Գլխավոր էջ Uncategorized Բժիշկը պետք է ունենա ոչ միայն մասնագիտական ​​գիտելիքներ, այլև կարողանա շփվել մարդկանց...

Բժիշկը պետք է ունենա ոչ միայն մասնագիտական ​​գիտելիքներ, այլև կարողանա շփվել մարդկանց հետ. Մելինե Ասլանյան

1482
0

Medmedia.am-ը զրուցել է Ֆրանսաբնակ բժիշկ-կոսմետոլոգ Մելինե Ասլանյանի հետ։

-Մելինե Ասլանյան մանկուց ցանկացե՞լ եք բժիշկ դառնալ:

Մանկության ցանկություններս ու ներկայիս իրականությունը բացարձակ կապ չունեն միմյանց հետ, ինչքան էլ որ տարօրինակ թվա: Հայրս երազում և հորդորում էր, որ բժիշկուհի դառնայի, բայց արի ու տես առաջին մասնագիտությամբ միջազգայնագետ, դիվանագետ, հանրային կառավարիչ եմ, իսկ հորս երազանքն ի կատար ածեցի ավելի ուշ։

-Որո՞նք են ըստ Ձեզ գեղեցկության գաղտնիքները:

Գաղտնիքն այն է, որ ոչ միայն արտաքին այլ նաև ներքին գեղեցկություն պետք է լինի յուրաքանչյուրի մեջ: Իմ պացիենտներին կոսմետիկ պրոցեդուրաներից բացի ես առաջարկում եմ օգտագործել դասեր և մեթոդներ, որոնք ազդում են մարդու ներքին ներդաշնակության վրա: Դա կարող է լինել յոգա, պիլատես, աղոթք, քնի և հանգստի որոշակի ռեժիմ և, իհարկե, սնունդ: Ես միանշանակ համատեղում եմ իմ գեղեցկության հաջողությունը ներքին ներդաշնակության և ներքին գեղեցկության հետ:

-Հարց ալարկոտ կանանց համար. կա ցանկություն, հնարավորություն, բայց ինչպե՞ս ստիպել ինքներդ Ձեզ քայլեր անել:

Այո, կան ալարկոտ կանայք, նրանցից շատերը պատրաստ են 24 ժամ լարված աշխատել, ուժասպառ լինեն, չքնեն, միայն թե աշխատանքում հաջողության հասնեն, կարիերիայի բարձունքը նվաճեն, բայց երբ գեղեցկության կամ մարզասրահ գնալու անհրաժեշտություն է առաջանում հետաձգում են կամ ուղղակի ալարում։ Իսկ երբ նկատում են, որ քաշ են հավաքել կամ կնճռոտվել՝ խուճապի են մատնվում։ Նման կանանց խորհուրդ կտամ չալարեն և ակտիվ աշխատանքին զուգահեռ նաև տրամադրություն և ժամանակ գտնեն իրենցով զբաղվեն։ Չէ՞որ գեղեցիկ կինը նաև ինքնավստահ է, իսկ դա հաջողության գրավականն է։

-Բացի բժշկական հատկություններից, էլ ի՞նչ հատկություններով պետք է օժտված լինի բժիշկ կոսմետոլոգը:

Բժշկական կադրեր պատրաստելիս միշտ էլ մեծ ուշադրություն է դարձվել ոչ միայն մասնագիտական ​​գիտելիքների և հմտությունների ձևավորմանը, այլև դրա բարոյական և էթիկական զարգացմանը: Ինձ համար հիմնական պահանջը պացիենտի նկատմամբ մարդկային վերաբերմունքի զարգացումն է և գործողությունների համար պատասխանատվության բարձր մակարդակը: Կառանձնացնեմ նաև լիարժեք աշխատանքի համար անհրաժեշտ անձնական հատկությունների մի համալիր` ազնվություն, պատասխանատվություն, խոսքը պահելու ունակություն, անձնական գրավչություն, ուժեղ կամք, ինքնավստահություն, ռիսկի դիմելու հակում, ճշգրտություն ինքն իր և մյուսների հանդեպ:

-Ի՞նչ կարող ենք ակնկալել էսթետիկ բժշկությունից:

Գեղեցկացնել, երիտասարդացնել և ժամանակի հետ համընթաց ապրելը։ Բնական գեղեցկություն պահպանելուն զուգահեռ` տարիքի աճի նվազեցում և ֆիզիկական ներդաշնակությունը ձեր հոգեվիճակի հետ: Հիալուրոնաթթվի և բոտոքսի ներարկումները 45-ամյա պացիենտին թույլ կտան նվազեցնել տարիքի տեսանելի ազդեցությունը և այդպիսով հետաձգել կամ նույնիսկ վերացնել վիրահատության անհրաժեշտությունը: Եթե ​​անհրաժեշտություն առաջանա, ասեմ ավելին այն ավելի հեշտ կլինի:

-Դուք Ձեր աշխատանքով վերադարձնում եք մարդկանց երբեմնի կորցրած գեղեցկությունը, հավատը, ինչու չէ նաև ապրելու և կյանքը նորովի վայելելու ցանկությունը։ Շատերի դեմքին կրկին հայտնվում է ժպիտ, երջանկությանը բնորոշ յուրահատուկ փայլ, ի՞նչ եք զգում, երբ ձեր բուժայցելուն գոհ է և երջանիկ:

Երբ պացիենտը երջանիկ է նշանակում է մենք միասին հաջողել ենք։ Այս խառնաշփոթ աշխարհում, երբ մարդն անընդհատ սթրեսների է ենթարկվում ու լարված օրերի հանրագումարը խելագարության շեմին է մոտեցնում, հանկարծ գտնվում է մեկը, որ կարողանում է նրան գոհացնել, ժպիտ պարգևել, պարզապես դարձնել երջանիկ։ Դա լավ զգացողություն է, որը երջանիկ է դարձնում թե՛ բժշկին, թե՛ պացիենտին։

-Կարո՞ղ եք ընդհանուր լեզու գտնել բոլոր հիվանդների հետ:

Գրեթե բոլորը: Դուք պարզապես պետք է ցանկություն և ժամանակ ունենաք դրա համար: Ի վերջո` բժիշկը պետք է ունենա ոչ միայն մասնագիտական ​​գիտելիքներ, այլև կարողանա շփվել մարդկանց հետ: Այստեղ ինձ օգնում է նաև իմ առաջին մասնագիտությունը:

-Հատուկ դեպքեր լինու՞մ են:

Յուրաքանչյուր դեպք եզակի է և յուրաքանչյուր պացիենտի խնդիր ես լուծում եմ այնպես, կարծես դա իմ սեփականն է:

— Հայ կանայք կունենա՞ն հնարավորություն օգտվելու Ձեր ծառայություններից Հայաստանի Հանրապետությունում:

Հայ կանայք միշտ եզակի և յուրահատուկ վերաբերմունքի են արժանանում իմ կողմից: Ես սիրում եմ հայ կնոջ իրեն սիրող ու խնամող տեսակը, իսկ Հայստանաբնակ մեր գեղեցկուհիների համար բազմաբովանդակ ծրագրեր կան ու այս պահին նպատակահարմար չեմ գտնում չակերտներ բացել:

-Քանի որ արջևում գեղեցկության միջազգային տոնն է, ի՞նչ կհղեիք կամ խորհուրդ կտայիք հայ կանանց:

Ես տարբեր ազգերի կանանց հետ եմ շփվում նրանք իրարից թեև տարբեր են լեզվով, գույնով, մշակույթով ու սովորություններով, բայց բոլորի միավորող մի ընդհանուր գիծ կա՝ անհոգ են, թեթև են ապրում, ապրում և տնօրինում են իրենց կյանքը այնպես, ինչպես ճիշտ են գտնում, և դա լավ է։ Իսկ հայ կինը, որը իմ կարծիքով ամենաշատն է արժանի բարեկեցիկ կյանքի, ցավոք չի ապրում այդ կյանքը։ Հայ կինն աշխարհում ամենալավ կինն է պատվախնդիր, առաքինի, ընտանիքասեր, բայց ցավի ու տխրության գենետիկ դրոշմ ունի աչքերում։ Եթե ես հրաշագործ լինեի նրա գենետիկ հիշողությունից կջնջեի հոգին քրքրող տառապանքն ու ցավը, որ աչքերում միայն ուրախության փայլ արտացոլվի։ Շնորհավորում եմ հայ կանանց տոնը, ցանկանում, որ գնահատված ու սիրված լինեն հատկապես իրենց տղամարդկանց կողմից։ Պատերազմը, ցավոք շատերից խլեց իրենց երջանկությունը, սխալված չեմ լինի ասեմ՝ կյանքի իմաստը, բայց ուզում եմ ուժ գտնեն, և հանուն իրենց հերոս որդիների ուղղեն կորացած մեջքը և շարունակեն ապրել թեկուզ փոքրիկ ուրախություններով։ Թող այս գարունն այլև ոչինչ չտանի, թող միայն ժպիտ ու ծաղիկներ բերի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ