Գլխավոր էջ Գլխավոր «Այդ մինուճարն ունեի, լույսս խամրեց»․ Եռաբլուրում նշեցին Հրանտի 20 ամյակը․լուսանկարներ, տեսանյութ

«Այդ մինուճարն ունեի, լույսս խամրեց»․ Եռաբլուրում նշեցին Հրանտի 20 ամյակը․լուսանկարներ, տեսանյութ

3762
0

Medmedia.am—ը շարունակում է ներկայացնել արցախյան երկրորդ պատերազմում հերոսաբար զոհված մեր տղաների կյանքը, զրուցել հարազատների հետ ու հայրենասեր մեր քաջորդիների կյանքից մի փոքրիկ պատառիկ փոխանցել ընթերցողին։

ՀՐԱՆՏ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ, ծնվել է Երևանում, 2001 թ-ին։

Մեզ հետ զրույցում զինվորի մայրը՝ տիկին Նվարթը, նշեց, որ տղան եղել է շատ հանգիստ, խելոք և զուսպ երեխա, մանկուց երազել է դառնալ խոհարար ու աշխատել իր մասնագիտությամբ։

«Երբեք չէր ստում, միշտ ճիշտն ասելու կողմնակից էր։ Զորակոչվել է բանակ 2019 հուլիսի 9-ին։ Սկզբի վեց ամիսը ծառայել է Գյումրիում, դրանից հետո եկել է արձակուրդ ու տեղափոխվել է Արցախ, Թալիշ։ Ծառայությունից գոհ էր, շատ հարգված էր, զորմասից խրախուսական նամակ ենք ստացել, որ տղաս շատ լավ ծառայող է ու կատարում է իր պարտականությունները»,-արցունքն աչքերին պատմեց տիկին Նվարթը ու նշեց, որ Հրանտը իր միակ զավակն էր, աժմ նա մնաց առանց իր լույսի, կյանքի իմաստի։

«Սեպտեմբերի 26 –ին տղաս դիրքերից իջել է, ժամը 17․00-ին զանգել է ու ասել, որ լավ է, դրանից հետո 6 օր չզանգեց։ Այնուհետև զանգահարեց ասաց՝ մամ ջան լավ եմ, կապ չկար, իմ համար չանհանգստանաք։ Դրանից հետո օրական մի քանի անգամ զանգում էր, ասում էր՝ մամ հաղթելու ենք։ Մինչև հիմա սպասում եմ, որ կզանգի ու կասի՝ բարև «գանձս», էտպես էր ինձ դիմում։ Այնուհետև հոկտեմբերի 13-ին զանգահարեց կամավորի հեռախոսով, իմ տղայի խոսալը չէր, իրեն նման չէր, ասեց մամ կարողա էլ չզանգահարեմ, չանհանգստանաք։ Ու դա դարձավ վերջին զանգը, անցավ հինգ ամիս, չզանգեց․․․»,-ասաց որդեկորույս մայրը։

Տիկին Նվարթը նշեց, որ այդ զանգից հետո զինվորներին տարել են դիրքեր։

«Եղել են 52 զինվոր, 10 կամավոր, մնացածը ժամկետային, 42 հոգին զոհվել են, 10 հոգին վիրավորվել։ Ում հեռախոսով որ վերջին անգամ տղաս զանգել էր, այդ մարդը մեր տուն գալիս է ու պատմում տղայիցս։ Ասում է, որ անօդաչուն հարված է ու իմ երեխայի կյանքը վերջացել է, իմ լույսը խամրել է, ունեի այդ մինուճարը, չունեմ էլ ոչ մի հույս, ինչ ունեի մարեց գնաց, մարեց իմ բալի երազանքները․․․»։

Հրանտը սովորել է խոհարարական քոլեջում, երազում էր աշխատել իր մասնագիտությամբ։

«Ասում էր՝ մամ ջան կգամ կաշխատեմ, կունենանք լավ տուն, ամեն բան լավ կլինի, հետո կամուսնանամ ու իմ երեխաները կունենամ, բալիս երազանքները մնաց օդում, չհասավ ոչ մի բանի։ Այսօր 20 տարեկան է դառնում, ես Եռաբլուրում պետքա նշեմ իր 20 ամյակը։ Շատ դաժան վարվեց կյանքը ինձ հետ։ Ես իմ երեխուն ուղարկեցի բանակ, բայց դատարկ յաշիկ դրեցին դիմացս․․․Մայրը 19 տարի պահի իր բալին ու չկարողանա դրանից հետո իր բալի ճակատը պաչի՞․․․»։

Medmedia.am-ը նաև զրուցեց Հրանտի առաջին ուսուցչուհու՝ Հերմինե Թադևոսյանի հետ։ Նա պատմեց որ Հրանտը դպրոցում շատ սիրված ու հարգված աշակերտ է եղել։

«Հրանտի առաջին ուսուցչուհին եմ եղել։ Նա սովորել է 110 հիմնական դպրոցում։ Սիրված ու հարգված է եղել և՛ իմ և՛ դասընկերների և՛ ուսուցիչների կողմից։ 1-4 դասարաններում սովորելիս արժանացել է գովասանագրի, դպրոցը ավարտել է լավ առաջադիմությամբ։ Բնավորությամբ ազնիվ, շիտակ ու պարզ էր։ Հրանտի հետ բոլորը շփվում էին սիրով։ Ընկերասեր էր,ուշադիր ու հոգատար։ Շատ ափսոսում եմ ու հուզվում ,որ այսօր իմ հերոս ու հայրենասեր տղայի մասին խոսում եմ անցյալով։ Բայց միևնույն ժամանակ հպարտ եմ ,որ հերոս է։ Հրանտը ֆիզիկապես մեզ հետ չէ,բայց հոգեպես միշտ մեր սրտերում ու մտքերում է։ Հավերժ փառք ու խոնարհումը բոլոր հայ զինվորներին»,-ասաց հերոսի ուսուցչուհին։

Այսօր, մարտի 30-ին Հրանտի մայրը, ուսուցիչները, դասընկերները գնացել էին Եռաբլուր․․․20-ամյակ էին «նշում» ու խոնարհվում հերոսի շիրիմին․․․Հավերժ փառք ու պատիվ մեր հերոսներին։

Նշենք նաև, որ «Եղիշե Թադևոսյան 16» շենքի բակում բացվեց Հրանտի հիշատակին նվիրված  ցայտաղբյուր, որը  նախաձեռնել է Սարգսյան Խաչիկը, ով Հրանտի դասընկերն է և կնքահոր որդին։

Զրուցեց՝ ՍՅՈՒԶԻ Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ