Գլխավոր էջ Գլխավոր ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպե՞ս ԵՍ հաղթահարեցի չարորակ քաղցկեղը»․ լուսանկարներ

ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպե՞ս ԵՍ հաղթահարեցի չարորակ քաղցկեղը»․ լուսանկարներ

790
0

ՔԱՂՑԿԵՂԸ ԴԱՏԱՎՃԻՌ ՉԷ․․․դարի ամենասարսափելի հիվանդությունը, որի մասին անընդհատ խոսվում ու նախազգուշացվում է՝ քաղցկեղն է։ Ինչպես ասում են՝ այդ հիվանդությունը «այցելում է» շատ պատահական, առանց ցավի ու նախազգուշացումների։

Medmedia.am-ը կներկայացնի Աստղիկ Զաքարյանի պատմությունը, որը կարող է ոգեշնչել  և հույս տալ այն կանանց, ովքեր քաղցկեղ ունեն։

Մեզ հետ զրույցում Աստղիկը պատմեց, որ 10 տարուց ավելի, ամեն տարի պարտադիր անցել է կրծքագեղձի հետազոտություն՝ քաղցկեղը կանխելու նպատակով։

« Ամեն տարի մամայիս ու հարազատ քույրերիս հետ պարտադիր գնում էինք կրծքագեղձի պրոֆիլակտիկ հետազոտման, որը տևում էր ընդամենը 10 րոպե ու միշտ ավարտվում էր «խնդիր չունեք, հաջողություն» խոսքով:Միշտ, մինչև 2020-ի հերթական «իմիջիայլոց» այցը…»։

Աստղիկը վերհիշելով այդ օրը, նշեց, որ բժշկուհին սովորականի նման չասաց՝ ամեն բան նորմալ է,այլ ՝ ուղարկեց մամոգրաֆիայի, որն ի դեպ մինչև 40 տարեկան կանանց չեն անում միայն պրոֆիլակտիկ ստուգման համար։

«Բժշկուհին ինձ սովորականի պես «ուզի» արեց, ու մինչ ես մտքումս կես ժամ հետո նախատեսված գործնական հանդիպմանս քննարկումն էի պատկերացնում, ասեց «ինչ-որ բան դուրս չի գալիս, մի հատ էլ նայեմ, էլի»։  Նայեց ու ասաց՝ «եկեք ամեն դեպքում մամոգրաֆիայի կաբինետ անցնենք, հա՞» Անցանք… Մամոգրաֆիա արեցին… երկրորդ անգամ, երրորդ անգամ՝ «համոզվենք, նոր»… Արդյունքում՝ գոյացություն, ուռուցք…2020-ի հուլիսի 22-ն անսպասելիորեն դարձավ իմ անձնական պատերազմի սկիզբը…Հետազոտությունները հաստատեցին՝ չարորակ ուռուցք, ագրեսիվ տեսակ, սկզբնական փուլ, դեռ առանց տարածվածության (մետաստազների)…Երկրում կոռոնա, իսկական պատերազմ ու իմ ընտանիքում, ի լրացում այդ ամենի, անձնական կյանքի ու մահվան կռիվ…»,-պատմեց մեր զրուցակիցը։

Աստղիկը 6 ամիս քիմիաթերապիայի կուրս է անցել և վիրահատվել ու ինչպես  նա է ասում՝ «հաղթանակ»․

«Հաղթանակ առաջին հերթին ԺԱՄԱՆԱԿԻՆ հայտնաբերման շնորհիվ։ Հաղթանակ մեր ՀԱՅ ու նաև ռուս բժիշկների, ընտանիքիս, հարազատներիս ու ուշադիր ընկերներիս շնորհիվ: Ես հասկացա, որ պարտադիր են տարեկան առողջական պրոֆիլակտիկ ստուգումները, ցանկացած, ու հատկապես կրծքագեղձի հետազոտությունը! 10 րոպե տրամադրած ժամանակը կարող է փրկել ձեր կյանքը բառի ամենաբուն իմաստով»,-ասաց Աստղիկը։

Իրականությունը գիտակցել հե՞շտ էր, ինչպե՞ս ընթացավ ադապտացիոն փուլը։

« Անկեղծ ասած՝ չեմ հասցրել շատ կենտրոնանալ փաստի վրա: Առաջին օրերին ամբողջ ուշքն ու միտքս ծնողներս էին, որովհետև ինքս ծնող լինելով՝ պատկերացնում էի, թե ինչ ապրումներ ունեն իրենք, չէ՞ որ մենք մեր ծնողների համար միշտ փոքր երեխա ենք՝ անկախ մեր տարիքից: Իսկ մի քանի օրից էլ պարզվեց, որ քաղցկեղն ագրեսիվ տեսակն է ու պետք է շատ շտապ բուժում սկսել, որպեսզի չհասցնի տարածվել: Այդ ժամանակ էլ սկսեցի կարդալ քիմիաթերապիայի մասին ու հասկանալ հնարավոր ելքերը: Միայն այն փաստը, որ քաղցկեղը հայտնաբերվել էր ամենասկզբնական փուլում, ինձ ներքին հավատ էր ներշնչում, որ ամեն ինչ լավ է լինելու: Այ էսպես մի քայլից մյուսը մտածելով եմ անցել ու հիմա նոր սկսում եմ գիտակցել, թե իրականում ինչով եմ անցել ու ինչից եմ պրծել»,-ասաց Աստղիկը։

Ո՞վ էր այն մարդը, ում կարեկցանքն ամենակարեվորն էր այդ ամիսներին։

« Ընտանիքս, հարազատներս, բարեկամներս… ամեն րոպե զգացել եմ իրենց աջակցությունը: Բայց պիտի հատուկ նշեմ ծնողներիս: Մայրս՝ լինելով բուռն առօրյա ունեցող կին (փոքր թոռներ, աշխատանք, ընկերներ), խնդրիս առաջին օրվանից ամեն ինչ դրեց մի կողմ ու ամեն րոպե կողքիս էր և ֆիզիկապես, և հոգեպես»:

Մի փոքր պատմեք բուժման մասին, որքա՞ն տեվեց, ինչ փուլերով անցավ,որտե՞ղ բուժվեցիք։

« Բուժումն անցել եմ Երևանում, Արյունաբանականում, Դավիթ Զոհրաբյանի և Սամվել Գևորգովիչի հսկողության տակ: 5 ամիս տևեց քիմիաթերապիան, ստացել եմ 16 քիմիա (8 կուրս): Վիրահատվել եմ Մոսկվայում և հպարտությամբ պիտի ասեմ, որ բոլոր բժիշկները հատուկ նշում էին, որ Երևանում շատ գրագետ ու ճիշտ բուժում է արվել, ուռուցքն ամբողջությամբ վերացվել է: Թեև ինքս հարգելի պատճառներով Մոսկվայում վիրահատվեցի, վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանում ունենք բարձրակարգ մասնագետներ, ովքեր կկարողանային ապահովել նույն լավ արդյունքը»:

Հիվանդությունը մինչեվ վե՞րջ եք հաղթահարել։

« Այո, միայն նրա շնորհիվ, որ հիվանդությունը հայտնաբերվել էր ամենավաղ փուլում, հնարավոր եղավ խնդրին վերջնական լուծում տալ կարճ ժամանակում (ընդհանուր՝ 8 ամիս): Հիմա անգամ դեղեր չեն նշանակել, միայն պետք է ավելի հաճախակի պրոֆիլակտիկ հետազոտվեմ»:

Ինչպե՞ս եք այս պահին։

«Վիրահատվել եմ մեկ ամիս առաջ, հետվիրահատական փուլում եմ, բայց ինձ շատ լավ եմ զգում ու այլևս բժշկական «գործողություններ» չունեմ»:

Ի՞նչ հասկացաք այս ամիսներին, հոգեվոր առումով ձեռքբերումներ եղա՞ն, ինչպիսին էին Ձեր մտքերը։

« Տարօրինակորեն ու անսպասելիորեն ամուր եմ եղել: Մինչև խնդրին չես բախվում, չես կարող իմանալ, թե ինչպես ուղեղդ ու մարմինդ կարձագանքեն: Կարծում եմ այս բարդ ճանապարհը համեմատաբար հեշտ անցնելը պայմանավորված էր հիվանդության շուտ բացահայտմամբ ու հարազատներիս մշտական աջակցությամբ։ Ես արդեն լավ եմ! Կենդանի եմ, առողջ եմ, ոտքի եմ ու մի քիչ ավելի խելացի եմ )) Հեչ էլ, թե մազերս կարճ չեն )))) «Զատո» շուտ են չորանում ու համ էլ սիրուն գլուխ ունեմ (կատակում է) դե ու համ էլ կերկարեն ))։ Չգիտեմ կյանքից էլ ինչ «ինադու» բաներ սպասել, գիտեմ, որ ամեն րոպե ամեն ինչ հնարավոր է, բայց այս պահին ես կենդանի եմ ու դա տարիներ առաջ իմ պատմության նման պատմություն լսելու շնորհիվ է! Մի անտեսեք իմը…Առողջություն բոլորիս»,-սահմանափակեց Աստղիկը։

Զրուցեց՝ ՍՅՈՒԶԻ Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ