Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ անդառնալի փոփոխություններ կարող է առաջացնել ականջի վարակի զարգացումը

Ի՞նչ անդառնալի փոփոխություններ կարող է առաջացնել ականջի վարակի զարգացումը

2240
0

Ականջի վարակները հաճախ հանդիպող առողջական խնդիրներ են։ Ներթափանցելով ականջ, վարակն առաջացնում է ականջացավ և լսողության հետ կապված ժամանակավոր խնդիրներ։

Թե որ նախանշաններն են հուշում հիվանդության մասին, որոնք են առաջացման պատճառները և ինչպես է այն բուժվում,  MedMedia-ի հետ զրուցում խոսեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի օտորինոլարինգոլոգ Նունե Նահապետյանը։

-Ի՞նչ պետք է իմանալ ականջի վարակի մասին․

Առանձնացնում ենք ականջի վարակային բորբոքման մի քանի տեսակ։ Քանի որ ականջը կազմված է արտաքին, միջին և ներքին ականջներից, կենսաբանորեն բորբոքումը կարող է տեղակայված լինել վերը նշվածներում: Ուստի տարբերակում ենք  ականջի վարակային բորբոքման 3 տեսակ՝ արտաքին, միջին և ներքին ականջաբորբի վարակներ:

-Ինչպե՞ս են արտահայտվում ականջի արտաքին  բորբոքումները

Արտաքին բորբոքումները կարող են լինել  սուր և խրոնիկ: Սուր բորբոքումների զարգացմանը նպաստում են հենց մարդիկ, երբ տրավմայի են ենթարկում իրենց արտաքին լսողական անցուղին։ Օրինակ՝  ականջի փայտիկներով ականջը մաքրելով կարող է վնասել մաշկը, որի հետևանքով վարակը կարող է  անցնել մաշկի մեջ և զարգացնել բորբոքում։ Տարբերում ենք արտաքին ականջաբորբի դիֆուզ ականջաբորբեր, երբ ամբողջ մաշկն է բորբոքված և սահմանափակող ականջաբորբ, որի ժամանակ մազարմատի բորբոքում է տեղի ունենում, քանի որ արտաքին լսողական անցուղու սկզբնական հատվածներում մաշկը բավական հաստ է ու հարուստ  մազարմատներով և գեղձերով:

-Ո՞ւմ մոտ է հաճախ զարգանում արտաքին ականջաբորբը, և ո՞վքեր են մտնում ռիսկային  խմբի մեջ   

Շատ հաճախ այն  նկատվում է լողորդների մոտ։ Երբ  որ ջուր է անցնում արտաքին լսողական անցուղի, իրենք փորձում են թափ տալով անցուղուց ջուրը հեռացնել, և այդ միջոցով փոքրիկ քերծվածքներ են առաջացնում մաշկի վրա, որի հիման վրա էլ հետագայում առաջանում և զարգանում է սուր բորբոքում: Լողորդների մոտ խրոնիկ ականջաբորբը  պայմանավորված է սառը ջրում հաճախ լողալու հետ, որի  հետևանքով կարող են խնդիրներ առաջանալ արտաքին լսողական անցուղում։

Արտաքին ականջաբորբ կարող է զարգանալ  նաև շաքարային դիաբետով հիվանդների մոտ: Եվ պետք է անպայման հաշվի առնել, որ եթե դիաբետով հիվանդի մոտ նկատվում է  արտաքին ականջաբորբ, ապա  հակաբիոտիկներ օգտագործելու դեպքում պետք է զգույշ լինել: Անհրաժեշտ է  օգտագործել կոնկրետ հակաբիոտիկներ, որոնք տվյալ հարուցիչի վրա են ազդում:

-Արտաքին ականջաբորբի դեպքում   ինչպե՞ս  է  իրականացվում բուժումը

Բուժումը հիմնականում իրականացվում է  տեղային կաթիլների,հակաբորբոքային քսուկների, գելերի միջոցով: Եվ սովորաբար սրանք լավ ընթացք և լավ ելք ունեն: Իհարկե շատ ուժեղ ցավ են առաջացնում: Սկզբնական շրջանում ականջը մաքրելը խիստ ցավոտ է: Դրա համար խորհուրդ է տրվում մի քանի օր բուժում անցնելուց հետո միայն վերջնական մաքրել արտաքին լողական անցուղին:

-Ինչպե՞ս  են արտահայտվում  միջին  ականջաբորբերը

Վերին շնչուղիների կատարից հետո ամենահաճախ հանդիպով վարակային հիվանդություններն են։ Սուր միջին ականջաբորբերի ժամանակ նկատվում է կարմրություն, արտափքված և այտուցված է լինում թմբկաթաղանթը։ Միջին ականջաբորբերը  հաճախ հանդիպում են երեխաների մոտ և շատ սուր սկիզբ են ունենում․  ուղեկցվում են ուժեղ ականջացավով, գրգռված վիճակով։ Ամենակարևոր խորհուրդը, որ հասարակությանը պետք է տալ, երբեք  դեղատներից չվերցնել ականջի կաթիլներ առանց բժշկի զննման և թույլտվության։ Մասնավորապես այն բոլոր կաթիլները, որոնք սպիրտ են պարունակում իրենց մեջ։ Եթե ունենք թմբկաթաղանթի պատռվածք, այդ կաթիլները այրում են թմբկախորշի լորձաթաղանթը և կարող են անդառնալի փոփոխություններ առաջացնել։ Պետք է հաշվի առնենք նաև որ սրա ժամանակ հիվանդությունը տևում է մոտավորապես 21 օր  և միանգամից չի կարող անցնել։

-Ի՞նչ պետք է իմանալ  ներքին  ականջի  բորբոքումների մասին

Ներքին ականջի բորբոքումները կարող են նկատվել ինչպես վիրուսային ինֆեկցիաների,  այնպես էլ շատ քիչ միկրոբային վարակների ժամանակ։ Նեքին ականջի բորբոքումների  70 տոկոսը կազմում են  վիրուսային բորբոքումները։ Եվ բոլոր այն դեպքերում, երբ նկատվում է միջին ականջի սուր բորբոքում, առաջինը  պետք է ստուգել լսողության սրությունը աուդիոմետրիայի միջոցով, և եթե ախտահարված է ներքին ականջը, բուժումը պետք է իրականացվի մի քանի օրվա ընթացքում։ Եթե առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հիվանդությունը չի բուժվում, ապա հավանականությունը մեծ է, որ այլևս չի բուժվի և լսողությունը չի վերականգնվի։

-Ինչպե՞ս է իրականացվում ներքին ականջաբորբի բուժումը

Ներքին ականջի ախտահարումները շատ մեծ ուշադրության պետք է առժանանան, և բժիշկը միշտ պետք է մտածի ներքին ականջի հնարավոր վտանգի մասին։ Կան հասարակ կամերտոնային փորձեր, որով կարելի է  հայտնաբերել հիվանդությունը։ Նման դեպքերում պետք է նշանակել հորմոնոթերապիա․ այն  հանում է բորբոքումը։ Իսկ եթե հիվանդը ուշ է դիմել, և ներքին ականջում արդեն տեղի են ունեցել անդառնալի փոփոխություններ, ցավոք վերականգնել հնարավոր չէ։ Բուժման փորձեր կարելի է իրականացնել մինչև 6 ամիս, բայց վերականգնամն հավանականությունը շատ քիչ է։ Եթե ամեն դեպքում բուժումը  արդյունք չի տալիս լսողության պրոթեզավորումն է իրականացվում, և  ականջակալներ են առաջարկում հիվանդներին։

Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ