Հիդրօքսիքլորոքինը խորհուրդ չի տրվում օգտագործել կորոնավիրուսի կանխարգելման համար: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կորոնավիրուսային վարակի դեղորայքային կանխարգելման հարցով հայտարարության մեջ, որը հրապարակվել է The BMJ-ում:
Medportal.ru-ի հաղորդմամբ՝ ԱՀԿ-ի նոր խորհուրդները հիմնված են ապացույցների վրա, որոնք հավաքվել են 6 հետազոտություններում, որոնց մասնակցել է ավելի քան 6000 մարդ: Մասնակիցների գրեթե կեսը վարակված մարդկանց հետ շփումից հետո ընդունել է հիդրօքսիքլորոքին կորոնավիրուսի կանխարգելման համար: Փորձագետները հետեւյալ եզրակացություններն են արել՝
- Հիդրօքսիքլորոքինն էական ազդեցություն չունի մահացության եւ հոսպիտալացման վրա (ապացույցների բարձր մակարդակ);
- Հիդրօքսիքլորոքինն էական ազդեցություն չունի լաբորատոր հաստատված կորոնավիրուսի վրա (ապացույցների միջին մակարդակ);
- Հիդրօքսիքլորոքինի ընդունումը, ամենայն հավանականությամբ, կապված է հետազոտությունների մասնակիցների մոտ կողմնակի էֆեկտների զարգացման հետ:
ԱՀԿ մասնագետները կարծում են, որ մարդիկ չպետք է կորոնավիրուսի կանխարգելման համար հիդրօքսիքլորոքին օգտագործեն՝ անկախ նրանից, թե շփում ունեցել են վարակվածի հետ, թե՝ ոչ: Կազմակերպությունում վստահ են, որ գիտնականներն այլեւս չպետք է ուսումնասիրեն այդ դեղամիջոցի արդյունավետությունը կորոնավիրուսի կանխարգելման գործում: