Գլխավոր էջ Գլխավոր Covid 19-ի թեստավորման հերթերի և տանը բուժվելու ֆինանսական բեռի կիզակետում

Covid 19-ի թեստավորման հերթերի և տանը բուժվելու ֆինանսական բեռի կիզակետում

953
0

Կորոնավիրուսի ի հայտ գալուն պես մարդկանց սոցիալական խնդիրները թևակոխեցին մեկ այլ փուլ, առօրյա հոգսերին ավելացավ դեղորայք ձեռք բերելու հարցը։ Ինչպես գիտենք վարակակիրներից շատերն իրենց  բուժումը տան պայմաններում էին կազմակերպում, որովհետև, հիվանդանոցները որքան էլ բարձր մակարդակով սպասարկում էին ազգաբնակչությանը, այդուհանդերձ կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է մահճակալների թվին։ Կորոնավիրուսային ծախսերը միայն դեղերով չեն սահմանափակվում,  կան մարդիկ, որոնք թեստավորման համար օրերով  սպասում են, մինչև տարածքային պոլիկլինիկայից կկանչեն։

Մեզ հետ զրույցում 65-ամյա Էմիլյան նշեց, որ 5 օր բարձր ջերմություն  ուներ(2 ամիս առաջ), սակայն պոլիկլինիկայում իր թեստավորման հերթը չէր հասնում․

«Պոլիկլինիկայում պահանջում էին, որպեսզի բարձր ջերմությունով գնամ իրենց մոտ, իսկ ես ի վիճակի չէի 38․5 տաքությունով տանից դուրս գալու, ջերմիջեցնող էի խմում, որպեսզի հնարավոր լիներ թեթևացնել մարմնի ցավը։ Հասնում էի պոլիկլինիկա՝ չէին թեստավորում, այսպես ասած՝ ջերմելուցս մոտ 1 շաբաթ անց նոր թեստավորել են, հավանաբար արդեն անօգուտ, պատասխանը բացասական եկավ։ Ի դեպ՝ ջերմելու ընթացքում ես համ ու հոտ չէի զգում, շատ վատ էի ինձ զգում, հիմա ես ի՞նչ իմանամ կորոնավիրու՞ս էի, թե՞ ոչ, բայց այդ ընթացքում ես թոքերս նկարեցի՝ իմ հաշվին, դեղեր նշանակեցին, մոտ 20 հազար դրամի դեղ գնեցի, իմ կարծիքով թեստավորման ուշացման հետևանքով մենք ակամայից դառնում ենք վարակի տարածողներ»,-նշեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ վճարովի թեստերի գինը շուրջ 15 հազար դրամ է, թոքերի համակարգչային տոմոգրաֆիան 20-ից 50 հազար դրամ արժե, թոքաբորբի հայտնաբերման դեպքում էլ՝ հարկավոր է գնել բավականին թանկարժեք դեղեր։

Մեզ հետ զրույցում 54-ամյա Հասմիկը նշեց, որ թեստավորվելուց հետո պատասխանը դրական է եկել ու պոլիկլինիկայից իրեն տուն են ուղարկել․

«Քանի որ կորոնավիրուսն ինձ մոտ ուղեկցվում էր ասիպտոմ, բնականաբար ինձ հիվանդանոց չուղեգրեցին, սակայն դեղորայք գնելու առումով ոչ մի աջակցություն չստացա, շուրջ 40 հազար դրամի դեղ գնեցինք, այն պարագայում, երբ ամուսինս ևս սրտանոթային հիվանդությունների դեմ դեղեր է օգտագործում ու դրանց մի մասը գնում ենք մեր հաշվին»,-ասաց մեր զրուցակիցը։

Ի դեպ՝ տանը բուժվելու պատկերը բոլորովին այլ է  սիստեմաներ ստանալու պարագայում։ Կան մարդիկ, որոնց մոտ բավականին ծանր ընթացք է լինում, բայց նրանք բուժումը տանն են ստանում՝ իրենց հաշվին։ Այդպիսով, Covid-ի դեմ պայքարում մեկ անձը կարող է ծախսել ընդհուպ 100 հազար դրամ (ներառյալ սիստեմաները)։

Medmedia.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ քովիդի արտահիվանդանոցային բուժման համար հստակ ուղեցույց կա․

« Եթե մարդը թեթև  թոքաբորբ ունի, դիմում է պոլիկլինիկա ու հակաբակտերիալ դեղերը տրամադրվում են, այսինքն՝ պոլիկլինիկան է այդ դեպքում վարում հիվանդությունը ու իրենք կարող են այդ դեղերը տրամադրել»,-նշեց նա։

Սակայն այստեղ ամբողջ խնդիրը պոլիկլինիկաներում առկա կուտակումներն են, մարդիկ ջերմում են, դիմում տարածքային պոլիկլինիկա, հերթը հասնում է այն ժամանա, երբ մարդն արդեն լավ է իրեն զգում ու նա չի կարողանում «ապացուցել», որ օրեր առաջ բարձր ջերմել է ու մեջքի հատվածում ծակոցներ ունեցել։ Ինչպես հայտնի է՝ մարդիկ ջերմում են, անցնում է մեկ ամիս, պարզվում է՝ թողաբորբ են ունեցել, հիվանդությունը կրկնվում է ու այդ պարագայում արդեն, նրանք հայտնվում են հիվանդանոցում, այս ամենը ուշ արձագանքման հետևանք է։ Եվ ի վերջո ոչ բոլորին է ծանոթ  այդ ուղեցույցը։

Ամեն դեպքում այս պարագայում կարևոր է մարդկանց զգոնությունը, քանի որ բժշկական հաստատություններն այս ընթացքում բավականին ծանրաբեռնված են աշխատում, ուստի ինչ ինչ վրիպումներ անխուսափելիորեն կլինեն։ Իսկ մարդկանց զգոնության շնորհիվ հնարավոր կլինի խուսափել վարակի տարածումից և վատթարացումից։

Սյուզի Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ