Գլխավոր էջ Օրվա թեման «Քաղաքական զոմբիների» ազդեցությունը հասարակության պառակտման վրա

«Քաղաքական զոմբիների» ազդեցությունը հասարակության պառակտման վրա

953
0

Մեր հասարակություն վերջին շրջանում ներմուծվեցին այնպիսի բառեր, որոնք բնութագրում են այս կամ այն մարդուն կամ քաղաքական ուժին։ Օրինակ՝ «Զոմբի», այս բառն արդեն դարձել է տերմին, գաղափարն արդեն «ապրում է մեր հետ», հետաքրքիր է իմանալ, թե  արդյո՞ք այն կարելի է հոգեվիճակ կամ կախվածություն համարել։

Medmedia.am-ի հետ զրույցում հոգեբան Տաթևիկ Նահապետյանը նշեց, որ  արդեն իսկ «զոմբի» արտահայտությունը իր մեջ ամփոփում է կախվածություն ասվածը, լինի դա քաղաքական, թե մեկ այլ ոլորտում: Իսկ կախվածությունը ինքնին լուրջ հոգեբանական խնդիր է՝ հղի բազմաթիվ հոգեկան և հոգեսոմատիկ արտահայտումներով:

«Քաղաքական զոմբի ասելով մենք հասկանում ենք մի կերպար, ով լիարժեք կորցրել է վերահսկողությունը սեփական անձի նկատմամբ, ինչպես սեփական ես-ի, այնպես էլ մարմնի, ու անքակտելի կերպով ձուլված է մեկ այլ անձ հետ, այս դեպքում նաև քաղաքական ուժի, ով ուժեղ ազդեցություն ունի նրա վրա, համոզմունքներով տանում է դեպի դեստրուկտիվ կախվածության: «Զոմբիները» հուզական ռեգրեսիվ վիճակում են լինում, որի արդյունքում էլ փոխվում է մարդու կյանքի մոտեցումները աշխարհում տեղի ունեցող երևույթների հանդեպ և աստիճանաբար կտրվում է իրականության հետ կապը: Բնականաբար իրականություն վերադառնալը բավականին դժվար է: Նման հոգեվիճակում աուտոսուգեստիկայի միջոցով մարդը համոզում է ինքն իրեն, որ հենց այդ քաղաքական ուժն է , որ կտա իրեն այն ամենը, ինչն իրեն անհրաժեշտ է: Եվ հետևաբար դժվարությամբ է կարողանում օգտագործել իր մտավոր և կամային հնարավորությունները: Մենք մանկությունից ենք սկսում փնտրել մեզ համար կերպարներ, որոնց կնմանակենք, կամ կհիանանք: Սկզբից նրանք հեքիաթի հերոսներ են, հետո ծնողները, հարազատ մարդիկ, հետո էլ հայտնի մարդիկ, որոնց հետ մենք նույնիսկ անձամբ ծանոթ չենք: Օրինակ դերասաններ, երգիչներ, գրողներ և նաև քաղաքական գործիչներ»,-ասաց Տաթևիկ Նահապետյանը և հավելեց, որ ցանկացած կուռք ունի իր աուդիտորիան և նրանց անձը ընտրում է՝ ելնելով այս կամ այն որակներից»:

Ըստ հոգեբանի՝ մանկության և դեռահասության տարիքում նույնսիկ անհրաժեշտ է շատ դեպքերում «կուռքի»ստեղծումը: Այն մոտիվացնում է, նպաստում ինքնազարգացմանը: Օգնում է կատարելագործվել և ինքնառեալիզացվել:

«Սակայն հասուն տարիքում մի փոքր այլ է խնդիրը: Եվ երբ որևէ քաղաքական դեմք ոչ թե ուղղակի մոտիվացիայի արդյունք է, այլ վերածվել է ֆանատիզմի ու կույր կերպով հետևում և երկրպագում ենք նրա կերպարը, դա արդեն իսկ վտանգավոր է անձի հոգեկան առողջ դրսևորման վրա: Ֆանատիզմը նման դեպքում կարծես մատնանշում է անձի սեփական անկատարելությունը, այն մաքսիմալ արտահայտումն է թերարժեքության բարդույթի: Մարդը կարծես այդ տարբերակով փորձում է կոմպենսացնել իր խնդիրները և իրեն ձուլում է կուռքի անձի հետ»,-ասաց մեր զրուցակիցը և նշեց, որ քաղաքական կուռքին մենք անսահմանափակ իշխանությամբ ենք օժտում, ով իշխում է նաև սեփական գիտակցության վրա։

Պատերազմից հետո թվում էր՝ մարդիկ համախմբվածությամբ պետք է աչքի ընկնեն, բայց արի ու տես, որ ներքաղաքական պառակտում կա, մարդիկ չարացած են, միմյանց մեջ մեղվորներ են փնտրում, սա հոգեբանական առումով ագրեսիայի դրսևորու՞մ է, թե՞ անհավասարակշիռ վիճակ։

«Գիտեք, շատ հաճախ մենք դժվարանում ենք պատասխան տալ սեփական արարքների համար և հակված ենք լինում՝ արդարացնելով սեփական անձը ամեն գնով մեղքը գցել ուրիշների վրա: Մեղավորը մենք չենք, այլ մեկ ուրիշը, շրջապատը, անհաջողությունը կամ որևէ մեկը: Դա ամենահեշտ ճանապարհն է սեփական անձը պատասխանատվությունից հեռացնելու: Առաջին հերթին ես չեմ ուզում կասկածեմ ինքս ինձ: Քանի որ մեղքի զգացումը փոխում է սեփական ես-ի մասին պատկերացումները: Սխալի ընդունումը փչացնում է իդեալականացված ես-ի կերպարը, իսկ եթե ուրիշներն են մեղավոր՝ ապա ինքնագնհատականս չի տուժում: Ագրեսիայի ոչ կառուցողական ուղղվածությունը նույնպես անհավասարակշիռ և անադեկվատ վիճակի մասին է խոսում և էլ ավելի խորացնում պառակտումը: Մենք այդ ընթացքում հզոր անգիտակցական մեխանիզմներ ենք օգտագործում: Օրինակ պրոյեկցիա անում և մեղադրում, վատաբանում դիմացինին այն ամենում, ինչում իրականում մենք ենք մեղավոր»,-ասաց հոգեբանը ու նշեց, որ   չկա համախմբվածություն, որովհետև բոլորը չէ, որ միևնույն գաղափարն ունեն և պայքարում են հանուն մեկ ամբողջականության․

«Տարբեր են մարդկանց մետամակարդակները: Բայց վստահ եմ, որ մեր կոլեկտիվ անգիտակցականում տեղակայված ազգի, հայասիրության, հզոր բանակի և դարերով եկած հայի հաղթական ոգու մասին իդեալական մոդելները ճիշտ ժամանակին իրենց արտահայտումները կգտնեն»,-սահմանափակեց հոգեբանը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ