Գլխավոր էջ Գլխավոր Սեքս, դավաճանություն, սեռավարակներ․ ի՞նչ անել

Սեքս, դավաճանություն, սեռավարակներ․ ի՞նչ անել

1827
0

Տղամարդը հերքում է, որ դավաճանել է, բայց կնոջ մոտ սեռավարակ է հայտնաբերվել։ Ի՞նչ անել, ու՞մ դիմել և ի վերջո, ի՞նչ մտածի կինը․․․ Հնարավո՞ր է ունենալ սեռավարակ ,առանց նույնիսկ կասկածելու այդ մասին:

Թեմայի շուրջ Medmedia.am-ը զրուցել է ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ , սեքսոլոգիայի  ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանի հետ։ Մասնագետի գնահատականներով՝ համաձայն ԱՀԿ-ի՝ աշխարհում օրական գրանցվում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ավելի քան 1մլն. նոր դեպք:  Երբեմն, ախտանիշները թույլ են արտահայտված, երբեմն դրանք հնարավոր է շփոթել այլ հիվանդությունների  հետ։

«Սեռավարակներն առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություններ են։ Սեռավարակների հարուցիչներն են` վիրուսները կամ բակտերիաները, որոնք ապրում են մարդու կենսաբանական հեղուկներում` արյան, սերմնահեղուկի, թքի կամ հեշտոցային արտադրության մեջ»,-նշեց մասնագետը ու հավելեց, որ այսօր բժշկությանը հայտնի են 40 տեսակի սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, որոնցից առավել հայտնիները կոչվում են «դասական» (օրինակ՝ գոնորեան, սիֆիլիսը, գարդներելլան, սեռական օրգանների հերպեսը, տրիխոմոնոզը, ուրեապլազմոզը, քլամիդիոզը և այլն):

Մասնագետը մանրամասնում է․ քլամիդիան հաճախ հանդիպող վարակներից է և հաճախ ընթանում է անախտանիշ։  Առաջացնում է միզուկաբորբ, մակամորձու և ամորձու բորբոքում, Ռեյտերի համախտանիշ (ակնաբորբ, միզուկաբորբ, հոդաբորբ): Տղամարդկանց մոտ չբուժված քլամիդիան կարող է հանգեցնել անպտղության: Ախտահարված կանանց ավելի քան 75%-ը կարող են անախտանիշ լինել: Վերել բարձրացող ախտահարումը կարող է հանգեցնել արգանդափողերում սպիական փոփոխությունների, կոնքային բորբոքային հիվանդությունների, արտաարգանդային հղիության, քրոնիկ կոնքային ցավային համախտանիշի, անպտղության:

«Հղիների մոտ խլամիդիան նույնպես ունի վտանգավոր հետեւանքներ: Այսպես. նորածինների մոտ կարող է զարգանալ կոնյուկտիվիտ, աչքի բորբոքում , որի հետեւանքով՝ նույնիսկ` կուրություն, իսկ խլամիդիային թոքաբորբը նորածին երեխայի համար կարող է լինել մահաբեր:Սեռավարակները հիմնականում փոխանցվում են սեռական ճանապարհով՝ անպաշտպան սեռական հարաբերությունների ընթացքում»,-նշեց մասնագետը։

Տղամարդը հերքում է, որ այլ կանանց հետ սեռական կապի մեջ է եղել, ինչպե՞ս է սեռավարակը հայտնվում է թե՛ տղամարդու, թե՛ կնոջ օրգանիզմում։

Մասնագետը հարցը մեկնաբանում է այսպես․

«Վերջնական և սպառիչ պատասխան կարելի է տալ միայն այն դեպքում, երբ ամուսնական զույգը ստուգվի ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ։ Հաճախ նման խնդիրներ առաջանում են, երբ զույգերից մեկը ստուգվում է ճիշտ և լիարժեքորեն, մյուսը՝ թերի և մակերեսորեն։ Այստեղից էլ ծագում են բոլոր տեսակի տարաձայնություններն ու փոխադարձ մեղադրանքները, որոնք կարող են նույնիսկ հանգեցնել ամուսնալուծության։ Վիճակը ավելի է թեժանում, երբ ամուսնական զույգերի բժիշկներից մեկը՝ հոնքերը զերո նկարած, գլուխը բռնած հայտարարում է՝ Դուք վարակված եք։ Պացիենտի համար սա կարող է կործանիչ լինել։ Հետևաբար, նման դեպքերում պետք է շատ զգույշ խոսել»։

Սեռավարակները ի՞նչ հետևանք են թողնում առողջության վրա․

«Սեռավարակներն էապես վատթարացնում են կյանքի որակը։  Սեռավարակաների դեպքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ կարող են առաջանալ միզասեռական համակարգերի բորբոքային հիվանդություններ, որոնք կարող են պատճառ հանդիսանալ միզային և սեռական ուղիներում կպումների առաջացման՝ դառնալով անպտղության պատճառ: Սեռավարակները կարող են բերել սերմնահեղուկի որակական և քանակական փոփոխությունների, ինչն էլ իր հերթին նույնպես կարող է դառնալ անպտղության պատճառ: Սեռավարակների դեպքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ կարող են առաջանալ սեռական ֆունկցիայի տարաբնույթ խանգարումներ՝ պոտենցիայի խանգարում, անօրգազմիա և այլն, որոնք իրենց հերթին կարող են պատճառ դառնալ ինչպես վերարտադրողական, այնպես էլ հոգեբանական խնդիրների առաջացմանը»։

Վրեժ Շահրամանյանը նշեց, որ գոյություն ունեն մի քանի հասարակ կանոններ ու խորհուրդներ, որոնց հետեւելու դեպքում կարելի է հնարավորինս խուսափել սեռավարակներից:

«Առաջին հերթին պետք է ձեռնպահ մնալ պատահական կապերից, որովհետև նույնիսկ ամենալավ մասնագետը չի կարող երաշխավորել, որ այս կամ այն կինը կամ տղամարդն առողջ են: Պահպանակի օգտագործումը պարտադիր է:  Շատերը կասկածելով, որ իրենք վարակվել են ինչ-որ հիվանդությամբ, սկսում են զբաղվել ինքնաբուժությամբ եւ դրանով ավելի են բարդացնում իրենց ու զուգընկերոջ վիճակը: Մինչդեռ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու ու բուժելու ամենաճիշտ ու երաշխավորված տարբերակը 1 տարվա մեջ գոնե 2 անգամ համախատասխան բժշկի մոտ հետազոտվելն է:

Վերջնական հնարավո՞ր է բուժել ու վերացնել այն։

«Այո՛։ Պետք է ժամանակին և ճիշտ հետազոտվել։ Խլամիդիոզի ախտանշանները շատ անորոշ են, ուստի ցանկացած կասկածելի արտադրության դեպքում հարկավոր է շտապ բժշկի դիմել: Հակաբիոտիկներից բացի, բուժման ժամանակ նշանակում են վիտամիններ, իմունոխթանիչներ, հատուկ սննդակարգ, նաև սեռական հարաբերություններից հրաժարում բուժման ընթացքում: Զուգընկերները բուժում պետք է անցնեն միաժամանակ: Բուժման ավարտից հետո պետք է պարտադիր կրկին ստուգվել` վերջնականապես համոզված լինելու բուժման արդյունավետության մեջ»,-հորդորեց մասնագետը։

Զրուցեց՝ ՍՅՈՒԶԻ Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ