Գլխավոր էջ Նորություններ Ստերի տարափ առողջապահության նախարարության ներկայացուցչի կողմից

Ստերի տարափ առողջապահության նախարարության ներկայացուցչի կողմից

334
0
Հակահամաճարակային ալյանսը գրել է․

«Ստերի տարափ առողջապահության նախարարության ներկայացուցչի կողմից Ազգային ժողովում

Այսօր՝ փետրվարի 11-ին, Ազգային ժողովում առողջապահության նախարարության ներկայացուցիչը շարունակեց Ա․Թորոսյանի կողմից հիմնած արատավոր սովորույթը՝ ստել Ազգային ժողովի ամբիոնից, սակայն այս անգամ ձախողվեց և իր նպատակին չհասավ։ Օրինագծերը ներկայացնող առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող Լ․Նանուշյանի կողմից հնչեցված այսպես կոչված հիմնավորումները որևէ առնչություն չունեին բուն փոփոխությունների հետ, այլ ընդամենը շարադրված բառակույտ էին։ Անակնկալի գալով ԱԺ պատգամավորների կողմից հնչեցված մտահոգություններից և քննադատություններից՝ նա ընտրեց ստերով և կեղծիքով մանևրելու տարբերակը։ Սակայն ինչպես ցույց տվեցին քվեարկության արդյունքները, դա նրան չհաջողվեց։

⬇️⬇️⬇️
❌ՍՈՒՏ N1. Նախարարությունը չի փոխում որևէ բան կապված 14 տարեկանից բարձր երեխաների առանց ծնողի համաձայնության հետազոտություն անցնելու հնարավորության հետ, որն ամրագրված է գործող օրենքում։
✅ՀԵՐՔՈՒՄ N1. Ներկայացված նախագծում հնարավորություն է տրվում 14 տարեկանից բարձր տարիքի երեխաներին ստանալ հետազոտության արդյունքում հայտնի դարձած բժշկական գաղտնիք համարվող տվյալները բժշկական կազմակերպության բժշկի կողմից։ Այսինքն, առաջարկվող նախագծում խոսքը վերաբերում է ոչ թե հետազոտություն անցնելու հնարավորության, այլ պատասխանը ստանալու մասին, որն էականորեն տարբերվում է առաջինից։ Բացահայտ սուտ է Լ․Նանուշյանի կողմից հնչեցված այն թեզը, որ «մենք ոչ մի բան չենք փոխում, հարգելի պատգամավորներ»։
❌ՍՈՒՏ N2. Ներկայացված նախագիծը որևէ կապ չունի ՁԻԱՀ-ի կենտրոնի «միացման կամ չմիացման հետ, որովհետև օրենքում ֆիքսված չէ, թե ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանրապետական կենտրոնը ի՞նչ իրավական կարգավիճակով է»։
✅ՀԵՐՔՈՒՄ N2. ՁԻԱՀ-ի կենտրոնը վերակազմավորումից (փաստացի վերացումից) հետո որևէ կարգավիճակով այսօր այլևս չի գործում։ ՄԻնչդեռ գործող օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ հստակ սահմանված է «ՀՀ բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և մոնիթորինգի նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը»։ Այսինքն, ակնհայտ ձևով կառավարության ապօրինի որոշմամբ խախտվել է օրենքի այս դրույթը։
❌ՍՈՒՏ N3. Կառավարության որոշմամբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ծառայությունները մենք ինտեգրում ենք մեր առողջապահական համակարգի մեջ։
✅ՀԵՐՔՈՒՄ N3. Կառավարության այդ որոշումը որևէ աղերս չունի առողջապահական համակարգում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ծառայությունների ինտեգրման հետ։ Այն ըստ էության միացրել է ինֆեկցիոն և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կենտրոնացված ծառայությունները, որոնք գործող կենտրոնի պարագայում արդեն իսկ ինտեգրված են եղել առողջապահական համակարգի մեջ։ Մյուս կողմից Քովիդ-19-ի համավարակի պայմաններում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը դարձավ կորոնավիրուսով վարակված անձանց ախտորոշման և բուժման կենտրոն, և որևէ առնչություն առ այսօր այլ ինֆեկցիոն հիվանդությունների հետ չունի։ Այդ քայլով հանրապետությունում տապալման եզրին է հասցված նաև ինֆեկցիոն հիվանդությունների կառավարման գործընթացը։
❌ՍՈՒՏ N4. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը այլևս կարևոր չէ մեզ համար, այն այլևս խնդիր չէ, մենք ունենք բուժում, ունենք թեստավորում, հիմնադրված ծառայություններ։
✅ՀԵՐՔՈՒՄ N4․ Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որտեղ ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման տեմպերը ամենաբարձրերից մեկն են աշխարհում։ Ցավալի է, որ առողջապահության նախարարությունը այդպես էլ չի կարողանում տարբերակել հիվանդաբուժությունը կանխարգելումից և իր դերը չի տեսնում հիվանդությունների կանխարգելման ընդհանուր համատեքստում։ Այդ ձեռագիրը հստակ ընդգծվեց նաև Քովիդ-19-ի դեմ պայքարի ժամանակ, երբ տակտիկական բոլոր մոտեցումներով նախարարության կողմից տապալվեց կանխարգելման գործընթացը։ ՄԻԱՎ վարակի բուժումը, ի տարբերություն Քովիդ-19-ի, ցմահ է, թանկարժեք և պետք է անել ամեն ինչ, որպեսզի մարդիկ չվարակվեն։
Հայաստանում ապրում են հազարավոր ախտորոշում ստացած և հարյուրավոր չգրանցված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով մարդիկ։ Սա հսկայական բեռ է պետության համար և հաշվի առնելով միգրացիոն հոսքերը մշտական ջանքեր պետք է գործադրվեն երկրում հիվանդության հետագա տարածման կանխման համար։
❌ՍՈՒՏ N5. Հանձնաժողովի հետ նախագիծը քննարկվել է, ներկայացված առաջարկները ընդունվել են։
✅ՀԵՐՔՈՒՄ N5․ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ն․Զեյնալյանը առաջարկել է հստակեցնել առաջին անգամ ՀՀ որևէ օրենքում ներմուծվող «զուգընկեր» հասկացությունը, սակայն նախարարության կողմից այդ առաջարկը չի ընդունվել։
❌ՍՈՒՏ N6. ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթի պատճառով ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ վախենում են դիմել բժշկի, քանի որ կարող են հայտնվել քրեական հետապնդման մեջ։
✅ՀԵՐՔՈՒՄ N6. Հետազոտման նպատակով բժշկի դիմում են այն անձինք, ովքեր դեռևս չգիտեն իրենց ՄԻԱՎ-կարգավիճակի մասին, հետևաբար նրանց վրա քրեական օրենսգրքի նշված դրույթը չի տարածվում։ Այն հստակ վերաբերվում է այն անձանց, ովքեր արդեն իսկ հետազոտվել, ախտորոշվել են և գիտեն իրենց ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին և վտանգի են ենթարկում այլ անձանց։
📢Հակահամաճարակային ալյանս նախաձեռնություն »

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ