Գլխավոր էջ Գլխավոր Հակածխախոտային օրենքը չտապալվեց․ Ի՞նչ շտկումեր են սպասվում ապագայում

Հակածխախոտային օրենքը չտապալվեց․ Ի՞նչ շտկումեր են սպասվում ապագայում

966
0
Փետրվարի 13-ին Ազգային ժողովը  երկրորդ ընթերցամամբ ամբողջությամբ ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը։ Այս օրենքի համաձայն արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, դրանց անալոգների և ծխախոտանյութի փոխարինիչի (այդ թվում` նարգիլեի) օգտագործումը բժշկական և կրթական հաստատություններում, հանրային փակ տարածքներում և սննդի օբյեկտներում։
Չնայած նրան, որ օրենքը ենթադրում է դրական և «առողջարար» փոփոխություն, այսուհանդերձ, այն մեծ քննարկումների և մեկնաբանությունների առիթ ստեղծեց հանրության  ու պաշտոնյաների շրջանում։
Հայաստանում հակածխախոտային արշավը գլխավորում է Առողջապահության նախարար պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ Վերջինիս սոցիալական հարթակում արված հրապարակումները ներկայացնում են օրենքի ընդունման բացառապես շահագրգիռ կողմը։
Հետևելով նախարարի վերջին շրջանում արված հրապարակումներին, նկատում ենք, որ հաճախ է ընգծում՝  առողջապահության ոլորտում օրենքի ընդունման  պատմական իրողություն լինելու փաստը։ Բայց ոչ բոլորը կնկատեն, որ նախարարի գրառումների մեջ ոչ միշտ է, որ գործում է արդար քննադատ միտքը։ Փորձենք պարզաբանել։ Փետրվարի 8-ին Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջի հրապարակման մեջ ակնհայտորեն բացասական երանգավորմամբ ներկայացրեց  «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության գործունեությունը։ Մասնավորապես նշելով, որ այն անցնում է մոլորեցնելու բոլոր սահմանները, հրահրում է մարդկանց վնաս հասցնել առողջությանը և վտանգել սեփական կյանքը։ Այն որ նախարարի խոսքը  ազդեցիկ է և մեծամասամբ միանշանակ է ընդունվում հանրության կողմից, դա փաստ է։
Եթե այս իրողությանը մոտենանք հակառակ կողմից, Նախարարի մանիպուլացնող գրառումանն ի պատասխան պետք է ներկայացնենք «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության արձագանքը նախարարի գրառմանը։  Թեև ընկերությանը Թորոսյանը համարում է քաղաքացիների առողջությանը պատերազմ հայտարարած ինդուստրիա, Ֆիլիպ Մորիսը արձագանքում է՝ գաղափարախոսությունը մեկն է․ եթե չեք ծխում, մի՛ սկսեք, եթե ծխում եք՝ թողե՛ք, եթե չեք թողնում, անցե՛ք այլընտրանքի: Ուզու՞մ եք տեսնել՝ ինչպես են այդ մարդիկ թողնում ծխելը, ուրեմն թույլ տվեք, որ նրանք տեղեկատվության հասանելիություն ունենան։ Թույլ տվեք, որ նրանք տեսնեն ավելի լավ այլընտրանք՝ խանութներին ստիպելու փոխարեն, որ այդ այլընտրանքը ցուցափեղկի հետևում պահեն։ Մի՛ մոլորեցրեք նրանց՝ ասելով, որ բոլոր արտադրատեսակները նույնն են։
Փաստացի ստանում ենք մի պատկեր, որը բխում է ոչ թե քաղաքացիների, այլ նախարարի շահերից։ Հենց այդ շահերի պաշտպաններից մեկը Դավիթ Պետրոյանն է, ով ընդգծում է՝ պատգամավորների այն կարծիքը, որ օրենքի ընդունմամբ կարող է տուժել  տնտեսությունը, լոբիզմի քողարկված ձև է։ Պետությունը չծխողի և մաքուր օդի կողմն է։
 Մեկ այլ հայացք գցելով նախաձեռնությանը և օրենքի ընդունմանը  Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կարծիքը օրենքի ընդունման հարցում տարբերվում է։ Ընդհանուր առմամբ կողմ լինելով նախաձեռնությանը, նախարաը նշում է, որ նախագիծն այս տեսքով ռիսկեր է պարունակում բիզնեսի և տնտեսության համար։
«Ես և իմ շատ գործընկերները նախագծին կողմ քվեարկեցինք, որովհետև խնդրահարույց դրույթներն ուժի մեջ են մտնում ոչ անմիջապես (մի մասը՝ 2021-ի սկզբից, մնացածը 2022-ի և 2024-իսկզբից)։ Այսինքն, բավարար ժամանակ կա սխալները շտկելու համար, և ավելի նպատակահարմար գտանք շարժվել այս ճանապարհով (ընդունել և շտկել), քան տապալել նախագիծը»,- նշել է իր ֆեյսբուքյան էջում արված հայտարարության մեջ։
Անդրադառնալով հանրության կարծիքին, հարկ է նշել, որ ակտիվ «թևը պահող» ներկայացուցիչները օրենքին դեմ արտահայտվողներն են։ Դեռևս հունվարի 11-ին կազմակերպված բողոքի ժամանակ Հայաստանում նարգիլեի բիզնեսով զբաղվողները պահանջում էին հետ կանչել «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը և լայն հանրային քննարկումներ անցկացնել այդ հարցի վերաբերյալ։ Ցուցարարների կարծիքով՝ օրենքի ընդունման դեպքում այն հարցականի տակ է դնում տասնյակ հաստատությունների աշխատանքը, և կարող է գործազուրկ դարձնել շուրջ 7 հազար մարդու։ Ավելին,  որոշ գործարարներ` այդ նախագծի մասին տեղյակ չլինելով, ընդլայնել են իրենց հաստատությունները լրացուցիչ ներդրումների հաշվին, իսկ օրինագծի ընդունմամբ կհայտնվեն փակման վտանգի առաջ։

Հատկանշական է որ, բողոքի ակցիայի  մասնակիցները դեմ են հասարակական վայրերում ծխելուն, սակայն անընդունելի են համարում հավասարության նշան դնելը ծխախոտի և նարգիլեի միջև։

Բողոքներին զուգահեռ Առողջապահության նախարարությունն արձանագրում է, որ երբ նոր ընդունված օրենքն իր բոլոր դրույթներով ուժի մեջ մտնի, ելնելով մյուս երկրների փորձից, կարող են ասել՝ Հայաստանում կունենան տարեկան մոտ 1-2 տոկոս ծխողների թվի նվազում։

Չնայած նրան, որ օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է, Բաբկեն Թունյանի նախաձեռնությամբ  մշակվում է  աշխատանքների փոփոխությունների փաթեթը, ըստ որի՝ կընդունվեն առաջարկներ և բողոքներ նախագծի վերաբերյալ։

Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ