Գլխավոր էջ Նորություններ Կենսակերպի փոփոխություններն օգնում են բուժել ստամոքսի այրոցը

Կենսակերպի փոփոխություններն օգնում են բուժել ստամոքսի այրոցը

449
0

Ստամոքսի այրոցը բավական տարածված խնդիր է, որը դրսևորվում է կոկորդում ու կրծքավանդակում այրոցի զգացողությամբ և պայմանավորված է լինում ստամոքսահյութի՝ կերակրափողում հայտնվելով: Այս տհաճ խնդրին երբևէ բախվել են բոլորը, սակայն ոմանց մոտ այն չափազանց հաճախ է կրկնվում՝ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա։ Այրոցից ազատվելու համար մարդիկ սովորաբար հատուկ դեղամիջոցներ են կիրառում, սակայն այժմ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այս խնդրի դեմ պայքարում բավական արդյունավետ կարող է լինել նաև կենսակերպի փոփոխությունը։

Ինչպես գրում է news4jax.com պորտալը, կարանտինի պայմաններում մարդկանց վերաբերմունքը սննդին ու ֆիզիկական ակտիվությանը զգալի փոփոխության է ենթարկվել, իսկ ոմանք էլ նաև բախվել են լուրջ սթրեսի խնդրին։ Այս ամենը հանգեցրել է թթվային ռեֆլյուքսի ու ստամոքսի այրոցի դեպքերի հաճախականացման, ինչի հետևանքով էլ մարդիկ սկսել են ավելի շատ կիրառել դրանց դեմ պայքարի համար նախատեսված անտացիդներ ու պրոտոնային պոմպի ինհիբիտորներ։ Այնուամենայնիվ դրանք բավական թանկարժեք են, իսկ երկարատև գործածության դեպքում բարձրացնում են սրտամկանի ինֆարկտի, թուլամտության ու երիկամների հիվանդությունների զարգացման հավանականությունը։

Այժմ սակայն, ամերիկացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ կենսակերպում մի քանի պարզ փոփոխություն անելը թույլ կտա արդյունավետ կերպով մեղմել քրոնիկ այրոցի ախտանշանները։ Մասնագետներն ապացուցել են, որ մարմնի զանգվածի առողջ ցուցանիշների պահպանումը կարող է լինել այրոցի դեմ պայքարի կարևորագույն գործոններից մեկը։ Ավելին՝ օրական առնվազն կես ժամ միջին ու բարձր ինտենսիվությամբ մարզումների վրա վատնելը նույնպես կարող է շատ արդյունավետ լինել այս խնդրի դեմ պայքարում։

Շատ մեծ նշանակություն ունի նաև առողջ սննդակարգը, որը պետք է հարուստ լինի մեծ քանակությամբ ամբողջահատիկ մթերքով։ Սակայն միևնույն ժամանակ հարկավոր է սահմանափակել կարմիր մսի ու վնասակար շաքարների գործածությունը։

Ստամոքսի այրոցի դեմ պայքարը նաև հիանալի պատճառ է ծխախոտից հրաժարվելու համար։ Բանն այն է, որ ծխախոտի մեջ պարունակվում են քիմիական տարրեր, որոնք խոչընդոտում են նորմալ մարսողությանն ու առաջացնում ստամոքսի այրոց։ Ավելին՝ հարկավոր է շատ ուշադիր լինել նաև ըմպելիքների ընտրության հարցում։ Օրական երկու բաժակից ոչ ավել սուրճ, թեյ կամ գազավորված ըմպելիքներ ընդունելու դեպքում այրոցի վտանգը զգալի նվազում է, ուստի հարկավոր է սահմանափակել կամ առհասարակ բացառել նաև այս ըմպելիքները։

Եթե վերոնշյալ խորհուրդները չեն օգնում մեղմել ստամոքսի այրոցի ախտանշաններն ու չեն նվազեցնում խնդրի հաճածականությունը, ապա կարելի է փորձել պայքարել խնդրի դեմ դեղորայքի միջոցով, սակայն սզբնական փուլում հարկավոր է կիրառել թույլ անտացիդներ և միայն անհրաժեշտության դեպքում դիմել ավելի լուրջ դեղորայքի օգնությանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ