Գլխավոր էջ Նորություններ Գերմանիայում հայտնել են AstraZeneca-ով պատվաստելուց հետո հազվագյուտ թրոմբների առաջացման 31 դեպքի մասին

Գերմանիայում հայտնել են AstraZeneca-ով պատվաստելուց հետո հազվագյուտ թրոմբների առաջացման 31 դեպքի մասին

241
0

Բեռլին դաշնային հողը կրկին դադարեցնում է մինչեւ 60 տարեկան մարդկանց համար կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը՝ թրոմբների առաջացման մասին տեղեկությունների պատճառով, փոխանցում է AP-ն:

Բեռլինի առողջապահության նախարար Դիլեկ Կալայչին հայտարարել է, որ այս որոշումը, որպես նախազգուշական միջոցառում, ընդունվել է այն բանից հետո, երբ երկրի բժշկական կարգավորողը  հայտարարել է վերջերս պատվաստված մարդկանց մոտ հազվագյուտ թրոմբների առաջացման 31 դեպքի մասին: 9 մարդ մահացել է: Երկուսից բացի, մնացյալ բոլոր դեպքերում տուժել են 20-ից մինչեւ 63 տարեկան կանայք, հայտնել է Պաուլ Էրլիխի ինստիտուտը, որը Գերմանիայում կարգավորող բժշկական մարմինն է:

Գլխի մեջ արտասովոր ձեւի թրոմբի մասին տեղեկությունները, որը հայտնի է որպես սինուսային երակի թրոմբոզ, մարտի սկզբին մի քանի եվրոպական երկրների դրդել էին ժամանակավորապես դադարեցնել AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը:

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հանգել էր այն եզրակացության, որ պատվաստանյութի առավելությունները գերազանցում են ռիսկերը, բայց հանձնարարաել էր պացիենտներին ու բժիշկներին նախազգուշացնել հնարավոր հազվագյուտ կողմնակի էֆեկտների մասին: Այդ պահից ի վեր Եվրամիության երկրների մեծ մասը վերսկսել էր պատվաստանյութի օգտագործումը:

Երեքշաբթի ավելի վաղ Բեռլինի երկու պետական հիվանդանոցներ հայտարարել էին մինչեւ 55 տարեկան աշխատակիցներին կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ով պատվաստումը դադարեցնելու մասին: Արեւմտյան Գերմանիայի 5 համալսարանական հիվանդանոցների ղեկավարները կոչ էին արել ժամանակավորապես դադարեցնել բոլոր երիտասարդ կանանց պատվաստումը՝ վկայակոչելով թրոմբների առաջացման վտանգը:

Գերմանիայում այս պահին ներմուծվել է AstraZeneca-ի մոտ 2,7 մլն դեղաչափ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ