԿԻ ՀԵՏՔԵՐՈՎ․ ահասարսուռ անցյալ՝ մշուշոտ ապագայով

ԱՆՀԵՏԱՑԱԾ ԱՂՋՆԱԿԻ ՀԵՏՔԵՐՈՎ․ ահասարսուռ անցյալ՝ մշուշոտ ապագայով

1225
0

Սուզաննա Պատվականյանի կյանքի պատմությունը հայտնի է  գրեթե բոլորին։ 15 տարեկանում երեխա ունեցավ, անչափահաս էր, շատ բաներ չէր հասկանում։ Ասացին՝ երեխան մահացել է, բայց չհավատաց։ Ինչպես Սուզաննան է նշում, երեխային Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը որդեգրման է տվել ուրիշներին։

Ծնողի պատմելով՝ ինքը չի հավատացել այդ պնդումներին և սկսել է հետաքրքրվել երեխայի ճակատագրով ու պարզել է, որ երեխային որդեգրել են: Գործը տարիներ շարունակ  իրավապահների ուշադրության կենտրոնում էր:

Medmedia.am-ի հետ զրույցում Սուզաննան նշեց, որ 7 տարուց ավելի դռնեդուռ է ընկել, թակել դատարանների դռները, բայց ապարդյուն, բոլոր գործերը կարճվել են։

«Մենք Վճռաբեկ դատարան էլ ենք գործը տվել։ Բայց որտեղ դիմում ենք՝ մերժում են, մեկ ամիս առաջ Գլխավոր Դատախազություն ենք դիմել, էլի մերժել են։ Գնացի Դատախազություն, ասացին՝ տեսնենք հնարավորություն կա՞ կարճված գործը վերականգնելու, ասեցի՝ մուրճն էլ է ձեր ձեռքը, մեխն էլ։ Փաստաբան Սուսաննա Սարգսյանը Վճռաբեկ է դիմել, տեսնենք ի՞նչ կլինի»,-ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ 2019 թ-ին Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը և 200 հոդվածի 3-րդ կետով՝ առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի, արբիտրի, այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ արբիտրաժի մասին օրենսդրությանը համապատասխան՝ գործառույթներ իրականացնող արբիտրի, աուդիտորի կամ փաստաբանի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ ապօրինաբար այդ անձանց կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իրենց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար:

Բայց ապօրինի որդեգրումների քրեական գործով հինգ մեղադրյալներն էլ դատարանների կողմից ազատ են արձակվել։

Նրանցից ոչ մեկի նկատմամբ որպես խափանման միջոց չի ընտրվել կալանքը։ Ավելին, Պերինատոլոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրհամյանը, ով ամենածանր հոդվածներով էր մեղադրվում, ազատ է արձակվել առանց գրավի։

« Դուստրս արդեն 20 տարեկան է, բայց ես նրան երբեք չեմ տեսել: 15 տարեկանում ծննդաբերել եմ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, ծնունդը ընդունել է Ռազմիկ Աբրահամյանը։ Դստերս անունը Ստելլա պետք է լիներ: Ստելլայի ծննդից հետո  ամեն ինչ այլ ընթացք ստացավ: Բժիշկներն ասացին, որ տուն տանելու համար երեխան շատ հիվանդ է և փորձեցին համոզել, որ ես հրաժարվեմ աղջկանից: Ես միայնակ էի և ուժասպառ, ինձ ներկայացրեցին մի թղթի կտոր և ասացին, որ դրա վրա գրեմ իմ անունը: Այսօր ես հասկանում եմ, որ թուղթը օգտագործվել է երեխային ապօրինի որդեգրելու համար: Ես իմ երեխայից  հրաժարվելու մասին ոչինչ չեմ գրել, երբեք չեմ ցանկացել հրաժարվել նրանից»,- պատմեց Սուզաննան:

«Ես ընդամենը գրել եմ՝ երեխայի մայրն եմ, իմ երեխային անվանակոչել եմ Ստելլա Պատվականյան»:

Սուզաննան Medmedia.am-ի հետ զրույցում բազմիցս նշել է, թե  փաստաթղթի օրինակից երևում է, որ այն վավերացվել է ստորագրելուց հետո, ինքը գրել է սովորական թղթի վրա, իսկ ավելի ուշ ստորագրությունը հայտնվել է որդեգրման համաձայնության համապատասխան փաստաթղթի վրա:

«Այդ փաստաթուղթը կեղծել են, իրենք են լրացրել իմ հասակը, իբր 171 սմ,  անգամ կնիքը կա, բայց բուժող բժշկի անունը չկա: Կեղծիքները բազմաթիվ են։ Ինձ ասացին ստորագրիր, ես ասացի  ինչպե՞ս ստորագրեմ, ես  անչափահաս եմ, նույնիսկ դա եմ հստակ հիշում», –  պատմում է Սյուզաննա Պատվականյանը։

«Իմ երեխային մանկատուն էլ չեն տարել։ Երեխան անհետացել է»:

36-ամյա Սուզաննան արդեն 7 տարի է դատարանից դատարան է գնում ու պահանջում  արդարություն:

«Ես հասկանում եմ, այս օրերին մեր սահմաններում սարսափելի իրավիճակ է, բայց երեխաների առուվաճառքի գործերը բացահայտելը ևս առնչվում է մեր ազգային անվտանգությանը ու պետք է լուսաբանվի, բարձրաձայնվի»,-մեզ հետ զրույցում նշեց նա:

12 տարի անց՝ 2012թ-ին, Սուզաննա Պատվականյանը դիմում է իրավապահ մարմիններին՝ հայտնելով, որ իրեն խաբել են, ինքը չի հրաժարվել իր երեխայից և աղջիկը՝ Ստելլա Պատվականյանը, վաճառվել է ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և բժիշկներ Անդրանիկ Պողոսյանի և Արշակ Ջերջերյանի կողմից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործը, որը սակայն հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է: Որդեգրումը ապօրինի ճանաչելու, անչափահասի հետ սեռական հարբերություններ ունենալու, երեխային ծնողից ապօրինի բաժանելու, քննչի գործողությունները ոչ իրաչափ ճանաչելու և այլ հոդվածներով շուրջ 8 տարի հարուցվել են քրեական գործեր և կարճվել տարբեր հիմքերով:Սուզաննան էլ շարունակում է բողոքարկել որոշումները և հույսով սպասել, թե ե՞րբ արդարությունը կթակի իր դուռը։

Նշենք, որ Հայաստանում Սուզաննայի ճակատագիրը կիսում է մոտ 728 մայր: Որոշ դեպքերում, ինչպես օրինակ Հայկուհի Խաչատրյանի դեպքում, մայրերին ասել են, որ երեխան մեռելածին է, կամ մահացել է ծնվելուց հետո: Մյուսները պատմում են, որ ինչպես Սուզաննայի դեպքում, իրենց  ասվել է, որ երեխան չափազանց հիվանդ է, հիվանդանոցից դուրս ապրելու համար:

Սուզաննա Պատվականյանը ասում է, որ շարունակելու է պայքարել, թեկուզ հեռվից աղջկան տեսնելու և ի վերջո իր նպատակին հասնելու է։

Ս․ Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ